Կարծիք

01.10.2011 18:17


7օր, 7 գիշեր ...

7օր, 7 գիշեր ...

Հետաքրքիր ազգ ենք, հետաքրքիր՝ ոչ դրական իմաստով. ես էսօր վերջնականապես համոզվեցի, որ մեր ժողովրդի բավականին մեծ մասի մոտ իսպառ բացակայում է տրամաբանելու և մտածելու ընդունակությունը: Մի՞թե այդքան դժվար է գորշ բջիջներին մի քիչ զոռ տալ և հասկանալ, թե ինչ է կատարվում շուրջդ։

Մեծ ինտելեկտուալ կարողություններ չի պահանջվում հասարակ քաղաքացուց՝ հասկանալու համար, որ իրեն նորից ու նորից, նորից ու նորից, նորից ու նորից («նորից»-ների ստույգ քանակը լրիվ համընկնում է մինչև այս կայացած հանրահավաքների թվի հետ) ֆռռացնում են՝ չնայած եթե մինչև հիմա չեն հասկացել, ապա ինչու՞ պետք է հենց հիմա հասկանային։

Լևոն պապին էլ խելացի մարդ ա, ինձնից շուտ ա նկատել տրամաբանության բացակայությունը, ու առհասարակ ինքնուրույն կամ ընդհանրապես մտածելու անկարողությունը ու հիմա ուզածի պես խաղեր ա տալիս, նույնիսկ էլ ջանքեր էլ չի թափում որակյալ ներկայացում բեմադրելու ուղղությամբ. միմոսությունը արդեն հերիք ա, ու թքած թե, «տեղում կայացրած», «ժողովրդի կամքով թելադրված», այնուհետև Կոնգրեսի վերանախավով հաստատված, շուրջօրյա հանրահավաքների մասին որոշումը ու դրա անցկացման կանոնակարգի մասին մյուս մանրամասները Լևոն պապին ընթերցեց առանց նախօրոք գրված ելույթի տեքստից գլուխը կտրելու: Ո՞վ ա դրա վրա ուշադրություն դարձնողը, կարևորը ժողովուրդը «տեղնուտեղը որոշում ընդունեց», էդ քիչ ա, մի հատ էլ «քվեարկեց» թե ի՞նչ է ուզում ինքը, նստացույ՞ց, թե՞ շուրջօրյա հանրահավաք և խառնիխուռն ու վայրենի բացականչությունների միջոցով շահեց նստացույց՝ նախընտրեց շուրջօրյա հանրահավաքը:

Կարճ ասած իրա թուլափայը ստացավ ու 7 օր 7 գիշեր հեղափոխություն կտոնեն, առաջի շարքերի հավատարիմ մարտիկ-կանայք զբաղմունքի պակաս չեն ունենա, ջահելությունն էլ լոքշից մի քանի ժամով կիջնի օպերա, արևածաղիկ կչրթի, աչքի տակով վրանների մեջ կնայի. հետաքրքիր վիճակա էլի:

Ամեն ինչը մի կողմ, շուրջօրյա նստացույցի վրա ժամկետ դնելը ամենահետաքրքիրն էր, որովհետև եթե շուրջօրյա հանրահավաք ես անում ինչ որ պահանջների դիմաց, ապա ի՞նչ է նշանակում ժամկետների մեջ խցկելը. եթե գնացել ես այդ քայլին՝ տե՛ր եղիր ընտրածդ մարտավարությանը։ էդ նույն է, որ որոշես ամուսնանալ, բայց մեկ տարով, հետո եթե ամեն ինչ լավ ընթանա՝ կշարունակես ամուսնացած մնալ: Ամուսնանաում են հավերժ իրար հետ մնալու համար, եթե մի բան չի ստացվում՝ նոր միայն բաժանվում են: Շուրջօրյա հանրահավաքներ սկսում են նպատակին հասնելու համար, եթե չի ստացվում՝ նոր միայն դադարեցնում են:

Հովհաննես Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը