Մեկնաբանություն

06.11.2011 20:16


Նվիրվում է դավադրությունների ու «դաբրոների» սիրահարներին

Նվիրվում է դավադրությունների ու «դաբրոների» սիրահարներին

Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան վերջին օրերին լծված է Բաղրամյան 26–ի տնօրենից ու Գյուլի կնոջ պատրաստած քյաբաբները համտեսած նախագահից սուպերմեն կերտելու անհեռանկար գործին։ Ըստ այդմ՝ գիշերային կադրային փոխատեղումները փորձ է արվում ներկայացնել որպես Ռոբերտ Քոչարյանի դեմ տարած անվերապահ հաղթանակ և ուժի դրսևորում։ Կարելի է պատկերացնել միայն, թե Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ ինչպիսի մաղձով է լցված եղել Քոչարյանի հանդեպ, որ հիմա այսպիսի ինքնահաստատման քարոզ է տանում։ Հոգեբանները տվյալ դեպքում ասում են, թե մարդը վախից է գոռում։ Հետևաբար՝ Սարգսյանի այժմյան վարքագիծը հատուկ է թույլ մարդկանց և զավեշտալի են նրան այլ իմիջով ներկայացնելու փորձերը։

Տեղին է հիշեցնելը, որ Քոչարյանը Սարգսյանին տիրություն է արել ղարաբաղյան պատերազմի տարիներից սկսած, երբ մի կերպ է փրկել նրան Սամվել Բաբայանի ձեռքերից (ըստ շրջանառվող տեղեկությունների՝ 1993–ի ամռանը, այսինքն՝ մեր բանակի հարձակողական մարտերի ժամանակ, բանակի պահեստի կառավարմամբ զբաղվող Սերժ Սարգսյանի մոտ պակասորդ է հայտնաբերվել, ինչն էլ բերել էր այն բանին, որ նա ստիպված էր գնալ, իսկ ավելի ճիշտ՝ փախնել Մոսկվա և Երևան վերադառնալ միայն  Բաբայանից «աբիժնիկացածներին» իր շուրջը հավաքել սիրող  Վազգեն Սարգսյանի միջնորդությամբ)։ Ինչևէ։

Նախագահական նստավայրում այս մեկ շաբաթ է քոչարյանական դավադրության բացահայտման թեմաներով հեքիաթներ են հորինել և իրենք իրենց «մուտիլովկեքին» հավատալով՝ տոնում են Սարգսյանի «հաղթանակները»։ Դրանով իսկ Սարգսյանն ու իր երիտշրջապատն ակամայից բացահայտում են իրենց ներքին վախերն ու վաղ տարիքից ունեցած կոմպլեքսները։ Զգացվում է, որ «Նարիմանով» մականունով հայտնի մարդը ժամանակին սովորել է կոմսոմոլական ագիտպրոպի էժանագին հնարքները և դեմագոգիայով զբաղվելու այբուբենը, բայց, նկատենք, որ դրանք արդեն հնամաշ մեթոդներ են, քանի որ մենք անկախ Հայաստանում ենք ապրում։

Ուշագրավ է, որ «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցների բոլոր «վերլուծություններում» և գնահատականներում կարմիր թելով անցնում է «Սերժ Սարգսյանը ԱՄՆ ու Լեհաստան այցելելուց, Սարկոզիին Հայաստանում ընդունելուց և Պուտինին մոտիկից տեսնելուց հետո անցավ ներիշխանական վերադասավորումներին» թեզը։ Ամեն կերպ ուզում են հասկացնել, թե Սերժ Սարգսյանը «դրսի դաբրո» ունի։

Եթե հիմք ընդունենք «հուշագրերի տիրակալի» սազանդարների գրածները, ապա դուրս է գալիս, որ Հայաստանի ղեկավարը աշխարհի մեծերի հետ էր հանդիպում, որպեսզի նրանցից «դաբրո» ստանա և վերջապես կարողանա իր աշխատակազմի ղեկավարի տեղակալին ու համատեղությամբ նաև փեսային աշխատանքից հեռացնել՝ կանխելով պալատական հեղաշրջումը կամ, ինչպես իրենք են ասում,  քոչարյանական դավադրությունը։ Ավելի մեծ ապուշություն, թերևս, դժվար էր մտածելն ու շրջանառության մեջ դնելը, բայց արի ու տես, որ սրանց երևակայությանը  չափ ու սահման չկա. երևի DVD–ով մի քանի «կռիվ կինո» են նայել ու անցել գործի։

Փաստորեն Սերժ Սարգսյանը, ՀՀ–ն փալաս սարքելու գնով, ձգտում է «պապաներ» փնտրող ինչ–ինչ շրջանակների ցույց տալ, թե ինքն արդեն գտել է այդ «պապային» կամ «պապաներին», և խաղն ավարտված պետք է համարել։

ՀՀ քաղաքացիներին ներշնչում են, թե ամեն ինչ դրսում է որոշվում, իսկ «դուրսն» էլ որոշել է Սերժին կրկին նախագահ կարգել։ Այլ խոսքերով՝ իշխանական քարոզչամեքենան Հայաստանի ղեկավարի պաշտոնը ներկայացնում է,  պատկերավոր ասած, որպես այլ երկրների առաջնորդների կոշիկ սրբող ու հավաստիացնում, որ այդ կոշիկ սրբողը կրկին Սերժ Սարգսյանն է լինելու։ Անկախ այն հանգամանքից, թե ով է այսօր իշխանության գլուխ՝ նման հակապետական քարոզն, այն էլ նախագահական նստավայրի թելադրանքով, ցույց է տալիս, թե ինչպիսի սուբյեկտներով են լցված իշխանական կաբինետները։ Մարդիկ, ամենայն հավանականությամբ, չեն հասկանում, որ Սերժն այսօր կա, վաղը չկա, բայց մի քանի օր իշխանությունը երկարաձգելու համար չի՛ կարելի Հայաստանն այսպես վարկաբեկել և քար գցել մեր ապագայի վրա։

Ամփոփելով նշենք, որ Սերժ Սարգսյանը բլեֆ է մտնում ու փորձում հոգեբանական տեխնոլոգիաների օգնությամբ փրկվել կոտրած տաշտակի առաջ հայտնվելու հեռանկարից։ Սակայն պարզ է, որ հոգեբանական գրոհն ու տեղեկատվական աղբակույտի վերածված PR–արտադրանքը կարող են արդյունավետ լինեն ընդամենը կարճ ժամանակահատվածում։ Դրանից հետո բոլորը կֆիքսեն, որ տեղի ունեցածը մեկ բաժակ ջրում կազմակերպած փոթորիկ էր և մի լավ կծիծաղեն։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Այլ պետությունների ղեկավարների հետ նկարվելուց հետո «դաբրոների» մտացածին պատմություններ շրջանառության մեջ դնողների սիրահարներին հիշեցնենք, որ, օրինակ, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի հետ ջերմ ձեռքսեղմումներ էին ունեցել Բեն Ալին,  Մուբարաքը, Քադաֆին և ինչպես հոդվածին կից նկարից է երևում՝ Սերժ Սարգսյանը։

Ասելս այն է, որ կարևորը մարդու վերջը բարի լինի, թե չէ Սարկոզիին ով ասես ձեռքով բարևել է, ով ասես Սարկոզիի հետ նկարվել է։

Այս խորագրի վերջին նյութերը