Տնտեսական

28.10.2011 14:34


Գալուստ Սահակյանը եկեղեցուն գույքահարկից ազատելու մասին

Գալուստ Սահակյանը եկեղեցուն գույքահարկից ազատելու մասին

ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով եկեղեցուն հողի հարկից ազատելու մասին օրինագծին, որի ցուցակում ընդգրկված էին առանձնատներ, սրճարաններ, արհեստական լճեր, մառաններ և այլն, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, որ Հայ առաքելական եկեղեցին մեր  նորանկախ պետականության շրջանում երբեք էլ գույքահարկ չի վճարել։

–Հիմա սա բերել ենք օրենքի դաշտ։ Իհա՛րկե, մենք այստեղ խնդիր ունենք. այստեղ գրված չափաբաժինների մեծ մասը հոգևոր արժեքների տրամադրություն չի ստեղծում։ Առավել ևս՝ եթե նման օրենք ենք ընդունում, պետք է հաշվի առնենք, որ այդ գույքահարակը համայնքների ֆինանսավորման աղբյուր է հանդիսանում, իսկ մեր օրենքներով՝ եթե համայնքից մի բան վերցնում ես, դրա փոխարեն պետբյուջեն պետք է փոխհատուցում տա։ Վեճը սա է,–ասել է նա։

Ըստ Գալուստ Սահակյանի՝ իրենք փորձելու են մինչև օրենքի երկրորդ ընթերցումը վեր հանել խնդիրները։

Մի բան է գաղափարը, որ եկեղեցուն կարող է օժանդակել, մի այլ  բան է այն գաղափարը, որ  պարտադիր կերպով եկեղեցու սաունայի հարկերը պետք է զիջենք։ Տրամաբանորեն պետք է  հոգևոր գաղափարախոսությանն արժանի մասեր չհարկվեն եկեղեցուց,–ասել է նա։

ՀՅԴ խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանն էլ  ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով այս օրինագծին՝ նշել է, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկել օրինագծին՝ մտածելով, որ հետագայում կառույցների ցանկը կհստակեցվի։

Դիտարկմանը, որ քվեարկության ժամանակ ՀՅԴ խմբակցության մեծամասնությունը դեմ կամ ձեռնպահ է քվեարկել, նա պատասխանել է.

–Ես կճշտեմ։ Եթե եղել են առանձին կարծիքներ, այլ բան է, բայց ընդհանուր դիրքորոշումը դա է եղել։ Ես խոսել եմ խմբակցության քարտուղարի հետ, և նա ասել է մեր վերջնական դիրքորոշումը, որ եթե ցանկը ճշտվի, հստակեցվի, որ շահութաբեր օբյեկտներ չեն լինելու, դիրքորոշումը կլինի դրական՝ հատկապես նկատ ունենալով Արծվիկ Մինասյանի առաջարկությունները։ Այստեղ խոսքը վերջնական դիրքորոշման մասին է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը