Մեկնաբանություն

02.11.2011 09:30


Գիշերային որոշումների «հմայքը»

Գիշերային որոշումների «հմայքը»

Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» կադրային քաղաքականության բովանդակային մասին դեռ կհասցնենք անդրադառնալ։ Այս պահին արժե դիտարկել որոշումների կայացման ձևը, գնահատել քաղաքական միտումները և որոշակի եզրակացություններ անել։

Ինչպես տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության փուլում, այնպես էլ այժմ Ս. Սարգսյանը որոշումներն ընդունում է միանձնյա և գիշերով։ ՀՀԿ խորհրդի գիշերային նիստերը, փոխարինել են պետական ինստիտուտներին։ Հրապարակային քաղաքականությունն իր տեղը զիջել է գողական «ռազբորկա» հիշեցնող միջոցառումներին։ Մարդիկ պաշտոնից հանվում ու նշանակվում են մթության քողի տակ, հասարակությունից գաղտնի, փակ ռեժիմով։

Ցավալի է, բայց փաստ. երկրի նախագահի պաշտոնը վարող մարդը կառավարում է ընդհատակյա գործչին հարիր վարքագծով՝ ենթագիտակցորեն զգալով, որ թաքուն գործելու կարիք կա։ Մթի ու խավարի մեջ, փաստորեն, Սարգսյանն իրեն ամենահարմարավետ վիճակում է զգում։ Նա գորշ կերպար է և ինչ ոչ առումով բնական է, որ պետք է սիրեր խավարն ու մութը։

Ս. Սարգսյանի գիշերային քաղաքականության արդյունքում այժմ պարալիզացիայի է ենթարկվել ամբողջ պետական ապարատը։ Ուժային կառույցները կարելի է ասել, որ գրեթե չեն գործում և Աստված մի արասցե, եթե հանկարծ թշնամին ոգևորվի մեզանում տիրող այս «բարդակից»...

Ուշագրավ է, որ «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցներն այս ամենը փորձում են մատուցել որպես Բաղրամյան 26–ի բարեշրջում անելու և ժամանակակից միտումներին համահունչ քայլելու ցանկություն, բայց ակնհայտ է, որ հասարակության ու պետության շահն այս ամենի մեջ բացարձակապես գոյություն չունի։ Սարգսյանն իր քայլերով ընդամենը փորձում է բյուրեղացնել սեփական թիմը, համակարգը լցնել ինքնուրույնությունից զուրկ մարդկանցով, կամակատար «բեսպրեդելշիկներով» և պատրաստվել աննախադեպ ընտրակեղծիքների՝ ապահովելու համար երկրորդ ժամկետի նախագահ գնալը։ Կհաջողվի՞ դա Սարգսյանին ու իր երիտշրջապատին, թե՞ ոչ՝ կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կամքից։

Ս. Սարգսյանն ու կոտրած տաշտակի մեծ գիտակ Տիգրան Սարգսյանը հստակորեն ցույց են տալիս, որ չնայած ներքին ու արտաքին քաղաքականության մեջ իրենց  խայտառակ ձախողումներին՝ շարունակելու են շարժվել «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» թուրքմենբաշիական ոճի կարգախոսով։ Ասել է թե՝ Ս. Սարգսյանն ուզում է կառավարել Սափարմուրատի կամ Քադաֆիի պես, բայց ես, օրինակ, որպես հայ քրիստոնեա չէի ուզենա, որ նա իր քաղաքական կարիերան ավարտեր ինչպես Քադաֆին։ Այսինքն՝ մեր շահերն այդ կարևոր հարցում չեն համընկնում։ Հետևաբար՝  պետք է ամեն ինչ անել, որպեսզի փրկել Սերժ Սարգսյանին Լիբիայի առաջնորդի ճակատագրից։

Կարեն Հակոբջանյան

Հ. Գ.։ Սերժ Սարգսյանը բլեֆ է մտել և ուզում է ցույց տալ, թե դրսի աջակցությամբ է, ասենք, Իվան Ահեղը դարձել, այնինչ նման բան չկա և կադրային տեղաշարժերը իշխանական բուրգի «չիխարդայի» վկայություն են։

Սարգսյանը հիմա ոչ թե Իվան Ահեղին, այլ Լյուդովիկոս 16րդին է հիշեցնում, ով իր կառավարման վերջին շրջանում կադրային փոփոխություններ էր անում՝ թագավորական կարգավիճակին մնալու համար, բայց չկարողացավ լուծել այդ հարցը։

Հ.Գ.–2։ Մեր խորհուրդը համապատասխան մարդկանց՝ զբաղվե՛ք քաղաքականությամբ, այլապես քաղաքականությունը կզբաղվի ձեզանով։

թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ կարող եք գրել այստեղ՝ http://blog.7or.am/archives/7639#comments

Այս խորագրի վերջին նյութերը