Մեկնաբանություն

10.11.2011 16:24


«Դաբրոների» կոլեկցիոները կամ ի՞նչ կարծիքի է Վիետնամը Սերժի փեսայի հրաժարականի մասին

«Դաբրոների» կոլեկցիոները կամ ի՞նչ կարծիքի է Վիետնամը Սերժի փեսայի հրաժարականի մասին

Սերժ Սարգսյանի քարոզիչների մոտ հիմա մի տեսակ էնտուզիազմի պակաս է զգացվում։ Ես կասեի՝ նույնիսկ ստեղծագործական անկում ու երևակայության ժամանակավոր կորուստ։

Դժվար է ասել, թե դա ինչով է պայմանավորված, բայց որ Սարգսյանի ունեցած «դաբրոյական» թեմաներով նախագահականից կառավարվող կայքերն ու թերթերը սկսել են ավելի քիչ գրել, փաստ է։

Ինչպես հայտնի է, «նախաձեռնող» նախագահի գիշերային կադրային որոշումները մեկնաբանելիս և բազմաչարչար հայ ընթերցողին մատուցելիս «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցները պարտադիր կերպով նշում էին, թե Սարգսյանի ինքնավստահության բարձրացմանը նպաստող քայլերն արվեցին Հայաստանի ղեկավարի ԱՄՆ, Լեհաստան, Մոսկվա այցելելուց և Սարկոզիին ու Պուտինին մոտիկից տեսնելուց հետո։

Ըստ այդմ՝ ՀՀԿ «ճկուն» ղեկավարի ամեն մի այցելություն, ամեն մի հեռախոսազանգ, ամեն մի արարողակարգային հանդիպում փեսայական քարոզչամեքենան մատուցում էր որպես նրա՝ միջազգային մակարդակի հզոր «ձյաձյաներից» կամ «ծյոծյաներից» «դաբրո» ձեռք բերելու հերթական քայլ։ Իսկ ահա այս վերջին օրերին հազար ու մի պաշտոնյա եկավ Հայաստան, բայց «սերժատուները» լռում են ու չեն շեփորահարում «դաբրոների» քանակի ավելացման մասին։ Չեմ հասկանում, թե ու՞ր է նայում Բաղրամյան 26–ը և այս ի՞նչ բարձիթողի վիճակ է։ Մի տեսակ արդեն անհարմար բան է ստացվում։

Դատե՛ք ինքներդ. Իրանի արտգործնախարարը եկավ ու գնաց, Նորվեգիայի արտգործնախարարը եկավ ու էլի գնաց, Հայաստանում Վիետնամի դեսպանն իր հավատարմագիրը հանձնեց Սերժ Սարգսյանին, աֆրիկյան մի քանի երկրի «ԺԷԿ–ի պետ» էլ հաստատ եկած կլինի այս ընթացքում, բայց արի ու տես, որ վարձու գրչակները հոդվածներ «շտամպովկա» չեն անում, ասենք,  հետևյալ վերնագրերով՝ «Սերժը ստացավ նաև Վիետնամի «դաբրոն» և շուտով աշխատանքից կհեռացնի նախագահական նստավայրում աշխատող առաջին կարգի մասնագետին» կամ «Սարգսյանի ինքնավստահությունն իշխանության ներսում բարձրացրեց Նորվեգիայի արտգործնախարարից ստացած «դաբրոն», և հետևաբար նախագահականի բուֆետչիկի երգն արդեն երգված է»։

Սխալ էր նաև առիթը բաց թողնելն ու չգրելը, թե «Սերժը ստացավ Իրանի «դաբրոն», և նախագահական ավտոպարկի «մոյչիկի» դավադիր ծրագրերն այլևս խափանված են. Մարգար Օհանյանը կարող է կալանավայրում ուտել իր բենզինով թաթախված անձնագիրը»։

Այսպես որ շարունակվի, ապա մի օր կարող է պարզվել, որ Սերժ Սարգսյանի ունեցած «դաբրոների» կոլեկցիան համառորեն չի համալրվում, ինչն էլ կարող է հանգեցնել ներիշխանական լարումների և նախագահի դիրքերի թուլացման։ Բա «տհենց» ո՞նց կլինի...

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը օրերս իր հավատարմագրերը հանձնեց Սերժ Սարգսյանին։ Հետաքրքիր է՝ նա հավատարմագրերի համար նախատեսված «պապկայի» մեջ «դաբրո–մաբրո» դրե՞լ էր, թե՞ ձեռնունայն էր եկել նախագահական նստավայր։

Եթե նույնիսկ «դաբրո» չէր էլ բերել այդ քծիբ դիվանագետը, ապա ոչինչ։ Խորհուրդս նախագահական նստավայրի «փիառչիկներին»՝ աշխարհաքաղաքական թեմաներով մի հատ հեքիաթ հորինեք ու տարածեք, թե Սերժ Սարգսյանին «դաբրո» տվեց նաև Ճապոնիան՝ իր օժանդակությունը հայտնելով հենց օրորոցում խեղդված՝ Մարգար Օհանյանի կազմակերպած դավադրությանը։ Ճիշտ է, դա ոչինչ չի տա Սարգսյանի վարկանիշը պետական ապարատի ներսում թեկուզ մեկ միլիմետրով բարձրացնելու առումով (հասարակական վարկանիշի մասին չեմ էլ խոսում), բայց «զատո» ինքներդ ձեզ կհամոզեք, որ «թույն» PR եք արել։ Թերթերն ու կայքերն էլ «զակազ» կստանան ու պարապությունից անկապ թեմաներով հոդվածներ չեն գրի։

Այս խորագրի վերջին նյութերը