Մեկնաբանություն

12.12.2011 00:09


Մեկ օլիգարխի հեռուստատեսություն

Մեկ օլիգարխի հեռուստատեսություն

Այն որ հայկական հեռուստաեթերն ամբողջությամբ վերահսկվում է նախագահական նստավայրից՝ նոր երևույթ չէ։ Նոր է, սակայն, այն, որ եթերը հիմա ոչ միայն վերահսկվում է, այլ նաև փորձ է արվում սեփականաշնորհել բառիս բուն իմաստով։ Ասել է թե՝ իշխանությունները «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման շրջանակներում ստեղծում են նաև «մեկ օլիգարխի հեռուստատեսություն»։

Եթե նախկինում հեռուստատեսային ոլորտում կային բիզնես առումով ինքնուրույն գործող մասնավոր տնտեսվարողներ, որոնք քաղաքականապես ենթարկվում էին Բաղրամյան 26–ին, ապա այժմ նկատվում են սեփականատերերի փոփոխության միտումներ, որոնց արդյունքում, ըստ մամուլի հրապարակումների, նախագահական նստավայրի երիտթիմի ղեկավարի՝ Միքայել Մինասյանի ուղղակի կամ անուղղակի (դրածոների միջոցով) տնօրինման տակ են անցնում հեռուստաալիքները։

Այս պահին Բաղրամյան 26–ում խնդիր է դրված սեփականատիրոջ փոփոխություն իրականացնել ևս մեկ հեռուստաընկերությունում։ Այսինքն իշխանությունը չի բավարարվում այն բանով, որ TV–ները քաղաքականապես հլու–հնազանդ են։ Իրենց պետք է նաև «թղթով» ենթարկվածություն ու դրա համար էլ տեղի է ունենում դաշտի կենտրոնացման գործընթաց։

Եթե այս ամենը դիտարկում ենք վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ օլիգոպոլիաների դեմ պայքարելու հայտարարությունների ֆոնին, ապա ակնհայտ է դառնում իշխանական կլանի կողմից կիրառվող դեմագոգիան, բլեֆը և երկակի ստանդարտները։

Վարչապետը մի կողմից խոսում է մենաշնորհները վերացնելու անհրաժեշտության մասին, բայց մյուս կողմից՝ «չի նկատում», որ էլեկտրոնային մեդիա–դաշտում մենաշնորհայնացման գործընթաց է սկսվել։ Իշխանության համար, ըստ այդմ, կան ճիշտ և սխալ մենաշնորհներ ու օլիգոպոլիաներ։ Որ ոլորտը (կամ ինչպես կասեր Տիգրան Սարգսյանը՝ «ոլոլորտը») իրենց տակ է անցնում, այնտեղ աչք է փակվում, իսկ որ ոլորտը դեռ իրենք չեն սեփականաշնորհել՝ հայտարարվում է անընդունելի և անհանդուրժելի։

Հարկ է նկատել, որ հեռուստադաշտի սեփականաշնորհումն ունի ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական բաղադրիչ։ Վերահսկվող հեռուստադաշտը նշանակում է նաև հեռուստագովազդի շուկայի մենաշնորհային կառավարում ու մենաշնորհային բարձր գներ՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Ի դեպ, ուշագրավ է, որ ամալյանական հանձնաժողովը, որը պետք է զերծ պահեր եթերն այնքան չարչրկված կրիմինալի ու գռեհիկության քարոզից՝ դրանով չզբաղվեց, իսկ ավելի ճիշտ զբաղվեց ընտրովի և մահակը կիրառեց դեռևս տնտեսական առումով ոչ յուրային TV-ների վրա։ Իշխանական սեփականության տակ անցած հեռուստաալիքներով այժմ ցուցադրվում է կրիմինալ, ավտովթարներ և այլ բաներ, որոնք արգելվել էին այլ ալիքներին։ Նույնն է վիճակը նաև գովազդի վերահսկման առումով։ Գրպանային ԱԺ–ն իրենց համար օրենք է ընդունում, իսկ իրենց հանձնաժողովն էլ անում է այն, ինչ պետք է։

Նկատենք, որ եթե ոմանց հաջողվի հեռուստադաշոտւմ «որակական հեղափոխություն» ապահովել, այն է՝ խժռել բոլորին ու դառնալ միակ հեռուստամագնատը, ապա դա անխուսափելիորեն կբերի գովազդի գնի շեշտակի բարձրացման (տղաները հաստատ կուզենան արագ ետ բերել «մեկ օլիգարխի հեռուստատեսության» կառուցման վրա ծախսած գումարները և բավարարել անսպառ ախորժակը), ինչն էլ կհարվածի տեղական արտադրողներին՝ ներքին գովազդատուներին, որոնք չդիմանալով ներմուծված ապրանքների համար նախատեսված դրսի հսկայական բյուջեներով նախատեսված գովազդային արշավների հետ մրցակցությանը՝ դուրս կմղվեն շուկայից։

Ակնհայտ է, որ որևէ ոլորտում, այդ թվում և հեռուստաոլորտում չի կարելի թույլ տալ արհեստական մենաշնորհներ։ Ակնհայտ է նաև, որ նման բան թույլ չտալու համար պետք է քաղաքական լուծում գտնել։ Առաջիկա համապետական ընտրությունները հարմար առիթ են բոլորին իրենց տեղը դնելու և մրցակցային ու ազատ գործող տնտեսաքաղաքական համակարգ կառուցելու համար։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը