Աշխարհ

12.11.2011 10:43


Թբիլիսին այլևս չի խոչընդոտում Ռուսաստանի անդամակցությանը ԱՀԿ-ին

Թբիլիսին այլևս չի խոչընդոտում Ռուսաստանի անդամակցությանը ԱՀԿ-ին

Չնայած դեռեւս պարզ չէ, թե ինչպես է Վրաստանը համաձայնվել «կանաչ լույս» վառել Ռուսաստանի անդամակցությանը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), նախագահ Միխեիլ Սահակաշվիլին արդեն իսկ մեկնաբանում է այն որպես դիվանագիտական հաջողություն:

Ռուսաստանը դեռեւս 90-ականների կեսերից էր ձգտում անդամակցել ԱՀԿ-ին, սակայն պետք է, նախ եւ առաջ, կարողանար համաձայնության գալ կազմակերպության բոլոր 153 անդամների հետ, իսկ Վրաստանը`որպես ԱՀԿ անդամ, իրավունք ուներ արգելել կամ թույլ տալ ՌԴ մուտքն այդ կազմակերպություն:

2008 թվականին տեղի ունեցած ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո Վրաստանը դադարեցրեց բանակցությունները Ռուսաստանի`ԱՀԿ անդամակցության վերաբերյալ եւ հրաժարվեց աջակցել վերջինիս այդ հարցում:

Բանակցությունների ընթացքում կողմերի միջեւ հակասությունների հիմնական պատճառը կապված էր Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ, որոնք 90-ականների սկզբին տեղի ունեցած անջատողական պատերազմների արդյունքում դուրս էին եկել Թբիլիսիի վերահսկողությունից, իսկ 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Մոսկվան պաշտոնապես ճանաչել էր երկու տարածքների անկախությունը:

ԱՀԿ-ին անդամակցելու համար Վրաստանը Ռուսաստանին հետեւյալ նախապայմանը ներկայացրեց`վրաց զորքերի ստորաբաժանումները պետք է տեղակայվեն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ Ռուսաստանի սահմանների երկայնքով`իր պետական սահմանների շրջանակներում ներառված այդ տարածքների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Արեւմտյան պետությունները կողմ էին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ Վրաստանի պահանջներին, բայց նաեւ ցանկանում էին, որ Ռուսաստանը միանա ԱՀԿ-ին, այդ պատճառով մեծ ճնշում գործադրեցին նախագահ Սահակաշվիլու վրա` բանակցությունները վերսկսելու համար:

Շվեյցարիայի միջնորդությամբ այս տարվա մարտին բանակցությունները վերսկսվեցին, որոնց արդյունքում կողմերը փոխզիջման հասան`պայմանավորվելով, որ շվեյցարական կողմի ընտրությամբ մի մասնավոր ընկերություն պետք է վերահսկի Ռուսաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անցակետերում կատարվող առեւտուրը:

Սահակաշվիլին սա որպես հաղթանակ ընդունեց, նշելով. «1992-1993թթ. ի վեր, առաջին անգամ մեզ հաջողվեց ապահովել տեղեկատվության մշտական հոսք ինքնիշխան վրացական տարածք մուտք գործող բոլոր ապրանքների վերաբերյալ …Ինձ համար սա դիվանագիտական հաղթանակ է: Բնականաբար, մեր մեծագույն հաղթանակը կլինի այն, որ այս սահմանները հսկեն ոչ թե միջազգային դիտորդները, այլ`Վրաստանի մաքսատան աշխատակիցները եւ սահմանապահները: Մենք կհասնենք դրան»:

Նոյեմբերի 2-ին հայտարարելով գործարքի [կայացման] մասին`բանակցություններին Մոսկվան ներկայացնող Մաքսիմ Մեդվեդկովը նշեց, որ ծրագիրը համապատասխանում է ԱՀԿ-ի կանոններին, կիրառելի է ստեղծված պայմաններում եւ, այնուամենայնիվ, ի սկզբանե ռուսական կողմի մտահղացումն է եղել:

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները տարիներ շարունակ բարդ են եղել: 2006-ին Մոսկվան արգելեց Վրաստանից գինու եւ հանքային ջրերի ներմուծումը` ծանր վնաս հասցնելով երկրի տնտեսությանը:

Վրաստանի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ թերահավատությամբ են ընդունում Սահակաշվիլու`հաջողության հասնելու վերաբերյալ հայտարարությունները`նշելով, որ նա առաջին հերթին պետք է կարողանար ռուսական շուկա ազատ մուտք գործելու երաշխիքներ ձեռք բերել:

«Վրաստանի կառավարությունը համաձայնել է, որ Ռուսաստանը միանա ԱՀԿ-ին, առանց որեւէ պայման առաջադրելու», - ասում է «Ազատ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան:

Ազգայնականության եւ հակամարտությունների ուսումնասիրման ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին էլ է նույն տեսակետն արտահայտել`նշելով, որ իշխանությունները գոյություն ունեցող երկու հիմնական նպատակներից ոչ մեկը չեն իրագործել. վրացական ապրանքները ռուսաստանյան շուկա արտահանելու գործընթացը չի պարզեցվել, իսկ վրաց-ռուսական սահմանին եղած անցակետերի վերահսկողությունը ապահովելու իրավունք չի ձեռքբերվել:

«Բանակցությունների ժամանակ ավելի նպատակահարմար կլիներ մտածել`ինչպես Ռուսաստան արտահանել վրացական արտադրանքը, ինչն ավելի իրատեսական կլիներ, քան կառավարության նախընտրած քարոզչությունը եւ հաղթանակի վերաբերյալ հայտարարությունները: Իրականում ոչինչ չի փոխվել. Վրաստանի գլխավոր նպատակն էր իր սահմանների երկայնքով մաքսակետեր տեղադրել, ինչն այդպես էլ չհաջողվեց»:

Չնայած այս խնդիրներին, Զաքարեիշվիլին ողջունում է ռուս-վրացական համաձայնության շնորհիվ ստեղծվող լայն հնարավորությունները`դրանք բնորոշելով որպես «առաջընթաց ողջ աշխարհի եւ համաշխարհային տնտեսության համար»:

«Սա ոչ թե վրացական դիվանագիտության, այլ սթափ դատողության հաղթանակն է, քանի որ Վրաստանը չխոչընդոտեց Ռուսաստանի անդամակցությանը ԱՀԿ-ին», - կարծիք է հայտնել նա:

Հարավային Օսիայի եւ Աբխազիայի կառավարությունները չեն մասնակցել Շվեյցարիայում կայացած բանակցություններին, սակայն երկուսն էլ մտահոգություններ են արտահայտել Վրաստանի`անգամ անուղղակիորեն իրենց առեւտրային գործունեությունը վերահսկելու գաղափարի վերաբերյալ:

Հարավային Օսիայի Արտաքին գործերի նախարար Մուրատ Ջիոեւը հույս է հայտնել, որ ԱՀԿ-ի հետ Ռուսաստանի հետագա բանակցությունների շրջանակներում կվերանայվի Վրաստանի`իր կարծիքով այլ պետության արտաքին սահմանները վերահսկելու պահանջը:

Նույն կարծիքին է նաեւ Աբխազիայի Արտաքին գործերի նորանշանակ նախարար Վյաչեսլավ Չիրիկբան`նշելով, որ ռուս-վրացական համաձայնության պայմանները կարծես «ոտնձգության վտանգ են ստեղծում մեր ինքնիշխանության նկատմամբ»: Այնուամենայնիվ, Աբխազիայի արտգործնախարարը նաեւ նշել է, որ պատրաստվում է սպասել ռուսական կողմի մեկնաբանությանն այս հարցի շուրջ:

Նինո Խարաձե

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Վրաստանում

Այս խորագրի վերջին նյութերը