Մեկնաբանություն

17.11.2011 20:51


101 միլիարդանոց բլեֆ

101 միլիարդանոց բլեֆ

2012 թվականաի պետբյուջեի հետ կապված գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ հարկային եկամուտների 101 միլիարդ դրամով ավելացնելու հարցը։

Տիգրան Սարգսյանի գլխավորած թիմը շարունակ պնդում է, թե լրացուցիչ գումարները հավաքվելու են խոշորի բիզնեսի և ստվերի կրճատման հաշվին։ Սակայն բյուջեի նախագծին կից ներկայացված հարկային փաթեթից պարզ է դառնում, որ գործադիրը հերթական բլեֆն ու դեմագոգիան է անում։ Սա մառազմ է։ Ի դեպ, մեկ այլ մառազմ է այն, որ խոշոր բիզնեսը շարունակ թիրախ է հայտարարվում, բայց սա այլ խոսակցության թեմա է։

Ըստ «միջազգային կենտրոնների» սիրահարների՝ 101 միլիարդը հավաքվելու է 30 միլիոնից թանկ, շարժիչի առնվազն 4 լիտր ծավալ ունեցող (ուզում են ասել՝ 8 «պորշին» և ավելի շարժիչ ունեցող) և «երիտասարդության» որոշակի չափանիշներին համապատասխանող մեքենաների հարկումից, ինչպես նաև 2 միլիոն դրամից ավել աշխատավարձ ստացողների սոցվճարներից։

Սոցվճարների մասով մտցվել է սանդղակ, ըստ որի՝ մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողներից գանձվելու է 3%, իսկ 2 միլիոնից ավել ստացողները պարտավոր կլինեն վճարել 60 000 դրամ գումարած 2 միլիոն դրամը գերազանցող գումարի 8%–ը։

Փաստորեն, Տիգրան Սարգսյանի հույսը թանկարժեք ավտոմեքենաներից հարկ գանձելն ու բարձր աշխատավարձ ստացողներն են, որոնց վճարած գումարներից էլ նախատեսվում է ապահովել 101 միլիարդը։

Դե հիմա եկեք տեսնենք, թե Հայաստանում ի՞նչ քանակի են 30 միլիոնից թանկ ավտոմեքենաները և որքա՞ն մարդ է 2 միլիոն դրամից ավել աշխատավարձ ստանում։ Ակնհայտ է, որ այս «բարեշրջումներով» բյուջեի լրացուցիչ եկամուտները չեն հավաքվելու, և թմբկահարված 101 միլիարդը քամվելու է փոքր ու միջին բիզնեսից, իսկ վերջնարդյունքում՝ սպառողներից։

Որպես սխալ իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության հետևանք՝ անխուսափելի է դառնում նաև ինֆլյացիան։ Հետևաբար՝ հերթական անգամ գալիս ես այն եզրակացության, որ Հայաստանում առկա տնտեսական ճգնաժամը ոչ այնքան արտաքին բացասական գործոնների, որքան կառավարության վարած տնտեսական քաղաքականության արդյունք է։

Ճգնաժամի աղբյուրը Բաղրամյան 26–ում և Հանրապետության հրապարակում է։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Վերջերս հրավիրած ասուլիսում Տիգրան Սարգսյանի թիմակից Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, թե գյուղատնտեսության ոլորտը միայն ԱԱՀ–ից է ազատված, այնինչ դա այդպես չէ։ Ասել է թե, ֆինանսների նախարարը պարզապես անտեղյակ է և միֆ է այն, որ վարչապետի թիմակիցները բարձր պրոֆեսիոնալներ են։ Բարձր հեքիաթասածներ՝ միգուցե (Ներսես Երիցյանի անունը չտաք), բայց պրոֆեսիոնալներ՝ հազիվ թե։

Ընդհանրապես գյուղի ու գյուղատնտեսության վրա սրանց բախտը չի բերում։ Վարչապետի՝ դեմքով դեպի գյուղ շրջվելն ավարտվեց կովերի պտուկները գոլ ջրով լվալու կոչով, իսկ ահա ֆիննախարարի գիտելիքներն էլ այդ առումով սահմանափակվում են գյուղատնտեսության հետ կապված հարկային համակարգի աղոտ պատկերացումներով։

«Արհեստավարժներ» են նաև Տիգրան Դավթյանն ու վարչապետի մյուս գաղափարակիցները։

Այս խորագրի վերջին նյութերը