Հարցազրույց

18.11.2011 16:28


Մարտին Վարդազարյան.

Մարտին Վարդազարյան.

Հարցազրույց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանի հետ

–Ձեր՝ Երևանի ավագանի լինելուց ի վեր արդեն մայրաքաղաքի երրորդ քաղաքապետն է փոխվում։ Այսօր նորանշանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին Դուք անձամբ հանձնեցիք ավանդական լանջաշղթան։ Կասե՞ք, թե որ քաղաքապետի հետ էր ավելի հեշտ աշխատել։

–Այսպես կարող եմ ասել՝ այն ծրագրերը, որոնք նախատեսված էին, և իրականացնում էր Գագիկ Բեգլարյանը, հնարավորին չափ շարունակեց Կարեն Կարապետյանը, և ես հույս ունեմ, որ, կատարելագործելով, կիրականացնի Տարոն Մարգարյանը՝ լինելով հրաշալի անձնավորություն, հիանալի մարդ և հայի չափանիշ իսկական դաստիարակության շնորհիվ։

–Այսինքն, ոչ մի տարբերություն չկա՞։

–Կարևորն այն է, որ նրանք առաջնորդվում են այն ծրագրով, որն ի նպաստ Երևանի է։

–Իսկ զուտ անձնական տեսանկյունից Ձեզ համար ո՞ւմ հետ էր ավելի  արդյունավետ ու հաճելի աշխատանքը։

–Ինձ թվում է՝ երեքի հետ էլ լավ է, որովհետև մեր հարցադրումները ստանում էին իրենց պատասխանները թե՛ Բեգլարյանի, թե՛ Կարապետյանի և թե՛ Տարոն Մարգարյանի (որպես առաջին տեղակալ) օրոք: Նրանց հասցեագրված հարցերը գտել են իրենց համապատասխան պատասխաններն ու լուծումները, ու այդպես էլ կշարունակվի։

–Քաղաքապետերի այսպիսի արագ փոփոխությունները, հանկարծակի հրաժարականները չե՞ն խոչընդոտում աշխատանքը։

–Ո՛չ, չեն խոչընդոտում, ընհանուր ծրագիրը, մոտեցումը մնում է նույնը, և դեպքերի բերումով այնպես է լինում, որ անկանխատեսելի փոփոխություններ են դրանք։

–Իսկ անձնական խնդիրների,  այլ  աշխատանքի  անցնելու պատճառաբանությամբ հրաժարականները ճի՞շտ եք համարում։

–Այստեղ հարցն անձնական խնդիրները չեն։ Հնարավոր է՝ այդպես ավելի օգտակար լինես, ավելի մեծ օգուտ բերես քո ընդունակություններով։ Եվ այստեղ մեղադրանքի և կասկածի խնդիրները բոլորովին վերանում են։

–Պարո՛ն Վարդազարյան, իսկ Երևանի ավագանին իրականում ինչ–որ դերակատարում ունի՞, ինչո՞վ է զբաղված։

–Երևանի ավագանու անդամները հանդես են գալիս նախաձեռնություններով, որոնք  քննարկվում են հանձնաժողովներում, ներկայացվում են ավագանու քվեարկմանը, ավագանու անդամներին նույնիսկ փողոցում մարդիկ մոտենում ու դիմում են իրենց խնդիրներով ու  հարցերով, և ավագանու անդամները ներկայացնում են հարցերը  հասցեատիրոջն ու հետևում, որ իրականանան։ Պետք է ասեմ, որ անձամբ ինձ հետ  պատահել է բոլորովին պատահական մարդկանց խնդիրներ հասցնել տեղ, և նրանք ստացել են իրենց համապատասխան լուծումները։

–Իսկ ի՞նչ բնույթի  խնդիրներ են եղել, որ լուծվել  են ։

–Տարբեր՝ և՛ կենցաղային, և՛ թաղային, և՛ հանրային, և՛ բակային խնդիրներ, որոնք ստացել են համապատասխան լուծումները։ Միշտ չէ, որ ամեն ինչ ստացվել է հենց դիմողի ցանկությամբ, բայց ընդառաջում միշտ էլ եղել է։

–Ուզում  եք ասել, որ  ավագանին ինչ–որ բան անո՞ւմ է։

–Այո՛, ես դա պետք է հաճույքով նշեմ։ Եվ հավելեմ, որ յուրաքանչյուրի ինտենսիվությունը և պատասխանատվությունը որոշակի դեր ունի։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը