Տնտեսական

01.12.2011 10:58


Կոռումպացվածության մակարդակով Հայաստանն աշխարհում 129–րդն է

Կոռումպացվածության մակարդակով Հայաստանն աշխարհում 129–րդն է

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է երկրների կոռումպացվածության ամենամյա ինդեքսը:

Հայաստանը 182 երկրների շարքում, 10 հնարավորից հավաքելով 2,6 բալ, Դոմինիկյան Հանրապետության, Սիրիայի, Ֆիլիպինների, Հոնդուրասի հետ 129–րդ տեղում է։ Նախորդ տարի Հայաստանը նույնքան բալով զբաղեցնում էր 123–րդ հորիզոնականը։

Աշխարհի ամենացածր կոռումպացված երկիր է ճանաչվել Նոր Զելանդիան՝ 9,5 բալ: Առաջատար տասնյակում են հայտնվել նաև Դանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Ավստրիան, Կանադան, Սինգապուրը և Իսլանդիան:

Մեր հարևաններից ամենանվազ կոռումպացվածը Թուրքիան է։ Նա 4,2 բալով 61–րդ հորիզոնականում է (2010թ.` 56–րդ հորիզոնական)։ Վրաստանը 4,1 բալով 64–րդ հորիզոնականում է (2010թ.՝ 68–րդ հորիզոնական), Ադրբեջանը 2,4 բալով 143–րդն է (2010թ. 134–րդ հորիզոնոկանն էր զբաղեցնում), իսկ Իրանը 2,7 բալով 120–րդ հորիզոնականում է (2010թ.՝ 146–րդ հորիզոնական)։

Ռուսաստանը 2,4 բալով 143–րդ հորիզոնականում է՝ Տոգոյի Հանրապետության, Ուգանդայի կողքին (2010թ.` 154–րդ հորիզոնականը)։

Աշխարհի ամենակոռումպացված երկրները, ըստ միջազգային կազմակերպության, Սոմալին և Հյուսիսային Կորեան են՝ 1,0 բալով։

Այս խորագրի վերջին նյութերը