Մեկնաբանություն

05.12.2011 11:09


Ո՛չ քաղաքական մենաշնորհին

Ո՛չ քաղաքական մենաշնորհին

Ահա այսպես կարելի է որակել ՌԴ քաղաքացիների ընտրության նշանաբանը։ Ռուսաստանցիները հստակ «մեսիջ» հղեցին, որ փոփոխություններ են ուզում և որ զզվել են «Եդինայա Ռոսիայի» մենաշնորհից։

Ինչպես հայտնի է, երեկ տեղի ունեցավ Ռուսաստանի պետդումայի ընտրությունները։ Ճիշտ է, Պուտինի և Մեդվեդեվի գլխավորած «Եդինայա Ռոսիան» ամենաշատ ձայները հավաքեց, սակայն դա զգալիորեն քիչ էր, քան չորս տարի առաջվա արդյունքները, երբ «եդինոռոսները» հավաքեցին ավելի քան 60 %: Այժմ «Եդինայա Ռոսիայի» հավաքած քվեների քանակը մոտ 50 % է, ինչը նշանակում է, որ միահեծան իշխանության դարաշրջանն այնտեղ կամաց–կամաց մոտենում է ավարտին։ Որքան էլ որ ընտրակեղծիքներ եղան, այդուհանդերձ իշխող ուժը չկարողացավ իր ուզած արդյունքներն ապահովել։

Եվ այսպես, ավարտվեց «Եդինայա Ռոսիայի» քաղաքական մենաշնորհի դարաշրջանը։ Ընտրություններից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Պուտինի դեմքից ակնհայտ էր այն խորը «մանթոն», որն առաջացել էր ընտրության օրվա վերջում՝ արդյունքների հետ ծանոթանալիս։

Ռուսական ընտրությունները ցույց տվեցին, որ հեռուստատեսությունն այլևս չունի քաղաքական տրամադրությունների ձևավորման և հասարակական կարծիքի վրա ազդելու նախկին մենաշնորհային կարգավիճակը։ Ինտերնետը լավ կռիվ տվեց «երկնագույն էկրանի» դեմ ու ահագին տարածքներ նվաճեց։

Շատերին հիմա հետաքրքրում է այն հարցը, թե ինչպիսի ազդեցություն կունենան ռուսաստանյան ընտրությունները Հայաստանի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուտով մեզ մոտ էլ են սպասվում համապետական ընտրություններ։ Եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի ազդեցություն հաստատ կլինի։

Մեզանում տարածված տեսակետ կա, որ ՌԴ–ում տեղի ունեցող գործընթացները տեղափոխվում են այստեղ։ Այդպես է դա, թե ոչ՝ այլ խոսակցության թեմա է, սակայն հարկ է նկատել, որ Հայաստանի հանրությունը Ռուսաստանի օրինակով տեսավ, որ կարելի է սեփական ձայնի տերը կանգնել ու տապանաքար դնել քաղաքական մենաշնորհին՝ դրանով իսկ վերջ դնելով նաև տնտեսական դաշտի գերմենաշնորհայնացման գործընթացներին։

Հայաստանում իշխող ՀՀԿ–ն ունի բացարձակ մեծամասնություն և Սերժ Սարգսյանը ձգտում է կառուցել «Մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» համակարգը։ Սակայն նկատենք, որ դա անհնար է։ Նույնիսկ նավթով ու գազով հարուստ Ռուսաստանի ղեկավարները, փաստորեն, չկարողացան պահել իրենց իշխանական ռեսուրսները, ուր մնաց, թե արտաքին ու ներքին քաղաքականությունը լիովին ձախողած ու տնտեսական խայտառակ արդյունքներ արձանագրած Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը կարողանան վերարտադրվել։

Այնպես որ հյուսիսից փչող փոփոխությունների քամին հասնելու է նաև Հայաստան։ Մենք կարողացանք խուսափել արաբական արյունոտ սցենարներից, ինչը լավ է։ Լավ կլինի նաև այն, որ Հայաստանում էլ վերանա ՀՀԿ–ի մենաշնորհը, որը բացարձակ այլասերված իշխանության հիմքն է հանդիսանում։

Մի խոսքով, ՌԴ–ում «Եդինայա Ռոսիայի» մենիշխանությունը մայր մտավ։ Տարոսը մեզ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը