Մեկնաբանություն

06.12.2011 23:31


Ազատ, բայց սերժատո՞ւ դեմոկրատներ

Ազատ, բայց սերժատո՞ւ դեմոկրատներ

Քաղաքական դաշտի մասնակիցներից, իսկ, ավելի ճիշտ, իշխանական «տաշտի» մոտ հայտնվել ցանկացողներից ոմանց մոտ «չիպերը» խփել է կամ էլ ցույց են տալիս, թե խփել է, որպեսզի քողածածկեն սեփական անսկզբունքայնությունը։

Լևոն Տեր–Պետրոսյանի վերջին ելույթից հետո «7 օրն» արձանագրեց, որ ՀԱԿ առաջնորդը վերջապես դադարեցրեց «Եղիազար Այնթապցուն» ծառայելը և ողջունեց ՀԱԿ առաջնորդի դիրքորոշման այդ փոփոխությունը։ Այսինքն՝ մենք ոչ թե փոխել ենք մեր կարծիքը Տեր–Պետրոսյանի դավանած գաղափարախոսության և 2008–ից մինչև վերջին հանրահավաքն ընկած ժամանակահատվածում նրա վարած քաղաքականության մասին, այլ ընդամենն արձանագրել ենք, որ ՀԱԿ առաջնորդի մոտ կա մոտեցման փոփոխություն Սերժ Սարգսյանի մասով և դրական ենք գնահատել դա։

Եթե մարդը ոչ թե իմիտացիա է անում, ինչպես վերջին երեք տարիների ընթացքում, այլ հանգամանքների բերումով անկեղծորեն առաջ է քաշում «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» կարգախոսը, ապա ինչու՞ են թունդ ընդդիմադիրները տարանջատվում այդ կարգախոսից և ինչու՞  պետք է մենք չողջունենք այդ կարգախոսը (կարգախոսը, այլ ոչ թե այն առաջ քաշող անձին)։

Բա ի՞նչը ողջունեինք.

ա. Տեր–Պետրոսյանի վարքագիծը «ֆուտբոլային» դիվանագիտության փուլու՞մ, երբ այսօրվա «սկզբունքայինները» Լևոնի, այսինքն՝ Սերժի կողքին էին,

բ. «էջմիածնական միաբանների» վարքագծի կրկնության Լևոնի պատրաստակամությու՞նը, որի հնչեցումից հետո դեռևս ՀԱԿ առաջնորդի կողքին գտնվող «սկզբունքայիններն» ուրախացել էին, որ վերջապես իրենք էլ «կոռմուշկայի» մոտ կհայտնվեն,

գ. թամաշա հիշեցնող ու Սերժ Սարգսյանի դիրքերն ամրապնդող «երկխոսությու՞նը», որի ժամանակ այսօրվա «սկզբունքայինների» տրտունջը միայն այն էր, որ իրենց դուրս են թողել խրախճանքից։

Մենք ստեղծման օրվանից «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» ենք քարոզում և հիմնավորում դրա անհրաժեշտությունը, հետևաբար՝ դրական ենք գնահատում բոլոր նրանց քայլերը, որոնք իրականում ծառայում են այդ կարգախոսի կյանքի կոչմանը։

Նրանք, ովքեր «7 օրի» հրապարակումներում գաղափարական գծի փոփոխություններ են նկատում՝ կա՛մ անուշադիր են, կա՛մ չեն հասկանում քաղաքականությունից, կա՛մ էլ ուզում են գծի փոփոխություն նկատել, որպեսզի սեփական անսկզբունքայնությունն ու քաղաքական թափառաշրջիկությունն արդարացնեն՝ «Եթե Լևոնի դեմ պայքարող  «7 օրն» է սկզբունք փոխում, ապա մեզ ի՞նչ է եղել, որ «Ազատիչ դեմոկրատ» չդառնանք, սիրելի՛ ժողովուրդ» էժանագին տարբերակով։

Ուրեմն մեկընդմիշտ իմացե՛ք. «7 օրը» ոչ թե պայքարել ու պայքարում է Լևոն Տեր–Պետրոսյանի, այլ նրա քարոզած գաղափարախոսության՝ քիրվայության դեմ։ «7 օրը» պայքարել ու պայքարում է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ նրա վարած ներքին ու արտաքին խայտառակ քաղաքականության դեմ։ Ցու՛յց տվեք մեկ հոդված, մեկ տող, որտեղ մեզ մոտ փոփոխություն կա այս հարցերում։ Այնինչ՝ «սկզբունքայինները» երեկ Լևոնի հետ էին, դրանից առաջ՝ Ռոբերտի, այսօր՝ Սերժի, իսկ վաղը՝ հայտնի չէ, թե ում։ Ընդ որում՝ դա այն դեպքում, երբ երեք նախագահները ձևի ու բովանդակության առումով միմյանցից խիստ տարբերվող կուրս ունեին և ունեն։

Անուշադիրների կամ քաղաքականությունից չհասկացողների հետ այս թեմաներով իմաստ չունի վիճելը։ Ես նորմալ եմ գնահատում նրանց մտահոգություններն ու գլխապտույտը։ Միայն ասեմ, որ մենք մաքուր ենք, անկեղծ ենք մեր գնահատականներում ու մտահոգվելու կարիք չունենք. ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի ու մարդկանց ներքին մտահոգությունները կանցնեն։ Ի վերջո կյանքը ցույց է տվել ու ցույց կտա, թե ով ով է և ով է ճիշտ ու ով՝ սխալ։ Բայց երբ մեզ որոշակի դասեր ու  գնահատականներ են փորձում տալ  (ընդ որում՝ կեղծ պաթոսով) քաղաքական վաշխառուները, Սերժ Սարգսյանի հարճերը, Բաղրամյան 26–ին ծառայելու հայտ ներկայացրածները, ազատ, բայց սերժատու դեմոկրատները, ապա սրանց հակադարձել պետք է։

Ականջներիդ օ՛ղ արեք. մեր համակրանքի ու հակակրանքի օբյեկտները չեն փոխվել ու չեն փոխվելու։ Եթե այդ ծրագրի շրջանակներում ոմանք ընկնում են «7 օրի» «դռբի» տակ, իսկ ոմանք էլ դուրս գալիս նույն այդ «դռբի» տակից, ապա դրանում մենք մեղավոր չենք։

Ամեն ինչ կարելի էր պատկերացնել, բայց պատկերացնել, որ «7 օրին» մի օր կփորձեն «լևոնականի» պիտակ կպցնել՝ երևակայությունս չէր հերիքում։ Բա ու՞ր մնաց մեր՝ «քոչարյանականի» պիտակը, որը նույն համառությամբ ուզում էին կպցնել «սկզբունքայինները»։ Սրանց որ լսելու լինենք՝ Լևոնն ու Ռոբերտը «չերեզ» մեր կայք արդեն լեզու են գտել իրար հետ։ Այստեղ են ասել. գլխներիդ ձուն գա։

Մի խորհուրդ. ծիծաղելի վիճակում չհայտնվելու համար՝ մարդիկ պետք է սկզբունքներ ու բարոյական արժեքներ ունենան, այլապես անձնակենտրոն մտածելակերպով վերջնականապես կխճճվեն ու կապրեն բացառապես «մուտիլովկաներով»։

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի դեմ հրապարակավ ճառողներից ոմանք  առանձնազրույցների ժամանակ այնպես են դրականորեն արտահայտվում երկրորդ նախագահի հասցեին ու «նա վսյակի» քծնում նրան, որ մնում ես ապշած։  Պոռնիկներ են, սը՛ր՝ նման դեպքերում կասեին անգլիացիները։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը