Կարծիք

09.12.2011 17:29


Փոփոխություններ– ին ընդառաջ

Փոփոխություններ– ին ընդառաջ

Եթե ժողովրդավարական երկրներից մեկում ստեղծվեր այն իրավիճակը ինչ Հայաստանում, ապա ոչ միայն վարչապետը, այլ նաեւ նախագահը հրաժարական տված կլինեին: Հայաստանը դեռ ժողովրդավարական պետություն չէ եւ Տիգրան Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը ոչ միայն չեն մտածում հրաժարական տալու մասին, այլ նույնիսկ ծրագրեր են մշակում հետագա տասնամյակներում եւս Հայաստանը ղեկավարելու մասին: Սա արդեն վկայում է այն մասին, որ Հայաստանը ոչ միայն հեռու է ժողովրդավարությունից, այլ նաեւ կառավարվում է սեփական ժողովրդին վերեւից նայող մարդկանց կողմից, որոնց հետաքրքրում է բացառապես իրենց շահը: Սա դեռ քիչ չէ, գտնվում են մարդիկ, ովքեր պատրաստ են ինչ որ գումարով, պաշտոնով կամ խոստումով սպասարկել նրանց շահերը, ովքեր հասցրեցին երեք-չորս տարում քարուքանդ անել Հայաստանի փխրուն եւ թույլ տնտեսությունը, անհաջողություններ կրեցին արտաքին ճակատում եւ թույլ տվեցին որ Իլհամ Ալիեւի մոտ պատրանքներ առաջանա, որ Հայաստանն ինքն իրեն կփլուզվի եւ իրենց կմնա միայն քայլելով մտնել Հայաստան:

Դժվար է ասել, թե Տիգրան Սարգսյանի պապն այս դեպքերի համար ինչ խորհուրդ է տվել, բայց կարծում ենք ն հաստատ խորհուրդ տված չի լինի ամեն գնով կառչած մնալ իշխանությունից: Ասում են, որ հրաշալի մարդ է նաեւ Սերժ Սարգսյանի հայրը, եւ կարծում եմ, որ նա էլ իր որդուն նման խորհուրդ տված չի լինի:

Իշխանությանը թվում է, թե քարոզչությամբ հնարավոր է մարդկանց ֆռռացնել։ Ամենահետաքրիրն այն է, որ նրանք, ովքեր ծառայում են վարչախմբին, աչքերը փակում են, եւ ինչպես հայտնի սովետական մանկական ֆիլմում Դենիսկան, տեսնում իրենց երազանքի խաղալիքը, այս դեպքում՝ բարձր պաշտոն, պատգամավորական աթոռ, գործուղումներ պետության հաշվին: Եւ սա բավարար է, որ նրանք մասնակցեն սեփական երկրի թուլացման գործընթացին:

Ուզենք, թե չուզենք, մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր համոզված են, որ միունույնն է ժողովրդից ոչինչ կախված չէ եւ Սերժն ինչ ուզի այն էլ կանի: Հենց նման մտածողների վրա էլ հենվում են ժամանակակից գեբելսներն ու գեբելսիկները: Իսկ նրանք, ովքեր իրենք էլ չգիտեն ինչով են զբաղվում եւ իրենք իրենց հույս են տալիս, որ միայնակ գայլի նման կարող են պայքարել վարչախմբի դեմ, պարզապես հիշեցնում են Սերվանտեսի հերոսին եւ օգնում Սերժ Սարգսյանին:

Ոմանք միամտաբար, ոմանք հատուկ նպատակներ հետապնդելով այս ու այնտեղ կրկնում են, թե չեն հավատում, որ Ծառուկյանն իր մեջ ուժ կգտնի մինչեւ վերջ վարչախմբի դեմ դուրս գալու համար: Հիասաթափեցնելով նոր Հայաստանի հակառակորդներին ասեմ, որ Ծառուկյանը վաղուց արդեն ապացուցել է, որ չի պատրաստվում գնալ Բաղդասարյան Արթուրի ճանապարհով եւ ամեն օր էլ ապացուցում է, որ ինքնուրույն, մեծ վարկանիշ ունեցող քաղաքական ուժի ղեկավար է:

Մնում է միայն ճիշտ կազմակերպվել, հստակեցնել ծրագրեն ու առաջ շարժվել։

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը