Աշխարհ

20.12.2011 09:53


Պատասխան Ադրբեջանի բնիկ փոքրամասնությունների ղեկավարների հայտարարությանը

Պատասխան Ադրբեջանի բնիկ փոքրամասնությունների ղեկավարների հայտարարությանը

Եվրոպայի Հայերի Համագումարը (ԵՀՀ) իր գոհունակությունն ու հիացմունքն է հայտնում Ձեզ՝ Ադրբեջանում ապրող ազգությունների ղեկավարներիդ եւ ներկայացուցիչներիդ, համատեղ հայտարարության առիթով, ուր փաստաթղթի հեղինակներդ շեշտելով տարածաշրջանի բնիկ ժողովուրդների դեմ կատարվող Ադրբեջանական իշխանությունների ոտնձգություններն ու անմարդկային  քաղաքականությունը, Ձեր համերաշխությունը եւ զորակցությունն եք հայտնել  Արցախ–Ղարաբաղի հայությանը  իրենց ազատության եւ մարդկային իրավունքների համար տարվող պայքարում:

Դուք՝ թալիշ, լեզգի, ուդի, լաթ, ավար, ռութուլ, ցախուր եւ ..., տարածաշրջանի բնիկ ժողովուրդներդ, Ձեր կերտած հայրենիքում այսօր միեւնույն հալածանքներին եք ենթարկվում, ինչ տասնամյակներ ենթակա էր Արցախ-Ղարաբաղի ժողովուրդը և ինչպես արդարորեն նշում եք Ձեր հայտարարությամբ՝ բնիկ ազգերին զրկել են մայրենի լեզվով խոսելուց, երգելուց, իրենց պատմությունը ուսանելուց եւ թույլ չեն տվել պահել ու զարգացնել սեփական մշակույթն ու արվեստը:

 

Ինչպես Դուք՝ տարածաշրջանի բնիկ եւ փաստորեն Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը կազմող ժողովուրդներդ, նույնպես էլ հայերը Բաքվի իշխանավորների սիստեմատիկ հալածանքների, մշակութային ոչնչացման եւ ձուլման քաղաքականությունը չեզոքացնելու համար ստիպված դիմել են ինքնապաշտպանության, այլապես տարածաշրջանի բնիկ ժողովուրդները դարեր շարունակ ապրել եւ ստեղծագործել են կողք կողքի՝ առանց թշնամանքի եւ ատելության:

Հիշենք՝ Փոքրիկ եւ քիչ բնակչությամբ Արցախ-Ղարաբաղի ժողովուրդը Ադրբեջանի կողմից պարտադրված անհավասար պատերազմում հաղթական դուրս եկավ, ոչ նրա համար, որ ավելի սպառազինված էր քան ադրբեջանական բանակը, այլ միայն նրա, որ իր պայքարը արդարացի էր՝ նրանք պաշտպանում էին իրենց բազմադարյան  հողը, տունը եւ ընտանիքը:

Ձեր կոչը, ինչպես արդարորեն նշում եք, թող լինի Կովկասի ժողովուրդների խաղաղ կյանքի հայտը եւ դատապարտողը Բաքվի իշխանությունների ռազմատենչ ու պատերազմ հրահարող անպատասխանատու ամենօրյա կոչերի:

Ձեզ վստահեցնում ենք, որ Արցախի քաջարի հայությունը ազերիական ամենօրյա ռազմատենչ հայտարարություններն ընդունում է հումորով, վստահ լինելով, որ հավանական որևէ ոտնձգության պարագայում ագրեսոր Բաքուն կրկին կրելու է ջախջախիչ պարտություն, ինչպես կրել են պատմության բոլոր զավթիչ ուժերը:

Եվրոպայի Հայերի Համագումարը լինելով 1915 թվականի թուրքական յաթաղանից՝  Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդի ժառանգորդների մի մասնիկը, ամբողջովին զգում եւ հասկանում է Ձեր կրած ամենօրյա հալածանքն ու տառապանքը: Ուստի դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների կողմից Ձեր ժողովուրդների նկատմամբ ճնշումներն ու հալածանքները, հայտնում ենք մեր համերաշխությունն ու պահանջում ենք միջազգային հանրությունից, եվրոպական համապատասխան կառույցներից՝ մարդու եւ ժողովուրդների իրավունքի, ճնշված ժողովուրդների պաշտպանության սկզբունքից ելնելով, համապատասխան քայլեր նախաձեռնել՝ ադրբեջանական իշխանությունների կողմից սանձարձակ ճնշումներն ու հալածանքները կանխարգելու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու եւ վերկանգնման համար:

Եվրոպայի Հայերի Համագումար

Այս խորագրի վերջին նյութերը