Կարծիք

20.12.2011 21:24


Քիմ Իր Սենը, Քիմ Չեն Իրը, Քիմ Չեն Ինը եւ Չեբուրաշկան

Քիմ Իր Սենը, Քիմ Չեն Իրը, Քիմ Չեն Ինը եւ Չեբուրաշկան

Լինում է եւ այսպես: Կոմունիստական Կորեայի սիրելի առաջնորդը վերցրեց եւ հեռացավ այս աշխարհից: Քիմ Չեն Իրը, հակառակ իր կամքի եւ ցանկության, շաբաթ օրը մահացավ: Սիրելի առաջնորդի մահը այնքան ցնցեց հյուսիսկորեացիներին, որ մի քանի օր շարունակ մոռացել էին ժողովրդին հայտնել, որ իրենց առաջնորդն այլեւս իրենց հետ չէ: Երկուշաբթի օրը հայտնեցին եւ պարզվեց, որ նրա մահվան պատճառը ֆիզիկական եւ մտավոր գերծանրաբեռնված աշխատանքն է եղել: Այլ կերպ կոմունիսատական առաջնորդը չէր կարող մահանալ:

Կորեացիները ողբում են: Առավել միամիտները կարծում են, թե ժողովուրդը, որը ամիսներով բառիս բուն իմաստով սովի է մատնվում, իսկապես սգում է: Նրանք չեն հասկանում կամ չեն կարող պատկերացնել, որ նրանք աղեկտուր լալիս են վախից, ոմանք այդպես ցանկանում են նկատվել եւ ավելի բարձր պաշտոն ստանալ, ոմանք էլ արտասվում են տեսնելով, թե ինչ ահավոր վիճակում է հայտնվել Կորեայի հյուսիսում ապրող ժողովուրդը: Կան նաև զոմբիներ, ովքեր անկեղծ ողբում են։

Իսկ սիրելի առաջնորդն արդեն մտածել է իր կոմունիզմ կառուցող եւ իմպերիալիստների դեմ մշտապես կռվող ժողովրդի մասին: Նա կտակել է, որ իրեն պետք է փոխարինի իր թմբլիկ, անորոշ դեմքի արտահայտությամբ որդին` Քիմ Չեն Ինը: Նույն հաջողությամբ Քիմ Չեն Իրը կարող էր կտակել, որ երկրի ղեկավար պետք է լինի Չեբուրաշկան եւ ժողովուրդը կգովերգեր իր սիրելի առաջնորդին նման խելամիտ որոշման համար:

Այն, ինչ կատարվում է Հյուսիսային Կորեայում, համաձայնվեք, որ զզվանք եւ նողկանք է առաջացնում, բայց պարզվում է, որ մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր երազում են, որ Հայաստանը լինի այնպիսին, ինչպիսին Հյուսիսային Կորեան է, որտեղ իշխանությունը հորից անցնի որդուն կամ փեսային, որտեղ կուսակցություններ, որպես այդպիսիք չլինեն, որտեղ քաղաքական դաշտ չլինի, որտեղ լինի միայն մեկ գործարար, ղեկավար, օլիգարխ:

Ամենասարսափելին այն է, որ կան նաեւ մարդիկ, որոնք պատրաստ են հանուն կուշտ փորի, հանուն երեսուն արծաթի, հանուն գայթակղիչ խոստման զբաղվել ժողովրդի ուղեղի արդուկմամբ:

Այսօր Հայաստանը կանգնած է մի կետում եւ ստիպված է ընտրություն կատարել: Մի ճանապարհը տանում է դեպի Հյուսիսային Կորեա, իսկ մյուս ճանապարհը տանում է դեպի արժանապատիվ, ժողովրդավարական, բարգավաճ Հայաստան: Մենք, մեզանից յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի: Որքան հստակ լինի մեր ընտրությունը, այնքան անցնցում կլինի անցումը դեպի զարգացում, դեպի քաղաքակիրթ աշխարհ: Եթե մենք հապաղենք, ապա կկորցնենք Հայաստանը եւ վատագույն դեպքում կվերածվենք Հյուսիսային Կորեայի, իսկ լավագույն դեպքում` Թուրքմենստանի` առանց նավթի եւ գազի:

Ամենավատն այն է, որ Հայաստանի հյուսիսկորեացման կողմնակիցները եւ նրանց շահերի սպասարկուները դեռ հույսեր ունեն, որ իրենց կհաջողվի ստեղծել մի երկիր, որտեղ այլեւս որեւէ մեկի մտքով չի անցնի ընդդիմանալ իշխանություններին կամ առանց վերեւների համաձայնության եւ թույլտվության տնտեսական գործունեություն ծավալել:

Ուշադրությամբ հետեւելով իշխանությունների քայլերին, մեկ անգամ եւս համոզվում ենք, որ նրանք որեւէ հետեւություն չեն արել եւ ցանկանում են պահպանել իշխանությունը նախկին մեթոդներով, բայց նրանք հաշվի չեն առնում մի պարզ ճշմարտություն, որ իրավիճակը Հայաստանում փոխվել է: Այլեւս նախկին մեթոդներով հնարավոր չէ հաղթանակի հասնել ժողովրդի նկատմամաբ: Ժողովուրդ, որը մի շարք հանգամանքների եւ գործոնների բերումով ավելի միասնական է ընդդեմ գործող վարչախմբի, քան նույնիսկ 2008-ին: Իրավիճակն անհամեմատելի է 2003-ի հետ:

Եթե Սերժ Սարգսյանին թվում է, թե խոշոր գործարարները վախից աջակցելու են իրեն, ապա սխալվում է։ Եթե նրան թվում է, թե իր կողմից ոչնչացված միջին եւ մանր բիզնեսի նախկին եւ ներկա ներկայացուցիչները ենթարկվելու են իր հրահանգներին եւ քվեարկելու են ՀՀԿ-ի օգտին, ապա կրկին սխալվում է: Եթե նրան թվում է, թե հնարավոր է գյուղապետերին հրահանգել ժողովրդին ստիպել քվեարկել ՀՀԿ-ի օգտին, ապա կրկին սխալվում է, քանի որ ամենամակերեսային ուսումնասիրություններն էլ ցույց են տալիս, որ նույնիսկ գյուղապետերը չեն վստահում եւ աջակցությում Սերժ Սարգսյանին:

Ավելին, նույնիսկ Երեւանի վարչական շրջանների ղեկավարի աշխատակազմերը չեն վստահում Սերժ Սարգսյանին: Եթե Սերժ Սարգսյանը հույսը դրել է զինվորականների եւ բյուջետային աշխատողների վրա, ապա այստեղ եւս նրան հուսախաբություն է սպասվում: Իհարկե, միամիտ կլինենք, եթե հավատանք, որ զինվորներին չեն պարտադրելու քվեարկել ՀՀԿ-ի օգտին, բայց դա հաստատ բավարար չէ Հայաստանը Թուրքմենստանի կամ Հյուսիսային Կորեայի վերածելու համար:

Գործող վարչախումբն ուզի, թե չուզի, միեւնույնն է, արդեն այնպիսի գործընթացներ են սկսվել, որը ծնելու են որակապես նոր եւ հզոր Հայաստան: Հայ ժողովուրդը չի պատրաստվում իր գլխին Քիմ Իր Սեն կամ Քիմ Չեն Իր դնել: Մենք առանց այն էլ շատ ենք տառապել: Վարչախումբն էլ իր հայտարարություններով եւ քայլերով ավելի քան պարզ ասում է, որ ինքը չի տեղավորվում նոր Հայաստանում: Իսկապես, դժվար է պատկերացնել մի նորմալ երկիր, որտեղ խորհրդարանի նախագահին նախագահը հրահանգում է աշխատանքի անցնել գոյություն չունեցող շտաբում:

Մենք ստեղծելու ենք այնպիսի Հայաստան, որտեղ ոչ միայն մարզպետը, այլեւս ցանկացած այլ պաշտոնյա իրեն թույլ չի տալու հարվածել իրեն քննադատող որեւէ մարդու, լինի գործարար, թե բանվոր: Իսկ ահա ՀՀԿ-ն հայտարարում է, որ իրենք Սյունիքի մարզպետի արարքին քաղաքական գնահատական չեն տալու: Սա մեկ անգամ եւս ապացուցում է, թե ինչ Հայաստան է ցանկանում կառուցել վարչախումբը: Ցանկանալը ցանկանում են, բայց արդեն իսկ դատապարտված են անհաջողության:

Հայաստանը ոչ Հյուսիսային Կորեա է, ոչ էլ Թուրքմենստան: Որքան շուտ վարչախումբը ընդունեց այս փաստը, այնքան լավ բոլորի համար:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը