Մեկնաբանություն

23.12.2011 01:05


Ֆրանսիան ընդունեց ի հեճուկս «ֆուտբոլասերների»

Ֆրանսիան ընդունեց ի հեճուկս «ֆուտբոլասերների»

Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը։ Իհարկե, այն իրավական ուժ չունի, քանզի դեռ պետք է հաստատվի վերին պալատում և վավերացվի նախագահի կողմից, բայց երևույթն ինքնին դրական է՝ Օսմանյան կայսրության գործած հանցագործությունը դատապարտելու առումով։ Ֆրանսիայի իշխանություններն  այդպիսով պահում են իրենց տված խոստումը։

Հարցն, անշուշտ, ունի նաև ներքաղաքական կողմ։ Խոսքս Ֆրանսիայում սպասվող ընտրությունների մասին է։ Սարկոզին այս քայլով փորձեց շահել ազգությամբ հայ ընտրողների համակրանքը։

Ամեն դեպքում, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի ներքին մոտիվներ են ստիպել Ֆրանսիայի քաղաքական ուժերին ընդունել օրենքը՝ դա բխում է Հայաստանի շահերից։

Հարկ է նկատել, որ օրինագիծն ընդունվեց հայ–թուրքական արձանագրությունների սառեցված լինելու ֆոնին։ Նման բան հնարավոր չէր լինի, ասենք, 2008–ին, 2009–ին և անգամ 2010–ին, երբ հայաստանյան հեռուստաընկերությունները Սերժ Սարգսյանից ոչ պակաս էին ցույց տալիս Աբդուլա Գյուլին ու ՀՀ նախագահից ոչ պակաս էին քծնում Թուրքիայի նախագահին։ Քիրվայության փուլ էր։

Հիշեցնեմ, որ երբ սկսվեց Հայաստան–Թուրքիա «սիրախաղը», մի շարք քաղաքական ուժեր ու մասնագետներ պնդում էին, որ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը վնասելու է մեզ, քանզի Թուրքիան, օգտվելով Սարգսյանի սխալից, լեգիտիմ հնարավորություն է ստանալու մխրճվել Ղարաբաղի հարցի մեջ և Ցեղասպանության հարցն էլ վերածվելու է երկու երկրների միջև վիճելի հարցի, իսկ ճանաչման գործընթացն էլ վտանգվելու է։ Եվ այդպես էլ եղավ։

Այժմ, երբ Ֆրանսիան ընդունեց օրինագիծը, քիրվայության քարոզիչները, «վերլուծաբանները», նախագահականին կից թուրքագետներն ու այլ բաշիբոզուկները, ինչպես «ֆուտբոլային» օրերին, կրկին «մեյդան» են եկել ու առիթն օգտագործելով՝ «հայրենասիրություն» են խաղում և նշում, թե տեսեք, հայ–թուրքական արձանագրությունները չխանգարեցին Ցեղասպանության ճանաչմանը։ Սա, նկատենք, կատարյալ դեմագոգիա է, քանի որ Ֆրանսիան ընդունեց փաստաթուղթը ի հեճուկս հայ–թուրքական արձանագրությունների, որով նախատեսվում էր պատմաբանների հանձնաժողովում գյալաջիի վերածել Ցեղասպանության հարցը։

Տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության ջատագովները, շատ լավ հասկանալով, որ խայտառակ ձևով ձախողվել են, հիմա վերջին հանգրվանում են հայտնվել՝ Ֆրանսիայի ընդունած որոշումն օգտագործելով «հայրենասիրություն» են խաղում։ Բայց դե ոչ ոք չի մոռացվել, ու ոչինչ չի մոռացվել։ Այն թուրքամետ քարոզը, որն արվում էր քիրվայության փուլում, բացահայտեց մեզանում գործող թրքաբոլշևիկներին։ Այնպես որ որքան էլ ոմանք փորձեն հիմա ռեաբիլիտացվել ու իրենց վրայից քերել «ֆուտբոլային» «լաքան», միևնույն է չի ստացվի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը