Մեկնաբանություն

28.12.2011 10:13


«Տիրացուն» և յուր հետևորդները

«Տիրացուն» և յուր հետևորդները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետևողականությունն ապշեցուցիչ է։ Նա հետևողական է երկու հարցում՝ 1. «Հայկական աշխարհ» կառուցելու և 2. դրսի գրանտի կամ վարկի հաշվին իր և իր թիմի համար «յուղոտ» գործեր դասավորելու։

«Հայկական աշխարհի» կառուցման սխեման շատ պարզ է։ Տիգրան Սարգսյանն ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ–ում ապրող աշխատունակ մարդիկ, ովքեր չեն ուզում համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, արտագաղթեն ու հեղափոխություն չանեն։ Արտագաղթի խրախուսման ամբողջ իմաստն այն է, որ դրսում աշխատող պոտենցիալ հեղափոխականներն իրենց էներգիան վատնեն գումար վաստակելու և Հայաստանում մնացած իրենց հարազատներին այդ գումարի մեծ մասն ուղարկելու վրա։

Ինքնին հասկանալի է, որ «Հայկական աշխարհի» պարագայում ՀՀ–ին ապրանքային արտադրություն պետք չէ (ինչպես որ ժամանակին անկեղծացել էր «տիրացուն»), այլ պետք է «ներմուծում–սպառում» մեխանիզմով աշխատող տնտեսական համակարգ, և այդ հարցում իշխող նեղ թիմը նույնպես հետևողական է։

Ինչ վերաբերում է դրսի գրանտերի ու վարկերի հաշվին փող աշխատելուն և «Բարելավում ենք բիզնես միջավայրը» դեմագոգիկ հայտարարությունների ներքո յուրայիններին «յուղոտ» գործեր դասավորելուն, ապա դրանց դրսևորումներին հանդիպում ենք գրեթե ամեն օր։

Վերջերս Կառավարությունը մի որոշում էր ընդունել, որով հանրային սննդի ծառայությունը հանվել է պարտադիր արտոնագրման ենթական ցանկից։ Թվում է, թե վատ չէ, սակայն երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ սահմանի վրա կատարվող սերտիֆիկացումը վերացվում է, և այդ գործը տրվում է էկոնոմիկայի նախարարությանը, ապա պարզ է դառնում, որ լուծվել է ոչ թե, իրենց խոսքերով, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, այլ նեղ անձնական ու թիմային խնդիր։ Այլ խոսքերով՝ Տիգրան Սարգսյանն իր թիմակից Տիգրան Դավթյանի համար գործ է «կպցրել»։ Մարդիկ չեն էլ թաքցնում, որ կա 500 հազար դոլարի ավստրիական գրանտ և այդ գումարները ծախսելու համար էլ սերտիֆիկացման ենթական գործընթացները հանձնվելու են մի գերատեսչության, որի ղեկավարին փոխարենը պետական համակարգից կիլոմետրերով հեռու պահելուն, ֆինանսաների նախարարությունից հանում տանում են էկոնոմիկայի նախարարություն ու գրանտներից օգտվելու հնարավորություն տալիս։

Ակնհայտ է, որ էկոնոմիկայի նախարարությունը չունի համապատասխան հնարավորություններ, լաբորատոր սարքավորումներ և ամեն ինչ ֆիկցիա է, թոզ փչոցի։ Բայց դա չի հետաքրքրում «տիրացուին» ու իր թիմին։ Կարևորը ավստրիական գրանտն է, ռուսական վարկը,  և «օդից» փող կպցնելը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը