Կարծիք

28.12.2011 12:37


Գուցե սկսենք ապրել մե՞ր ժամացույցով

Գուցե սկսենք ապրել մե՞ր ժամացույցով

…ըստ «Արարտյան ուխտագրքի»՝ 2012թ. լրանում է հայոց տոմարի 9595–րդ տարին, իսկ ըստ Հայոց բուն թվականի՝ 4504–րդ տարին։

Թե երբվանից են մարդիկ սկսել հաշվել ժամանակը և հետևել տիեզերական մարմինների ընթացքին, այսօր դժվար է ասել։ Մի բան պարզ է՝ հազարամյակներ առաջ այնպիսի ճշգրիտ հաշվարկներ են արվել, որ ճշգրիտ գիտությունների մեր դարում դրանք միայն ինչ–որ տասըհազարերորդականի շեղում են տալիս։ Այդպես է, օրինակ, Արեգակի շուրջը Երկիր մոլորակի պտույտի պարագայում։ Հենց Երկիր մոլորակի պտույտով էլ պայմանավորվում է երկրային ժամանակը, որը հաշվարկելու համար առաջացել են տոմարային համակարգերը։

Մենք գիտենք՝ ուրույն տոմարական համակարգ են ունեցել նաև հայերը։ Շատ գիտնականներ, սովորության համաձայն, ասում են, թե մենք այն փոխ ենք առել մեր առավել խելոք հարևաններից։ Նրանք կարծիք հայտնելիս կամ տեղյակ չեն լինում Հայաստանով մեկ սփռված ժայռապատկերներից, ամենատարբեր գտածոներից, ինչպես նաև մեր բանավոր զրույցներից ու առասպելներից, գրավոր աղբյուրներից, կամ դրանք դիտավորյալ անտեսում են՝ ջուր լցնելով մշակույթ ստեղծողի հովեր ունեցող այլոց ջրաղացին։

Չխորանալով տոմարագիտական ուսումնասիրությունների հակասական բավիղում, միայն նշեմ՝ ըստ «Արարտյան ուխտագրքի»՝ 2012թ. լրանում է հայոց տոմարի 9595–րդ տարին, իսկ ըստ Հայոց բուն թվականի՝ 4504–րդ տարին։ Վերջինի վերաբերյալ ավանդությունն ասում է, թե ճիշտ 4504 տարի առաջ՝ մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11-ին (հաշվարկը հիմնավորվում է այն տեղեկությամբ, թե մ.թ. 428թ. այդ օրը ավարտվել է Հայկա  2–րդ շրջանը) Հայկը սպանեց մեր երկիրը ստրկացնելու եկած Բելին ու դրանով հիմք դրեց ժամանակի Հայկյան հաշվարկին։ Հայկն այնուհետև «տեղադրվեց» երկնքում՝ դառնալով Հայկի համաստեղություն, որը Եվրոպայում հայտնի Օրիոնն է։ Տարվա 12 ամիսները՝ բաղկացած 30-ական օրից, կոչվեցին ժամանակը սահմանող Հայկի ուստրերի ու դուստրերի անուններով, իսկ հավելյալ 5 օրերը՝ անզեն աչքով տեսանելի մոլորակների։ Մեր հները նաև չեն առաջնորդվել ժամանակի միավորները  պարզապես համարակալելու սկզբունքով, դրա համար էլ անուն են տվել նաև ամսվա բոլոր 30 օրերին և օրվա բոլոր 24 ժամերին։

Որքան էլ հայոց տոմարի այդ անունները հիշատակվում են ու կրկնվում, մեր հիշողության մեջ այժմ նստվածք չեն տալիս, քանի որ համարակալելով՝ մենք ավելի հեշտ ենք հիշում։ Սակայն յուրաքանչյուր անուն մշակույթ է, հավատալիք, խորհրդանիշ, ուստի երևի ամեն առիթ պետք է օգտագործենք, որ դրանք վերհիշենք։  Իսկ Ամանորը հենց ամենահարմար առիթն է։

Այսպես, Հայկյան տոմարի 13 ամիսների անուններն են ըստ հերթականության. Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Արանց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից, Ավելյաց։

Վերջին՝ Ավելյաց ամսվա օրանուններն են Փայլածու (Մերկուրի), Արուսյակ (Վեներա), Հրատ (Մարս), Լուսնթագ (Յուպիտեր),  Երևակ (Սատուրն)։ 12 ամիսների օրանուններն ըստ հերթականության կրկնվել են և դրանք են. Արեգ, Հրանդ, Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեղ, Աստղիկ, Միհր, Ձոպաբեր, Մուրց, Երեզկան, Անի, Պարխար, Վանատուր, Արամազդ, Մանի, Ասակ, Մասիս, Անահիտ, Արագած, Գրգուռ, Կորդուիք, Ծմակ, Լուսնակ, Ցրոն կամ Սփյուռ, Նպատ, Վահագն, Սիմ, Վարագ, Գիշերավար։

Ցերեկվա ժամանուններն են՝ Այգ, Ծայգ, Զորացյալ, Ճառագայթյալ, Շառավիղյալ, Երկրատես, Շանթակող, Հրակաթ, Հուրփայլյալ, Թաղանթյալ, Արագոտ, Արփող, իսկ գիշերվա ժամանունները՝ Խավարակ, Աղջամուղջ, Մթացյալ, Շաղավոտ, Կամավոտ, Բավական, Խոթափայլ, Գիզակ, Լուսակն, Առավոտ, Լուսափայլ, Փայլածու։

Արդեն որքան ժամանակ է, մենք՝ հայերս, որ կարողացել ենք չափել ժամանակը ու դա այսօրվա սերունդներին հասցնել տարբեր միջոցներով ու նաև՝ «Սասնա ծռերի», ապրում ենք ուրիշների ժամացույցով ու նրանց շահերի շրջանակներում։ Գուցե այնքան էլ կարևոր չէ ժամանակի միավորներին տված մեր անունները կիրառել, սակայն  սեփական ժամացույցով ապրելը, կարծում եմ, արդեն հրատապ է։

Արմենուհի Փալանդուզյան

Այս խորագրի վերջին նյութերը