Քաղաքական

29.12.2011 23:20


Ռուբեն Հակոբյանը համեստություն և հասունություն է մաղթել Էդուարդ Շարմազանովին

Ռուբեն Հակոբյանը համեստություն և հասունություն է մաղթել Էդուարդ Շարմազանովին

Ինչպես հայտնի է, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը հիմնավորելու նպատակով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը պատրաստակամություն էր հայտնել ՀՀԿ մամլո խոսնակ և համատեղությամբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հրապարակայնորեն բանավիճել այդ հարցի շուրջ։

Շարմազանովը դրանից հետո լրատվամիջոցներից մեկին որոշ մեկնաբանություններ էր ներկայացրել և դեմ արտահայտվել նշյալ օրենսգրքի փոփոխությանը, ինչին էլ հետևել էր Ռ. Հակոբյանի արձագանքը։

«Ցավում եմ, որ Է. Շարմազանովը այդքան շուտ վարակվեց նարցիսիզմով և ինքն իրեն կարգեց խորհրդատու, ինչի համար առնվազն անհրժեշտ է ապրած սեփական կենսագրությամբ դրա իրավունքը նվաճել։ Երիտասարդ պատգամավորը փորձել է խուսափել ասելիքիս բուն իմաստից, թե ինչ ճանապարհով այսօր կարելի է ազատ ու արդար ընտրությունների միջոցով ձևավորել վստահություն ներշնչող ԱԺ, այդ թվում նաև այս փուլում հրաժարվելով մեծամասնական համակարգից և խոսքիս միայն մեկ հատվածին անդրադառնալով՝ անցել է բարոյախոսական քարոզի, ինչը կարելի է դիտարկել երեսպաշտության դրսևորման դասական օրինակ։ Եթե պարոն Շարմազանովը իսկապես համոզված է իր մոտեցումների ճշմարտացիության մեջ, ես նրան հրավիրում եմ ուղիղ եթերում հեռուստատեսային բաց բանավեճի։

Կասկածում եմ, որ նա կհամաձայնի առաջարկությանս, որովհետև ստիպված կլինի հրապարակավ պաշտպանել սուտը, կեղծիքը, կոռուպցիան, պլուտոկրատիան, հանցագործություններն ու շատուշատ բաներ, որոնք այսօր բացահայտ խոչընդոտում են պետության կայացմանը։

Իսկ երիտասարդ պետական գործչին Ամանորին ցանկանում եմ համեստություն և հասունություն»,– ասված է «Ժառանգության» փոխնախագահի տարածած հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը