Կարծիք

30.12.2011 13:59


Վիշապին հյուր կամ մեր օրերի քաղաքական վիշապները

Վիշապին հյուր կամ մեր օրերի քաղաքական վիշապները

Որ Վիշապն սպառնում է նաև Հայաստանին, չխոստովանել չենք կարող։ Ու նրա երախի բացվածքը մեծանում է խորհրդարանական ընտրությունների մոտենալուն համընթաց։ Որովհետև ով կժխտի՝ խաղասեղանին է դրված երկրի բախտը, և ընտրությունների ելքից է կախված՝ կընկղմվե՞նք խավար անդունդը, թե՞ Վահագնի կայծակով ու Սասնա տան Թուր կեծակիով կբացենք կենարար ջրերի ճանապարհը։

Արևելյան հորոսկոպի համաձայն՝  սկսվում է ջրային սև վիշապի տարին։ Թվում է՝ մեզ՝ հայերիս համար այնքան էլ պատվաբեր չէ, մեր սեփական՝ արիական հորոսկոպի խեցգետնի նշանը թողած՝ խոսել չին–ճապոնական վիշապի մասին, սակայն եթե հիշենք, թե ինչ տեղ ունի այս առասպելական հրեշը հայոց  հավատալիքներում, աշխարհաճանաչողության մեջ, զրույցներում, ամեն ինչ տեղը կընկնի։ Ու չմոռանանք նաև՝ դեռևս անցած դարի կեսերին անգլիացի Օլքոթն էր նշում, թե կենդանակերպի համաստեղությունները կարող էին դիտվել և անվանվել միայն աշխարհագրական այնպիսի վայրում, որն զբաղեցնում է Հայաստանը, իսկ այսօր էլ բազմաթիվ գիտություններ դա են հաստատում։ Այնպես որ, բացառված չէ, որ Հեռավոր Արևելքում հենց մեր Վիշապն են փոխառել։

Ուշագրավ է, որ վիշապը հայոց մեջ հենց հատկապես ջրերի հետ է առնչվում։ Հիշենք՝ Վիշապաքաղ Վահագնը իր կայծակ–թրերով կռվում է վիշապի դեմ, հաղթում նրան և բացում երկնային ջրերի ճանապարհը։ Թեև մենք Վիշապաքաղ բառը կապում ենք վիշապներին վերացնող, «քաղող» իմաստի հետ, սակայն մի անգամ կարդացի, որ դա քաղ՝ այծ բառի հետ է առնչվում։ Իսկ մեր ժայռապատկերների այծն էլ աստծո նշանի հետ է առնչվում, որ կարող է նշանակել, թե Վահագնը ոչ թե պարզապես վիշապներին վերացնողն էր, այլ աշխարհի կարգը հաստատող աստված (վաղ շրջանի պատկերացումներում գերագույն էակները հանդես են եկել վիշապի ու աստծո միասնական կերպարով)։ Այն սյուժեները, որոնք մեզ են հասել Վահագնի վերաբերյալ պատառիկներում, առկա են բազմաթիվ էպիկական պատումներում, հեքիաթներում, ավանդազրույցներում, ընդ որում՝ ոչ միայն հայկական։

Գիտնականներն այսօր բացահայտում են բնության նորանոր հատկություններ, որոնք դժվար է հստակ նկարագրել։ Պարզվում է՝ նրանցից առավել տեղյակներն ու հնարամիտները գտել են դրա ելքը՝ նրանք դիմում են հնագույն ժամանակներից մեզ հասած առասպելներին` Ճանաչելով այս կամ այն առասպելի մեջ թաքնված ճշմարտությունը։ Տիեզերքն ուսումնասիրող գիտնականները Ծիր կաթինի՝ մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերերել են մի սև խոռոչ, որի բնույթը, որքանով գիտեմ, դեռևս չեն կարողանում հասկանալ, սակայն նրա գոյությունը վախով է համակել տիեզերքի օրենքներից բան հասկացողներին։ Դրա մասին ասում են, թե բոլոր գալակտիկաներում էլ կան, առաջանում են աստղի կործանումից, ձգողականության այնպիսի մեծ ուժով են օժտված, որ լույսի արագությունն անգամ այն հաղթահարել չի կարողանում (դրա համար էլ, կարելի է ասել, «խավարի թագավորություն» են)։ Վերջերս էլ ամերիկացի աստղագետներին հաջողվել է դիտել մի երևույթ, որը հարյուր հազար տարին մեկ է լինում՝ Գալակտիկայի կենտրոնում գտնվող սև խոռոչը աստղ է կլանել։ Այդ կործանարար վիհը Երկիր մոլորակից 3,8 մլրդ լուսատարի հեռավորություն ունի և Արեգակից 10 անգամ փոքր լինելով՝ 3–4 մլն անգամ առավել զագվածեղ է։

Ահա այս Սև խոռոչն է, որ, ըստ հայագետ Արթուր Արմինի, հայոց մեջ Վիշապ անունն է ստացել։ Սա գիտություն է՝ թաքնված առասպելի մեջ՝ թաքնագիտություն (էզոթերիկա)։ «Հնագույն հեթանոսական աստվածաշունչ Սասնա Ծռեր էպոսը» գրքում, որտեղ Արթուր Արմինը նորովի ու շատ ուշագրավ  տեսանկյունից է բացահայտում մեզ որպես բանահյուսության նմուշ հայտնի «Սասնա ծռերը», նշվում է, որ այն ժամանակի խորքերից մեզ է հասցրել մեր հավատամքի կարգակառույցը։ Իսկ եթե հավատամք է, պետք է անպայման ձևավորած լինեն տիեզերածնության, աշխարհաճանաչողության վերաբերյալ պատկերացումներ, որտեղ մեծ դեր ունեն նախաստեղծ քաոսի ընդերքից ելած, ապա կերպարանք, ձև ու բովանդակություն ձեռք բերած էակները։ Հետաքրքիր է վիշապ բառի ստուգաբանությունը՝ վիհշապ (կարելի է համեմատել վիրապ բառի հետ), որտեղ երկրորդ բաղադրիչը կարող էր նշանակել շապիկ՝ սահման, եզերք կամ ափ իմաստներով, իսկ այս վերջինն էլ վիշապին առնչում է նաև ջրի հետ…

Դե ինչ, բացահայտված է, որ Վիշապ առասպելական հրեշը իրականում բնության մի հզոր երևույթ է, իսկ բնության շատ երևույթներ կարող ենք համեմատել հասարակության օրենքների հետ։ Կարծում եմ՝ հարկավոր չէ պատմաբան լինել, որպեսզի նկատես, որ վերջին ավելի քան մեկ դարում մեր մոլորակի կյանքը դարձել է առավելագույնս բուռն ու շրջադարձային՝ համեմված համաշխարհային ու տարածաշրջանային պատերազմներով, արյունոտ ու անարյուն հեղափոխություններով, միջազգային ահաբեկչությամբ ու դրա դեմ պայքարի խարդավանքներով, ֆինանսական դավադրություններով, գիտության ու տեխնիկայի աննախադեպ վերելքով, սպառազինության մրցավազքով, կրոնական մոլեռանդությամբ, կեղծ ու շիտակ գաղափարներով և քաղաքական խաղերով։ Եվ սրանցից ցանկացածը կարող է ամենակուլ վիշապի նման մեր մոլորակն առնել իր խավար վիհի մեջ, իսկ բոլորը միասին՝ գուցե Գալակտիկայի ներսում երկրորդ Սև խոռոչը ձևավորեն…

Որ Վիշապն սպառնում է նաև Հայաստանին, չխոստովանել չենք կարող։ Ու նրա երախի բացվածքը մեծանում է խորհրդարանական ընտրությունների մոտենալուն համընթաց։ Որովհետև ով կժխտի՝ խաղասեղանին է դրված երկրի բախտը, և ընտրությունների ելքից է կախված՝ կընկղմվե՞նք խավար անդունդը, թե՞ Վահագնի կայծակով ու Սասնա տան Թուր կեծակիով կբացենք կենարար ջրերի ճանապարհը։ Այս ճակատում Հայաստանին սպառնում է մի բազմագլուխ Վիշապ։ Գլուխներից երկուսը՝ մեկը կլանային իշխանություն անունով,  մյուսը՝ տիտղոսային ընդդիմություն, քիչ է մնում իրար կուլ տան, բայց ստիպված են մեկ–մեկ նույն կերակրատաշտից օգտվել։ Նրանցից առաջինին ուժ է տալիս իշխանության լծակների բարիքներից զրկվելու ու պատասխանատվություն կրելու վախը, մյուսին՝ զրկանքներից ու տեղի ունեցող գործընթացներից գրեթե հուսահատված զանգվածների զգացմունքների հետ խաղալով՝ իշխանության լծակներին վերստին տիրելու և ավազակապետության հիմնադրի իրավունքով դրա զարգացման նոր աստիճանի բարիքները վայելելու անկատար մնացած իղձը։ Նրանք երկուսն էլ ընտրակեղծիքների վարպետ են, սակայն մեկը ստանձնել է գլխավոր մեղադրողի, մյուսը՝ անհամոզիչ խոստումներ տվողի դերը։ Եթե տեղյակ չլինես նրանց գործերից ու միայն լսես, ապա կմտածես, թե իրենցից զրկված Հյաստանը սրընթաց կհայտնվի Վիշապի երախում։

Թե ընտրություններից հետո ինչ գործընթացներ կարող են տեղի ունենալ տարբեր երկրներում, 21–րդ դարի մարդու համար նորություն չէ։ Վառ օրինակ են Վրաստանը, Ուկրաինան, Իրանը, Ղազախստանը…, այժմ էլ  Ռուսաստանը։ Այսօր ընտրակեղծիք անվան տակ տվյալ երկրին կարող է մեղադրել ով ասես ու դա օգտագործել սեփական շահերն առաջ տանելու համար։ Սա մի առաձգական գործիք է, որը կարող ես ձգել քո ուզած կողմի վրա, և բոլոր կողմերն էլ կարող են հավասարաչափ օգտագործել։ Մեկը կասի՝ դու ես արել, մյուսը՝ ես չեմ արել, իսկը երեխայական խաղ։

Հայաստանում այս գործիքը նորից դուրս է եկել պահեստից ու հսկա ծամոնե գնդակի նման քաշքշվում է։ Մեր մեծերը երեխաներին ասում են՝ քար մի՛ վերցրու, քարի մեջ արյուն կա։ Իսկ այս ծամոնե գնդակի մեջ էլ, ըստ երևույթին, ռումբ կա, որը կարող է պայթել, ու գուցե՝ 2009թ. մարտի 1–ից էլ ուժգին։ Պարզապես այն ժամանակ որոշ հաջողությունների հասած երկրի իշխանության դեմ դուրս էր եկել նրան գրեթե տասնամյա մութուցրտի դատապարտած ու պարտվողական տրամադրություններով առաջնորդվող ուժը։ Այսօր պատկերն այլ է՝ վերջին տարիներին Հայաստանում կյանքն ավելի է դժվարացել, մեր միջազգային դիրքն էլ ավելի է թուլացել, այսինքն՝ երկրի կառավարումն արդեն ոչ մեկին չի գոհացնում, բացի դրանից անձնական շահ ունեցողներից։

Այսօր մեզ հարկավոր են սրանցից տարբեր՝ մեր ազգի իրական շահը գիտակցող, իսկապես համամարդկային գաղափարներ դավանող, այլ ոչ թե Արևմուտքին հաճոյանալու նպատակով դրանց անունից հանդես եկող, գրագետ, պայքարող, նպատակասլաց, ընչաքաղցությունից զերծ, տնտեսվար, աշխարհի կարգը գիտակցող ու նրա հետ խոսել իմացող ուժեր, որոնք մեր բարդ դարաշրջանում կկարողանան Հայաստանն առաջ տանել։ Որ հայերն այդ ներուժն ունեն, չեմ կասկածում, բայց հարցն այն է, թե որքան ժամանակ ու հնարավորություններ են հարկավոր, որպեսզի այդ ուժերը ներսից մակերես ելնեն ու սկսեն գործել։ Դրա համար նախ հարկավոր է մշակված, հիմնավորված, մատչելի ձևակերպված ու հասարակությանը հասանելի ազգային գաղափարախոսություն։ Իմ կարծիքով՝ այսպիսին պիտի լինի սևակնած երկնքի «վիշապներին» քշող կայծակ–թուրը, որը կփայլատակի երկրի բախտով մտահոգ, այլ ոչ թե առուփախի տրամադրությամբ համակված հայերի ձեռքին։ Միայն սրա միջոցով կարող ենք ընտրակեղծիքների դեմն էլ առնել, դրանք շահարկողների դեմն էլ ու Լույսի թագավորություն դարձնել մեր բնօրրանը։

Մայաների օրացույցը, ասում են, Վիշապի նշանով ուղեկցվող այս տարին համարել է վերջինը մարդկության պատմության մեջ։ Ես մտածում եմ, որ եթե Հայաստանում, որը Հին Արևելքի ժողովուրդներն ու ազգերը շատ երկար ժամանակ համարել են աստվածների բնակավայր, անմահության երկիր, աստվածային սուրբ օրինաց երկիր ու կաճառ, կարողանա «սպանել» այս տարվա խորհրդարանական ընտրությունների տեսքով մեզ սպառնացող «վիշապին» և բռնի զարգացման ուղին, Վիշապի տարին պարզապես կլինի վնասների վերջը Ձկան դարաշրջանի (սկսվել է մ.թ. առաջին դարից, տևողությունն էլ 2150-2160 տարի է), որը մարդկությանը մեծ կորուստներ, փորձություններ ու այլասերում բերեց։ Դրանից հետո կսկսի բացվել ջրերի ճանապարհը, այսինքն՝ ընթացքը դեպի  Ջրհոսի առավել բարի դարաշրջան։ Գուցե որոշ մարդիկ սրանից ազգային սնապարծության հոտ կառնեն։ Ես նրանց խորհուրդ կտամ մեր ազգի ակունքների ու դերակատարության մասին մի քիչ ավելի շատ տեղեկություններ քաղել ու մեր հակառակորդների քարոզչության զոհը չդառնալ…

Այսուհանդերձ, հորոսկոպը խոստանում է՝ 2012թ. Սև ջրային վիշապն ուժեղ է, իմաստուն, արդարամիտ, իսկ նրա բարեհաճությանն արժանանալու համար հարկավոր է լինել համառ ու ազնիվ և բարի արարքներ գործել։

Արմենուհի Փալանդուզյան

Այս խորագրի վերջին նյութերը