Մեկնաբանություն

17.01.2012 00:13


ԳերԱՊՊԱ՜

ԳերԱՊՊԱ՜

Մի քանի օր առաջ ինձ ու ավտոմեքենաս էի տեխզննման փորձության ենթարկել։ Դա այն անիմաստ պրոցեդուրաներից է, երբ մարդը փող է տալիս՝ շատ լավ հասկանալով, որ դա պետականորեն իրականացվող ռեկետի պես մի բան է, քանզի ո՛չ ստուգում են երկաթե նժույգիդ «որպիսությունը», ո՛չ էլ կստուգեն եթե խնդրես։ Դա դեռևս սովետից է գալիս։

Այս թեմային չէի անդրադառնա, եթե չլիներ այն PR–փուչիկը, որը փչվում էր այս հարցի շուրջ։ Եթե հիշում եք, նախորդ տարվա կեսերին Տիգրան Սարգսյանի թիմը և «սերժատու» լրատվամիջոցները թմբկահարում էին, թե նոր կարգ են մտցրել ու բարեշրջել ոլորտը (կամ՝ ոլոլորտը), այնպես բարեշրջել, որ «հոպլա» և դու այլևս «տեխզննված» ես՝ մեկ պատուհանի սկզբունքով։ Բնականաբար չէի հավատում, որովհետև այս կառավարությունը բացի դեմագոգիայից ու փող պոկելուց, այլ բանի ընդունակ չէ։

Ասեմ ձեզ, հարգելի՛ ընթերցողներ, որ չէի սխալվել, քանի որ բան չի փոխվել, պարզապես, հայտնի անեկդոտի պես, թղթաբանությունն է ավելացել և վազվզոցին։ Դա կհաստատի ցանկացած մեկն, ով տեխզննման դժոխքն անցել է։

Անտեղյակների համար ներկայացնեմ տեխզննման կտրոն վերցնելու քայլերը և ինքներդ դատեք, թե որքանով է բարեշրջված այդ գործընթացը։ Եվ այսպես, սկզբում մտնում ես թաղապետարան կամ, ինչպես հիմա են ասում, Երևանի վարչական շրջան, օրինակ՝ Շենգավիթ, ու հերթ ես պահում, որպեսզի իմանաս, թե ինչքան փող ես «կլպվելու»՝ կախված «նժույգիդ» շարժիչի «կլապանների» քանակից ու բենզին խժռելու ախորժակից։ Երբ հերթը հասնում է քեզ՝ գույքահարկի բաժնի «մուննաթ» դեմքով աշխատակիցը քեզ է տալիս մի թուղթ, որի վրա գրված է, թե ինչքան պետք է մուծվես։ Գնում ես թաղապետարանի շենքում տեղադրված մուծման խցիկի մոտ ու հերթ կանգնում, որպեսզի փող տաս։ Վճարելուց հետո նորից գալիս ես գույքահարկի բաժնի այն նույն աշխատողի մոտ հերթ պահում, որպեսզի վերցնես «զրոյականը» և վազես մոտակա բանկերից մեկը՝ հերթ պահելու և փող մուծելու, որն առաջ անում էիր տեխզննման կետում. այ, ա՛յս քայլն է «բարեշրջումը», երբ տեխզննման կետում վճարելու փոխարեն դա անում ես բանկում ու ստանում դիմապակուն կպցնելու թուղթը, բայց եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում հետո։

Երբ գնում ես տեխզննման կետ, օրինակ՝ Արշակունյաց փողոցի վրայի առաջվա «տրամվի պարկ» կոչված տարածքում ստեղծվածը, վերջնականապես պարզ է դառնում Տիգրան Սարգսյանի «բարեշրջման» ամբողջ բլեֆը։ Բանն այն է, որ տեխզննման կետի աշխատակիցը քեզանից պահանջում է 5000 դրամ՝ «ախպեր ջան, հինգ հազար տուր վռազ պեչատենք տեխտալոնդ, գնա» ծրագրի շրջանակներում։

Ես բնականաբար չտվեցի ու հետաքրքրվեցի, թե ինչու պետք է մուծեմ մի բանի համար, որը նախատեսված չէ օրենքով և վճարման դիմաց որևէ կտրոն չի տրվում։

«Հարցը հինգ հազարը չէ, այլ սկզբունքն ու իրավունքը»,– ձայնս մի փոքր բարձրացնելով ասացի ես, երբ տեխզննման աշխատակիցը, գույքահարկի բաժնի աշխատակցի պես, «մուննաթ» դեմք ընդունեց։

«Դա մեր սպասարկման համար է,– վրա տվեց «պեչատիստը» և երբ նկատեց դեմքիս արտահայտությունը՝ «սպասարկման» գինն անմիջապես գցեց և «ախպերական» ձայնով ավելացրեց,– կարաս 3000 տաս»։

Մի խոսքով, շատ չերկարացնեմ, իրենց ուզած փողը չտվեցի ու տեխզննման կտրոնս էլ առանց փողի «պեչատեցին», բայց իրենց ասեցի, որ դա որպես լավություն չեմ գնահատելու և իմ վերաբերմունքն եմ արտահայտելու (այս հոդվածն այդ վերաբերմունքն է)։

Ամփոփելով «տեխզննման էպոպեան» ասեմ, որ թաղապետարան–բանկ–տեխզննման կետ ամբողջ գործընթացը տևեց ուղիղ 1 ժամ 12 րոպե։ Սա էլ ձեզ Տիգրան Սարգսյանի «բարեշրջման» տևողությունը։

Հայտնի գովազդը մի փոքր ձևափոխելով՝ կարելի է գործադիրի մշակած տեխզննման նոր կարգի մասին ասել. «Եթե ԱՊՊԱ, ապա ՏԻԿՈ»։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Նորաստեղծ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը» թող զբաղվի ու հանրությանը տեղեկացնի, թե ու՞ր են գնում տեխզննման կետերում պահանջվող 5000–ները։ Կա՞ մեկը, ով կասկածում, որ այդ փողերը վերև են գնում։

Այս խորագրի վերջին նյութերը