Մեկնաբանություն

19.01.2012 17:28


Սերժ Սարգսյանն անում է Գագիկ Ծառուկյանի գործը

Սերժ Սարգսյանն անում է Գագիկ Ծառուկյանի գործը

Վերջերս լուր տարածվեց այն մասին, որ Արարատի փոխքաղաքապետը, ով նաև ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարներից էր, դուրս է եկել Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունից, քանի որ ուզում է ծառայել Սերժ Սարգսյանին։ Այդ լուրն այնպիսի արագությամբ տարածվեց իշխանական լրատվամիջոցներով, որ պարզ երևացին Սարգսյանի երիտշրջապատի ականջները։

Ակնհայտ է, որ ՀՀ «նախաձեռնող» ղեկավարն իր վերջին փամփուշտներն է կրակում և ՀԱԿ–ում տեղադրված ականներին պայթեցնելուց, մինչև վերջերս անկախի համբավ ունեցող լրատվամիջոցներին «փչացնելուց» հետո սկսել է զբաղվել ԲՀԿ–ով։ Առաջին խփված «ծիծեռնակները» «բարգավաճական» թութակներն էին, ովքեր պարում էին նախագահականի դուդուկի տակ։ Նրանց միացավ նաև «Հայբուսակի» Անոն։ Եվ ահա, «հայբուսականում է» նաև Արարատի փոխքաղաքապետը։

Արձանագրենք, որ նախագահականի ձեռնարկած այդ միջոցառումները բավական դրական նշանակություն ունեն. Սերժ Սարգսյանը, փաստորեն, կատարում է Գագիկ Ծառուկյանի գործը՝ մաքրելով ԲՀԿ շարքերը պատեհապաշտներից ու ականներից։

Կարծում ենք, որ Ծառուկյանը պետք է շնորհակալ լինի «հուշագրերի» մեծ սիրահար Սարգսյանից, քանզի վերջինս կատարում է սևագործ աշխատանք և ակամայից կարգի բերում ԲՀԿ–ի շարքերը։

Բազմիցս է նշվել, որ Ծառուկյանը պետք է թարմացնի իր թիմը և ուժեղացնի քաղաքական կոմպոնենտը։ Այդ գործընթացը քիչ դանդաղ է ընթանում ու հասարակության լայն շրջանակներին դեռևս տեսանելի չէ։ Վերարտադրվելու մոլուցքով տառապող Սարգսյանը, սակայն, հուշում է Ծառուկյանին, որ պետք է փոքր–ինչ արագացնել գործողությունները։

Որքան շուտ բացահայտվեն ականները, և որքան մաքրված լինեն ԲՀԿ կառույցները, այնքան ավելի լավ։ Մեկ–երկու հոգու դուրս գալով՝ ԲՀԿ–ն, բնականաբար, չի թուլանա, այլ ճիշտ հակառակը։ Այնպես որ, Սերժ Սարգսյանը թող ջանք չխնայի իր «գործընկերոջն» աջակցելու հարցում և նախադրյալներ ստեղծի իր իշխանազրկման համար։ Ի վերջո, «անոներն» ավելի լավ է պայթեն ընտրություններից առաջ, քան ընթացքում։

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը