Կարծիք

23.01.2012 13:28


Հանրապետական կուսակցության իշխանազրկումը՝ բացառիկ գերակա շահ

Հանրապետական կուսակցության իշխանազրկումը՝ բացառիկ գերակա շահ

Թերևս, սա իրոք միակ, ընդ որում` վաղուց արդեն հասունացած բացառիկ գերակա հանրային շահն է, որի իրագործմամբ շահագրգիռ է ժողովրդի ճնշող մեծամասնությունը (բացառությամբ, իհարկե, այդ կուսակցության ղեկավարության և նրանց խոջա-ուժային սակավաթիվ հենարանների): Սա նաև միակ բացառիկ գերակա հանրային շահն է, որի իրագործման շնորհիվ միայն` մեր երկրում կարող են կտրուկ մեծանալ ժողովրդավարական արժեքների գործունեության դինամիկան և դրական արդյունքները

Իշխանազրկման երկու ճանապարհից` ընտրությունների կամ ժողովրդական տարերային ընդվզման միջոցով, նախընտրելին, անշուշտ, առաջինն է (չնայած` ժողովրդական ալիքով հեղափոխությունը բնավ հակաօրինական չէ ու երբեմն անհրաժեշտություն է): Այդ տեսանկյունից բացառիկ հնարավորություն է մայիս ամսվա խորհրդարանական ընտրությունը: Եվ ընդդիմադիր ուժերը ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ գոնե հիմա վեր դասել հայրենաշահը: Հակառակ դեպքում` Հանրապետականի կողմից իշխանությունը նորից զավթելու պարագայում ժողովրդի աչքում նրանք կարող են վերածվել իշխանակեր ուժերի կցորդների կամ հավելվածների:

Իսկ ո՞րն է ուղին (կամ` ուղիներից մեկը): Վերոնշյալ` բացառիկ գերակա հանրային շահի կենսակոչման տեսանկյունից, ըստ իս, արդյունավետ կարող է լինել ներքոնշյալ երեք առաջարկի իրագործումը:

Առաջին. Ընդդիմադիր ուժերը հետևողականորեն պետք է վկայակոչեն ՌԴ Պետդումայի ընտրություններում իշխող կուսակցության փաստացի պարտությունը` 15 տոկոսով քիչ ձայներ ստանալը (այն էլ` պաշտոնական տվյալներով): Այս հանգամանքը չափազանց կարևոր է, քանի որ մեր երկրում Հանրապետականի կողմից բավական կլինի իրենց հյուսիսային ավագ եղբայրների ցույց տված արդյունքի լոկ կրկնությունը, և հակահայկական ու հակամարդկային այս փտած բրգիկը կփլուզվի: Չեն օգնի անգամ հանցագիր-հուշագիրներն ու խմբիշխանակերությունը, որին կոալիցիա են անվանել: Ու եթե ՌԴ-ում իշխող կուսակցության «հաշվին» չկային «մարտի 1» և հարյուրավոր քաղբանտարկյալներ, և այդ կուսակցությունն անգամ մեծաթիվ ընտրակեղծիքներով հանդերձ 15 տոկոս քիչ ձայն ստացավ, ապա «մարտի 1», բազմաթիվ քաղբանտարկյալներ և, ի լրումն` ահագնացող արտագաղթ իր իշխանության օրոք արձանագրած Հանրապետականը ոչ թե 15 տոկոս, այլ զգալիորեն  ավելի քիչ ձայն պետք է ստանա:

Երկրորդ. Համապետական բոլոր ընտրություններում օրվա իշխանությունն իր հաշվեկշռում մշտապես գումարել է բանակի ձայները: Այս անգամ (բայց և` որևէ կերպ չփորձելով ՀՀ զինված ուժերի շրջանում քաղաքական քարոզչություն ծավալել) ընդդիմադիրները պետք է ընդամենը գոնե մեկ-երկու անգամ կոչով դիմեն Հայոց բանակի զինվորներին: Կոչը, ըստ էության, պետք է լինի շատ կարճ, որում անհրաժեշտ է ներառել հետևյալ միտքը. «Քվեարկության օրը ընտրատեղամասում դուք գրչի այդ շարժումով կատարելու եք ոչ թե ձեր զինվորական, այլ քաղաքացիական պարտքը, հետևաբար` քվեարկեք խղճի մտոք»: Եվ շատ կարևոր է, որ ընդդիմադիր ուժերն այդ կոչը զինվորներին հղեն համատեղ` դա անելով քվեարկությունից, դիցուք` 10 կամ 20 օր առաջ: Եվ պետք չէ վախենալ հնարավոր այն մեղադրանքներից, թե իբր ընդդիմությունը բանակը քաղաքականացնում է: Երիցս` ոչ: Օրվա իշխանությունն է այդ անում` զինվորներին զանգվածաբար քվեարկելու տանելով տարբեր ընտրատեղամասերում և ներքաղաքական անկայունության օրերին օգտագործելով պետության զինված ուժերը:

Երրորդ. Ընտրությունները միայն համամասնականով անցկացնելու պահանջները Հանրապետականը, անշուշտ, չի ընդունի (ո՞վ իր ձեռքով պարանը կհանգուցի սեփական պարանոցին): Ուրեմն` ընդդիմադիր ուժերը, ասենք` երեք առավել հայտնիները, մեծամասնական ընտրատարածքների վերաբերյալ պետք է գան գործնական հստակ պայմանավորվածության: Օրինակ` յուրաքանչյուրն իր թեկնածուներին այդ 41-ից պետք է առաջադրի 10-ում կամ 11-ում (մնացածում նրանք պետք է սատարեն ոչ իշխանական, առավել արժանավոր թեկնածուի): Որից հետո այդ երեք ուժերը պետք է կոչով դիմեն ընտրատարածքների բնակիչներին` հորդորելով ձայնը տալ արդեն միացյալ ընդդիմության տվյալ թեկնածուին` տվյալ ընտրատեղամասում, ինչի դեպքում ընտրողները մեծ հավանականությամբ հենց այդպես էլ կընտրեն: Սա ձեռնտու է այդ երեք ուժերից յուրաքանչյուրին (էականորեն մեծանում է նրանց այդ 10-11 թեկնածուների ընտրվելու հնարավորությանը) և լուրջ մարտահրավեր է լինելու Հանրապետականի ղեկավարության`  մեծամասնականի միջոցով իշխանազավթիչ հերթական ծրագրին:

Վերոնշյալ երեք առաջարկի իրագործումը, իմ կարծիքով, արդյունավետորեն կնպաստի Հանրապետականի իշխանազրկմանը: Թե ի՞նչ չափով` դարձյալ կախված է նույն ընդդիմադիր ուժերից, քանզի հանրության բացառիկ գերակա շահը վաղուց է հայտնի և ենթակա օր առաջ կատարման:

Եվ վերջում, թեմայի հետ ուղղակի կապ չունեցող ևս երկու խնդրի մասին: Իրեն «ազգի մտավորական» համարող գրողը Քաջարան գյուղ այցելելուց հետո մամուլում նաև նշել էր, թե «Այնտեղ դպրոց չկա»: Ընդամենը: Թե որքանո՞վ է «ազգի մտավորականի» համար բարոյական այդպես, իմիջիայլոց փաստել (այն էլ` սահմանամերձ գյուղի մասին) նախամայր դպրոցի բացակայությունը, անկեղծորեն գիտե միայն նրա «մտավորական» խիղճը: Այնինչ դա պետք է ներկայացվեր որպես ահազանգ: Եվ Քաջարանի` հիրավի մտահոգիչ խնդրով զբաղվող քաղաքական ուժերին ու գործիչներին կառաջարկեի հանքասեր կառավարությունից նաև պահանջել` ապահովել ՀՀ սահմանամերձ համայնքներում դպրոցների և նախակրթարանների հիմնումն ու նորմալ կենսագործունեությունը: Սահմանապահ զինվորն առավել աչալուրջ կհսկի և կրկնակի եռանդով կմարտնչի` իմանալով իր թիկունքում գտնվող դպրոցում հասակ և ուսում առնող երեխաների մասին:

Երկրորդ խնդիրը նույնպես ռազմավարական կարևորություն ունի: Առկա է Հայաստան-Արցախ ցամաքային, շուտով կգործի նաև օդային հաղորդակցության ուղին: Բայց անհրաժեշտ է նաև լրջորեն զբաղվել Հայաստան-Արցախ երկաթուղային հաղորդակցության ճանապարհի բացման խնդրով: Հայկական երկու պետությունները կապող երկաթուղային հաղորդակցության ուղու նշանակությունը թերևս հնարավոր չէ գերագնահատել, իսկ այն հետագայում նաև կարող է որպես միջանկյալ դիտարկվել Հայաստան-Իրան երկաթուղու համար…

Արամ Ենոքյան

Այս խորագրի վերջին նյութերը