Մեկնաբանություն

24.01.2012 18:02


Հայրենասիրության սեփականաշնորհում

Հայրենասիրության սեփականաշնորհում

Նախքան բուն ասելիքիս անցնելը՝ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշման կապակցությամբ։ Սա հայ ժողովրդի հաղթանակն է ու մեզ համար ազդակ պետք է հանդիսանա՝ միջազգային մակարդակով պայքարելու և Հայոց ցեղասպանության ընդունումը Թուրքիային պարտադրելու։

Հիմա բուն ասելիքս։ Անկեղծ ասած՝ ծիծաղս գալիս է, երբ Սերժ Սարգսյանի սազանդարները փորձում են Ֆրանսիայի ներկայացուցչական մարմնի վերին պալատի ընդունած որոշումը ներկայացնել որպես ՀՀԿ «ճկուն» ղեկավարի նախաձեռնողական քաղաքականության արդյունք։ Ախր ա՛յ «ֆուտբոլասերներ», դուք Ցեղասպանության հարցը հայ–թուրքական արձանագրություններով առևտրի առարկա եք դարձրել, ավելի լավ է լռեք, իսկ եթե իրոք գիտակցել եք ձեր սխալը, ապա հետ վերցրեք ցյուրիխյան ստորագրությունը։

Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանը Գյուլի «խաթեր» Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկների վրայից պոկեց Մասիսն ու Հայաստան–Թուրքիա խաղի ժամանակ անջատել տվեց Ծիծեռնակաբերդի լույսերը։ Եթերն այդ օրերին ողողված էր պրոթուրքական քարոզով։ Գյուլի մասին «ազատ, բայց սերժատու» հեռուստաալիքները խոսում էին այնպես կարծես «ռեվիզոր» եկած լիներ։ Հիմա ինչպե՞ս պատահեց, որ Սերժ Սարգսյանը դարձավ Ֆրանսիայի որոշման վրա ազդող մարդ։ Եթե Սարգսյանն ազդող էր, ապա թող երկու տարի առաջ ազդեր ամերիկացիների վրա, այլ ոչ թե ԱՄՆ փոխնախագահ Բայդենին զանգեր ու խնդրեր, թե մի խանգարեք հայ–թուրքական մերձեցմանը։ Ինչևէ։

Ֆրանսիայի սենատի որոշումը, եթե կուզեք, ի հեճուկս «ֆուտբոլային» դիվանագիտության էր և, հետևաբար, Սերժի ականջներն այստեղ դրական իմաստով տեսնողները պարզապես հաստիքային ներբողագիրներ են։ Ավելին՝ Ֆրանսիայի որոշումն իր ներքին փիլիսոփայությամբ հակադրվում է տխրահռչակ արձանագրություններին և իրավական պատասխանատվություն է նախատեսում։ Եվ ուրեմն Սերժ Սարգսյանին չարժե վերագրել մի բան, որի հետ նա կապ չունի։

Բազմիցս եմ նշել, որ Գյուլի հետ քիրվայություն անողների վերջին հանգրվանն այժմ դարձել է «հայրենասիրությունը»։ Ամեն օր համոզվում եմ դրանում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը