Աշխարհ

30.01.2012 12:15


Է. Նալբանդյան. «Թուրքիան պետք է մնա ինչքան հնարավոր է հեռու ղարաբաղյան գործընթացից»

Է. Նալբանդյան. «Թուրքիան պետք է մնա ինչքան հնարավոր է հեռու ղարաբաղյան գործընթացից»

Հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է.

«Ինչ վերաբերում է վերջնագրերին, կամ այս ոճով հայտարարություններին, հատկապես եռանախագահողների ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը մասնակցություն ունենալուն, մենք արդեն արտահայտվել ենք. եթե Թուրքիան իսկապես անկեղծորեն ցանկանում է օգնել այս գործընթացին, ապա պետք է մնա ինչքան հնարավոր է հեռու այս գործընթացից: Իհարկե թուրքական կողմը մեկ-մեկ, երբ փակում են իր առջև դուռը, փորձում է ծխնելույզից, երդիկից ներս մտնել: Դա առաջին անգամ չէ և ինչ-որ հատուկ զարմանք արդեն չի առաջացնում: Չեմ կարծում, որ Թուրքիան է որոշում այդ ձևաչափերի հարցը և հատկապես վերջնագրեր ներկայացնելով այս կամ այն հարցում՝ որևէ դրական արդյունքի կարող է հասնել»:

Նալբանդյանը նաև ասել է, որ ոչ մի գաղտնի կամ անգաղտնի բանակցություններ չեն ընթանում այսօր Թուրքիայի հետ.

«Ոչ ուղղակի, ոչ էլ միջնորդված: Չեն տարվում այն պարզ պատճառով, քանի որ դա հնարավոր կլինի անել, երբ որ Թուրքիան պատրաստ լինի ինչ-որ գործնական քայլերի: Այս իր քաղաքականությունը հեռանկարներ չունի: Ժամանակը քաղաքականության, պատմության համար շատ հարաբերական բան է, ինչքան կտևեն այս դրսևորումներն իրենց կողմից, կերևա: Բայց մի բան պարզ է՝ Թուրքիան չի կարող ընդմիշտ սահմանները փակել, ընդմիշտ ժխտողականությամբ զբաղվել, պայմանագրեր ստորագրել և չհարգել, չվավերացնել այդ պայմանագրերը: Ես նշել եմ, ևս մեկ անգամ կհիշեցնեմ, որ դիվանագիտության, միջազգային հարաբերությունների մեջ ամենակարևոր սկզբունքը pacta sunt servanda սկզբունքն է՝ ստորագրված, ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է հարգվեն: Անգամ մարդկային հարաբերություններում, եթե որևէ մեկի հետ ինչ-որ բան ես պայմանավորվում, և այդ անձը չի կատարում, չի հարգում պայմանավորվածությունները մեկ անգամ, երկու անգամ, որովհետև այդպես Թուրքիան ոչ միայն Հայաստանի հետ է պայմանավորվել և չի հարգել: Հասկանում եք, ինչ վերաբերմունք է առաջանում: Իսկ Թուրքիայի ամպագոռգոռ հայտարարությունների մասով. գիտեք, երբ փաստարկներ չկան, երբ բան չունեն ասելու, իհարկե աղմուկ են հանում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը