Մեկնաբանություն

31.01.2012 10:17


Ով կհայտնվի «Հայկական աշխարհում»

Ով կհայտնվի «Հայկական աշխարհում»

«Մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» ծրագրի իրագործման շրջանակներում և Հայաստանի պոտենցիալ հեղափոխականներին «Հայկական աշխարհ» «գործուղման» նպատակով՝  Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը հերթական քայլն է կատարել։ Սրանք որոշել են տանը կարկանդակ թխող տատիկներին բերել հարկման դաշտ՝ պայքարելով ստվերային տնտեսության դեմ։

Ինչպես հայտնի է, կան մարդիկ, ովքեր իրենց օրվա հացը վաստակում են տանը կարկանդակներ կամ բլիթներ պատրաստելով և դրանք խանութներին հանձնելով։ Հիմա պարզվում է, որ դա հնարավոր չէ, քանզի բոլոր խանութները տոտալ «ինվոյսացվում» են՝ տատիկներից Տիգրան Սարգսյանը հաշիվ–ֆակտուրա է պահանջում։ Տատիկները, բնականաբար, չեն կարող բավարարել Տիգրան Սարգսյանի պահանջները։ Իսկ թե ինչ կլինի դրա հետևանքով և ինչպես պետք է իրենց գլուխը պահեն վարչապետի «Հայկական աշխարհում» հայտնվել չցանկացողները՝ պարզ կդառնա միգրացիոն ծառայության կողմից ներկայացվող տվյլաների հերթական ամփոփումից հետո։

«Բարեշրջիչները» որոշել են նաև, որ առևտրով զբաղվող բոլոր կետերը, անկախ մեծությունից, պետք է մատակարարների հետ «փակվեն» միայն բանկային փոխանցումներով։ Այսինքն՝ կանխիկ վճարումներն արգելվում են։ Եթե սուպերմարկետների պարագայում դա որևէ բարդություն չի առաջացնի, ապա անհասկանալի է, թե ինչպես են իրենց գործը կազմակերպելու փոքր խանութները, որոնք, փաստորեն, բանուգործը թողած անընդհատ պետք է բանկ վազեն ու, ասենք, օրվա ստացած 4 կգ երշիկի կամ 6 «բլոկ» սիգարետի համար փոխանցումներ կատարեն։ Պատկերացնել կարելի է, թե ինչպիսի գլխացավանքների մեջ են հայտնվելու գյուղերի և փոքր քաղաքների խանութպանները։ Դժվար չէ եզրակացնել, թե այս ամենն ինչի կհանգեցնի։

Կարելի է ասել, որ գործադիրն իսկական մղձավանջի է ուզում վերածել առևտրով զբաղվողների կյանքը և հետևողականորեն իրականացնում է տնտեսության գերկենտրոնացման քաղաքականություն։

Հայտնի խոսք կա. ձուկը հոտում է գլխից, բայց մաքրվում՝ պոչից։ Հիմա իշխանությունը փոքր բիզնեսից է սկսել, որպեսզի հետագայում տնտեսությունն ամբողջությամբ վերցնի իր ձեռքը։ Ժողովուրդն էլ իր հերթին պետք է հիշի մեկ այլ խոսք, այն է՝ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի։ Առաջիկա ընտրությունները հարմար առիթ են «գերանին» կոտրելու և Հայաստանի տնտեսությանն ու քաղաքացիներին պատերազմ հայտարարածներին «Հայկական աշխարհ» ուղարկելու համար։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը