Քաղաքական

12.05.2009 16:38


Հարություն Առաքելյան. «Նրանք, վարչապետի գլխավորությամբ, հայտնվեցին ծաղրածուի դերում...»

Հարություն Առաքելյան. «Նրանք, վարչապետի գլխավորությամբ, հայտնվեցին ծաղրածուի դերում...»

«7 օրն» արդեն տեղեկացրել էր, որ Երևանի Թեքեյան կենտրոնում համախմբված հավատավորներ նախաձեռնում են Ռամկավար Ազատական կուսակցության  հիմնադիր խորհուրդը վերակազմելու գործը։ Հենց այդ օրերին Ամմանում տեղի էր ունենում աշխարհասփյուռ հայության Ռամկավար Ազատական կուսակցության հերթական պատգամավորական ժողովը։ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը մեզ փոխանցել էր, որ Սփյուռքի բազմաթիվ շրջանակներ առաջարկում և պահանջում են, որ Ամմանում տեղի ունենալիք պատգամավորական ժողովը տեղափոխվի Հայաստան և Երևանում տեղի ունենա։ Մեր այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՌԱԿ անվամբ հնարավոր նոր կուսակցության ստեղծման տեղեկությունը, Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը տվեց հետևյալ պատասխանը.

«Կարող եմ ասել միայն, որ կուսակցությունից «Ազգ» թերթը գողացած մարդիկ, հավաքվել են կուսակցությունից գողացված «Թեքեյան» կենտրոնի շենքում և ինչ-որ ցնդաբանական ժողովներ են արել։ Կուսակցությունից վտարվածները կուսակցաշինության մոլուցքով են տառապում, ինչը, ցավոք սրտի, մեզանում դառնում է համատարած երևույթ»։

Վերջին շրջանում ՀՌԱԿ ատենապետը հանդես էր գալիս կառավարությանն ուղղված սուր քննադատությամբ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանին նա մեղադրեց «Նաիրիտը» միտումնավոր  քանդելու նպատակով անօրինական գործարքներ իրականացնելու մեջ, հայ-թուրքկան հարաբերությունների ներկայիս վիճակի համատեքստում պահանջեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։ Արդյո՞ք դա ինչ-որ կերպ կապվում է ՀՌԱԿ-ի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին։

–Տիգրան Սարգսյանը լավ գիտի, որ մենք իր գործունեությունը ուսումնասիրող հանձնախումբ ենք ստեղծել։ Կոնկրետ այս պահին ուսումնասիրվում ենք «Նաիրիտի» հետ կապված նրա «հերոսությունները»։ Վարչապետը սրա մեջ ներքաշեց արտգործնախարարին, արտգործնախարարը՝ դեսպանատների աշխատողներին։ Սակայն բոլորը հայտնվեցին ծիծաղելի վիճակում։ Նրանց ոչ ոք չլսեց, Ամմանում տեղի ունեցած համագումարը չհետաձգվեց, ես ընտրվեցի աշխարհասփյուռ ՌԱԿ-ի փոխնախագահ։ Իսկ նրանք փորձում էին իրենց կեղտոտ, հիվանդագին լուրերով փչացնել գործը, ինչը չհաջողվեց։ Նրանք՝ վարչապետի գլխավորությամբ, հայտվեցին ծաղրածուի դերում,-ասեց ՀՌԱԿ ատենապետը։ Նրա համոզմամբ՝ քանի որ  վարչապետ Տիգրան Սարգսյանի «տխրահռչակ գործունեությունը մոտենում է ավարտին», նա ոչ մեկին չի խնայելու և թքած ունի իր ստորադաս պաշտոնյաների վրա։

–Չի բացառվում, որ նա, արհամարհելով արդարադատության նախարարի հետագա ճակատագիրը, վերջինիս ստիպի գրանցել վերոհիշյալ կազմակերպությունը։ Սակայն դա կլինի հերթական խեղկատակությունը։ Իսկ ընդհանուր առմամբ միայն թուրքերը կցանկանան, որպեսզի ավանդական հայկական կուսակցության գործունեությունը խաթարվի։ Նման մոտեցումը հատուկ է միայն թուրք բաշիբոզուկներին։

Այս խորագրի վերջին նյութերը