Մեկնաբանություն

14.02.2012 11:16


Նեոբոլշևիզմը պետք է պարտվի

Նեոբոլշևիզմը պետք է պարտվի

Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականության հետևանքով ՀՀ բնակչության մեջ աղքատների ու ծայրահեղ աղքատների քանակն ավելացել է։ Այդ մասին է վկայում ոչ միայն վիզուալ դիտարկումը, այլ նաև պաշտոնական վիճակագրությունը։ Աղքատության մակարդակը 30 տոկոսից ավել է։

Նրանք, ովքեր չդիմացան ճնշումներին՝ հայտնվեցին վարչապետի «Հայկական աշխարհում», այսինքն՝ արտագաղթեցին։ Արտագաղթողների մեջ շատ էին փոքր ու միջին բիզնեսի կամ, այլ կերպ ասած, հասարակության մոբիլ և գործունակ շերտի ներկայացուցիչները, ինչը լրջագույն հարված է պետության անվտանգությանը։ Այս թեմային անդրադառնալիս՝ Տիգրան Սարգսյանը, ինչպես հայտնի է, կեսկատակ նկատեց, թե լավ է, որ ակտիվ մարդիկ արտագաղթում են, այլապես Հայաստանում կմնային ու հեղափոխություն կանեին։

Արտագաղթում են նաև աղքատությունից փախչողները՝ դրսում մի կերպ գլուխները պահելու հույսով։ Իսկ այստեղ մնացած աղքատներն էլ, ինչպես ցույց տվեցին Հրազդանի ընտրությունները, պայքարում են ընտրակաշառք ստանալու իրենց իրավունքների համար։

Եթե մենք նորմալ երկիր ունենայինք, ապա այս իշխանությունը վաղուց պատմության գիրկն անցած կլիներ, բայց մեզանում ճիշտ հակառակն է. իշխանությունը ոչ միայն չի հեռանում, այլև վերարտադրվելու խնդիր է դրել՝ առաջնորդվելով նեոբոլշևիկյան գաղափարախոսությամբ։

Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը փորձում է իր վարած կուրսի զոհ դարձածներին՝ աղքատներին, դարձնել իր հենարանը և բացարձակ իշխանության հասնել լյումպեն–պրոլետարիատի վրա հենվելով։ Պատահական չէ, որ ՀՀ նախագահի շրջապատն ու քարոզչական թիմը նեոբոլշևիկյան հռետորաբանություն է կիրառում։

Իշխանությունը գործարարներին, սեփականատերերին ու փող ունեցողներին հայտարարել է պետության ու ժողովրդի թշնամի ճիշտ այնպես, ինչպես կուլակներն էին թիրախավորվում ստալինյան ժամանակներում։ 21–րդ դարում կուլակաթափության կոչեր են հնչում Հայաստանում, և դա այն դեպքում, երբ մենք անկախություն ենք ձեռք բերել ՍՍՀՄ փլուզման արդյունքում ու հայտարարել ենք, որ ուզում ենք շուկայական տնտեսություն ունենալ, որի պայմաններում մասնավոր սեփականության պաշտպանությունը պետության հիմնական ֆունկցիան պետք է լինի։

Սերժ Սարգսյանն ու իր թիմը փորձում են խաղալ աղքատ բնակչության ստորին բնազդների վրա և սեփականության վերաբաշխման իրենց ցանկությունը քողածածկել «բիզնեսմենն է աղքատության պատճառը, և միայն կուլակաթափությունը կփրկի բոլորիս» դեմագոգիկ թեզի միջոցով։

Ի դեպ, Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ գործող կայքերից մեկը վերջերս մի տեղեկատվական արտահոսք էր կազմակերպել, որը ևս մեկ անգամ բացահայտում է այս իշխանության նեոբոլշևիկյան էությունը։

Ըստ այդ կայքի ունեցած տեղեկությունների՝   պատգամավորական մանդատի հավակնորդներից ոմանք փորձում են իրենց «ճակատագիրը» ճշտել` կլինե՞ն պատգամավոր, թե՞ ոչ, ուրիշները բանագնացներ են ուղարկում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ` նրա «դաբրո»-ն ստանալու: Կայքը գրում է, որ վերջերս նման մի բանագնաց ցանկացել է գործարարներից մեկի համար բարեխոսել` տեղ ապահովել ՀՀԿ համամասնական ցուցակում, բայց «միջնորդությունը» ցանկալի արդյունք չի տվել: Սերժ Սարգսյանի արձագանքը բավականին կտրուկ է եղել:

«Նախագահը հայտարարել է, որ եթե որեւէ գործարար ցանկանում է ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ ունենալ, թող սեփականությունը հանձնի պետությանը ու շեշտել է, որ ոչ մի գործարար համամասնական ընտրակարգով չի մտնելու խորհրդարան, իսկ եթե շատ են ցանկանում, թող ունեցվածքը հանձնեն ժողովրդին կամ պետությանը եւ նոր գնան»,– ընթերցողների հետ իր ունեցած տեղեկություններով է կիսվել այդ լրատվամիջոցը՝ հղում է անելով հավաստի աղբյուրներին:

Ահա այսպես է կերտվում Սերժ Սարգսյանի իմիջը. գործարարների դեմ պայքարող ու նրանց ունեցվածքը ժողովրդին հանձնելու կողմնակից։ Տվյալ դեպքում էական չէ, թե որքանով է հավաստի իշխանամետ կայքէջի այդ տեղեկությունը և արդյոք Ս. Սարգսյանն այդպիսի զրույց ունեցել է, թե ոչ։ Էականն այստեղ այն է, որ իշխանության  փեսայական թևի խոսափողներից հանդիսացող կայքը նախագահի հետ կապված նման պատմություն է ներկայացնում հանրությանը։  

«Ունեցվածքը թող հանձնեն ժողովրդին» դեմագոգիկ ձևակերպումը լյումպեն–պրոլետարիատին ուղղված համագործակցության մեսիջ է։ Դա աղքատների ականջը շոյող դեմագոգիա է, իսկ  իրականում՝ «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» համակարգ ստեղծելու ծրագիր։ Դա «հողը՝ գյուղացուն, իսկ գործարանը՝ բանվորներին» համայնավարների սիրած բլեֆ–լոզունգի պես մի բան է։ Ասել է թե՝ «ունեցվածքը թող հանձնեն ժողովրդին» սերժսարգսյանական ծրագիրը հակապետական է։

Ամփոփում

Նախագահի ու վարչապետի որդեգրած կուրսի պատճառով երկրում աղքատության մակարդակը բարձրացել է, կա մարդկանց արտագաղթ ու կապիտալի արտահոսք։ Իշխանությունը փորձում է նեոբոլշևիկյան հռետորաբանությամբ իր կողմը գրավել կառավարության զոհը դարձած նույն այդ աղքատներին՝ նպատակ ունենալով գերկենտրոնացված տնտեսություն ստեղծել։

Իշխանությունն իր հենարանն ուզում է դարձնել լյումպեն–պրոլետարիատին, քանի որ նրանց հեշտ է ընտրակաշառքով ուղղորդելն ու վերարտադրվելը, և բացի այդ՝ լյումպեն–պրոլետարիատը դեմ չէ նեոբոլշևիզմին և հանգիստ կարող է ներգրավվել բոլոր շերտերի գործարարների դեմ մղվող դասակարգային պայքարի մեջ։

Այսպիսով, առաջիկա ընտրություններում իրար են բախվելու երկու հիմնական ուժեր՝ Սերժ Սարգսյանի գլխավորած նեոբոլշևիկները մի կողմից և ազգային բուրժուազիան՝ մյուս կողմից։ Ընդ որում՝ չի կարելի է ասել, որ նեոբոլշևիկները ՀՀԿ–ն ներկայացնող բոլոր դեմքերն են, իսկ բուրժուազիան՝ ԲՀԿ–ն։ Ամեն ինչ այնքան է լղոզված, որ միայն լավ տեղեկացված մարդիկ կարող են տարբերել թացը չորից։ ՀՀԿ–ում էլ, ինչպես մյուս կուսակցություններում, քիչ չեն առողջ ուժերը։ ԲՀԿ–ում էլ, ինչպես մյուս կուսակցություններում, կան ականներ և Սերժի դրածոներ։ 

Մեկ բան հստակ է՝ նեբոլշևիկների քաղաքական գործիքը ՀՀԿ–ն է, իսկ փոքրից մինչև խոշոր բիզնեսի քաղաքական վերնաշենքը՝ ԲՀԿ–ն։ ՀՀԿ–ն փորձում է իր հենարանը դարձնել լյումպեն–պրոլետարիատին, իսկ ԲՀԿ–ի հենարանը ազգային բուրժուազիան է և հասարակության մոբիլ շերտերը, որոնց (համապատասխան աշխատանքի դեպքում) կարող են գումարվել նաև հասարակության այլ խմբեր։ Ահա այս երկու խոշոր ուժերի բախման արդյունքն էլ կորոշի ՀՀ–ի ապագան։

ԲՀԿ–ի առավելությունը ՀՀԿ–ի նկատմամբ այն է, որ այդ կառույցը կողմ է «կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափին, ինչը նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած թիմը պատրաստ է քաղաքական մյուս ուժերի հետ լայն համագործակցության, ինչը չես ասի Սերժ Սարգսյանի մասին։ Վերջինս չի էլ թաքցնում, որ ձգտում է ամբողջատիրության և թուրքմենբաշիզիմի։ Հետևաբար՝ նեոբոլշևիզմը Հայաստանում պետք է պարտվի։ Այլ տարբերակ չկա։ Իսկ թե ինչպես կպարտվի՝ կախված է մի շարք հանգամանքներից։ Ցանկալին, իհարկե, առանց ցնցումների տարբերակն է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը