Խմբագրական

Հունվար 17, 2011 01:00

Իրական օլիգարխիան

Իրական օլիգարխիան

2008-ի մարտի 1-ի շնորհիվ նախագահ դարձած Սերժ Սարգսյանը ճանապարհներ էր ման գալիս իշխանությունը պահելու համար և բնական էր, որ այդ ընթացքում դժվար էր կյանքի կոչել բուն ծրագրերը, որոնց արդյունքում ձևավորվելու էր «մեկ օլիգարխի տնտեսություն»՝ «հայկական թուրքմենբաշու»՝ բազմապաշտոն Սարգսյանի գլխավորությամբ։

Քաղաքականության «ֆուտբոլայնացում» և թամաշայացում

  «ֆուտբոլային» դիվանագիտությունն այն փրկօղակներից էր, որը նախաձեռնելով ՀՀԿ «ճկուն» ղեկավարը խլեց ընտրապայքարային հակառակորդի գաղափարական դրոշը, և երկրի ներսում իր դիրքերն ամրապնդելու հնարավորություն ստացավ։

Դե իսկ ներքին կյանքում գործի դրվեց քաղաքականության թամաշայացման տեխնոլոգիան։ Եթե չեք մոռացել, 2008-ին ու մասամբ նաև 2009-ին մոդայիկ էր «ՀՀ նախագահ-ՀՀ-ում գրանցված կուսակցություններ» հանդիպման ձևաչափը, որի շրջանակներում Ս. Սարգսյանը  մարզահամերգային համալիրում ժամերով «զրից» էր անում իր անմիջական ենթակայության տակ աշխատող կուսակցապետերի, քաղաքական դաշտում ոչ այնքան ազդեցիկ դերակատարում ունեցող կուսակցությունների ներկայացուցիչների և նույնիսկ իրեն անհայտ քաղաքական ուժերի ղեկավարների հետ։

Սարգսյանն այդպիսով ուզում էր «շփվողի» իմիջի մեջ մտնել և ցույց տալ, որ ինքը բաց մարդ է, մենակ թե աթոռն իրենից չխլեն։ Պարզ է, որ այդ հանդիպումները հանուն հանդիպումների էին, ինչպես նաև շարքային քաղաքացիների  աչքերին թոզ փչելու նպատակ էին հետապնդում։ Պարզ է նաև, որ այն օրերին ՀՀ նախագահի աթոռին հայտնված մարդն իրեն այնքան թույլ էր զգում, որ պատրաստ էր «գյալաջի» անել տարատեսակ օդիոզ դեմքերի հետ։

Եկեք միևնույն ժամանակ արձանագրենք, որ զուտ իշխանապահպանության տեսակետից՝ արտաքին ու ներքին «նախաձեռնողականությունը» բարեբեր էր անձամբ Սերժ Սարգսյանի համար. ոչինչ որ Հայաստանը  բան չշահեց, իսկ ավելի ճիշտ՝ բոլոր կետերով պարտվեց։

Իսկ ինչո՞ւ պետք է չշահեր ու չկարողանար աթոռին կառչած մնալ Ս. Սարգսյանը, եթե տիտղոսային ընդդիմության լիդերը «երկխոսելու» մեսիջը մեսիջի հետևից էր հրապարակավ ուղարկում ու դեռ մի  բան էլ հիշում Եղիազար Այնթապցու «բարձրաշխարհիկ»  պատմությունը։

Թամաշայացմանը փոխարինելու են գալիս դեմագոգիան և փարիսեցիությունը

Հիմա այլ ժամանակներ են եկել։ Աստանայում վերջակետ դրվեց տխրահռչակ «ֆուտբոլին», ինչը «ցեղակրոնվածներին» մղեց «հայրենասիրական» հռետորաբանության դաշտ, իսկ 2008-ի ու նաև 2009-ի համեմատ տերպետրոսյանական ընդդիմության ակնհայտ թուլացումը 2010-ին այլևս անիմաստ դարձրեց սերժսարգսյանական թամաշայացման քաղաքականությունը և, հետևաբար, կուսակցապետերի հետ հանդիպելու և նրանց հետ բառափոխանակություն կազմակերպելու անհրաժեշտությունը։

Այժմ Սերժ Սարգսյանն ու իր թիմն անցել են իրենց բուն գործին, որն, ինչպես վերևում նշեցի, հետին պլան էր մղվել զուտ «տեխնիկական» պատճառներով։

Իշխանությունները սկսել են պայքարն «անհանդուրժելի և անընդունելի» երևույթների դեմ։ Ասում են, թե պետք է պայքարեն օլիգարխների դեմ, որպեսզի «էս երկիրը երկիր դառնա», բայց դա դեմագոգիա է, քանի որ օլիգարխները հենց իրե՛նք են՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իսկ նրանց, ում ընդունված է մականունավոր օլիգարխ համարել՝ կա՛մ խոշոր փողատերեր են, կա՛մ խոշոր բիզնեսմեններ, կա՛մ կրիմինալ դեմքեր, որոնցից յուրաքանչյուրին իրական օլիգարխիան կարող է հաշված ժամերի ընթացքում շնորհազրկել, փողազրկել կամ պաշտոնազրկել. որևէ Դոմինգոյի պատրվակ գտնելը բարդ բան չէ։

Ուրեմն մեկընդմիշտ պետք է հասկանալ, որ օլիգարխիան՝ խմբիշխանությունն, ըստ դասական սահմանման,  պետության կառավարումն է մարդկանց նեղ խմբի կողմից, որոնց ձեռքում է կենտրոնացած իշխանությունը և ովքեր հետապնդում են խմբակային, այլ ոչ թե պետական ու հանրային շահ։ Հետևաբար՝ Հայաստանի օլիգարխիան չպետք է շփոթել մականունավոր փողատերերի կամ բիզնեսմենների հետ։ Վերջիններս չունեն հանրության քաղաքական ու տնտեսական կյանքը կանոնակարգելու հնարավորություն և լծակներ։ Այո՛, նրանք ունեն իրենց նեղ շահերը, բայց չունեն այն հնարավորությունները, որոնք ունեն Սերժ Սարգսյանի գիլդային պատկանող սուբյեկտները՝ իրական օլիգարխները։ 

Պետք չէ դառնալ իշխանական քարոզչության զոհն ու Տիգրան Սարգսյանին կամ, առավել ևս, Սերժ Սարգսյանին ընկալել որպես օլիգարխների դեմ պայքարող մարտիկներ։  Նրանք ովքեր ողջունում են Ս. Սարգսյանի կամ Տ. Սարգսյանի «օլիգարխների» դեմ պայքարը, անկախ այն հանգամանքից սերժակա՞ն են, թե՞ իրենց ընդդիմադիր են համարում, միանշանակ խաղում են իրական օլիգարխիայի թիմից։ Պետք է հասկանալ, որ օլիգարխների մասին մեզանում ստերեոտիպային պատկերացումներ կան, ինչը իշխանություններն օգտագործում են՝ իրենց շահերից ելնելով։

Տիգրան Սարգսյանին քննադատել այն բանի համար, որ իշխանությունը ցանկալի տեմպով ու ծավալներով չի պայքարում «օլիգարխների» դեմ՝ պարզապես ծիծաղելի է։ Այդպես մտածողներն ու արտահայտվողները կա՛մ միամիտներ են, կա՛մ անգրագետներ, կա՛մ նորաթուխ գեղամյաններ ու արթուրբաղդասարյաններ։

Հայաստանում ձևավորված օլիգարխիկ համակարգի դեմ պայքարելու ցանկություն ունեցողները չեն կարող «քննադատել» Սերժ Սարգսյանին այն կոդերով, թե  «նա ասում է, բայց չի անում»։ Մականունավորները համակարգի հետևանքն են, իսկ պատճառները պետք է փնտրել նախագահական բրգաձև կառուցվածքի և հակաժողովրդավարական սահմանադրության մեջ։ 

Իշխանություններն, օգտվելով այն հանգամանքից, որ մականունավորների դեմ հանրային  դժգոհություն կա, ինչպես նաև իրենց վերահսկողության տակ գտնվող «ընդդիմադիր» ու իշխանամետ լրատվամիջոցներով մեծացնելով այդ դժգոհությունը, ցանկանում են սեփականության վերաբաշխում իրականացնել ու կառուցել Թուրքմենիայի կամ Ադրբեջանի տիպի երկիր, որտեղ սուլթանատ է։ Ու եթե որոշ գործիչներ ու չափից շատ «ընդդիմադիր» ու «լևոնական» «մատոռ» ունեցող լրատվամիջոցներ (թերթեր և կայքեր) աջակցում են այս ամենին, ապա ենթադրվում է, որ նրանք արդեն դարձել են Սերժ Սարգսյանի նորաթուխ հաճախորդները, բայց այս անգամ արդեն էջմիածնական միաբանների սիրած տարբերակով՝ համաձայն «վոժդի» առաջարկած  «գեներալնի լինիայի»։

Փոխկապակցված անձինք և շահերի բախումը

Անշուշտ, լավ չէ, որ Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված չեն, լավ չէ, որ բիզնեսն ու օրենսդիր գործունեությունը միաձուլված են, բայց  շատ կարևոր է, թե այդ ամենը քննադատողներն ովքե՞ր են և ի՞նչ դեղատոմս են առաջարկում։

Վարչապետը խոսում է այն մասին, թե իրենք ներդնում են փոխկապակցված անձանց բացահայտելու  և շահերի բախման ինստիտուտը, որպեսզի, մասնավորապես, կարողանան բռնացնել այն խոշոր բիզնեսի ձեռքը, որը մասնատում է  իր բիզնեսն ու օգտվում փոքր ու միջին բիզնեսին տրված հարկային արտոնություններից։

Տ. Սարգսյանի ասելով ստացվում է, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրն իր բիզնեսը մասնատած և փոխկապակցված անձ դարձած բիզնեսմենն է։  Եթե փոխկապակցվածությունն է կոռուպցիայի դեմ պայքարի չափանիշը, ապա տեղին է հիշեցնել, որ Հայաստանում քաղաքականության և բիզնեսի հետ ամենաշատը փոխկապակցված անձինք են Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը. նրանք տնօրինում են ՀՀ բյուջեի ծախսային մասը, որը կազմում է մի քանի միլիարդ դոլար և որը, մեծ հաշվով, չի վերահսկվում հանրության լայն շերտերի կողմից։ Պետբյուջեն ծախսելուց էլ լավ բիզնե՞ս...

 Ասել  է թե՝ «Հայկական աշխարհի» ճարտարապետը թող դեմագոգիայով չզբաղվի և, ինչպես ճիշտ նկատել են ԱԺ որոշ պատգամավորներ, թող վարչապետը նախ Կառավարությունու՛մ առաջնորդվի բիզնեսի և քաղաքականության տարանջատմամբ (վերջերս գյուղնախարար նշանակվեց այդ ոլորտում բիզնես շահեր ունեցող գործիչը), հետո նոր միայն  անցնի ԱԺ-ին։

Տեղին է հիշեցնել, որ Տիգրան Սարգսյանը չափից շատ փոխկապակցված անձ է հանրապետությունում հայտնի խոշոր գործարար, հեղուկ վառելիքի ներկրմամբ զբաղվող Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի հետ, ով փոխկապակցված անձ է նաև ՀՀ նախագահին։

Հիշեցնեմ նաև, որ Տիգրան Սարգսյանի Կենտրոնական բանկի նախագահ եղած տարիներին «Ֆլեշի» սեփականատերը հիմնադրեց «Արարատ» բանկը՝ ոչ առանց նախկին ՀՀՇ-ականի ու ԱԺՄ-ականի և ներկայիս ՀՀԿ-ական «բարեշրջողի» մասնակցության ու, թերևս, անձնական շահի։ Նույն Բարսեղ Բեգլարյանի հետ Տ. Սարգսյանը փոխկապակցված անձ է նաև կրոնական «մոմենտներով»։

Խոսվում է նաև այն մասին, որ Տ. Սարգսյանը կոնկրետ շահեր ունի «Նաիրիտ» գործարանում։

Ճիշտ է, վարչապետը մականունավոր չէ, ինչպես նաև փողատիրոջ և օլիգարխի համբավ չունի, բայց Տ. Սարգսյանին   աղքատ մարդ չես համարի։ Հարց է առաջանում. որտեղի՞ց նրան այդքան փող, ով մշտապես եղել է պետական պաշտոնյա և ով, ըստ Հայաստանի բիզնես-անցուդարձին տիրապետողների, հանդիսանում է հանրապետության ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Սերժ Սարգսյանից հետո, իհարկե։ Վերջինիս մասին հայկական «Forbes» ամսագիրը, ինչպես նաև ռուսական կայքերը գրում էին, որ բավական կլորիկ դրամագլխի տեր անձնավորություն է։ Եվ այս մարդիկ խոսում են բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու և անհանդուրժելի ու անընդունելի երևույթների դեմ պայքարի մասի՞ն։ Ահա թե ինչպես են դրսևորվում փարիսեցիությունն ու դեմագոգիան։

Տիգրան Սարգսյանի պարագայում գործ ունենք հայկական Կորեյկոյի տիպաժի հետ, ով, ինչպես հաստիքով ապրող հաշվետար իր «կոլեգան», տերտերական առոգանության տակ թաքցնում է իրական դեմքն ու խոշոր դրամաշրջանառության հետ իր առնչությունները։

Ինչպես հայտնի է, Տ. Սարգսյանը փոխկապակցված է եղել Հայաստանում տարիներ շարունակ վարվող դրամավարկային քաղաքականության հետ, որի արդյունքում արտահանման «հերն» անիծվել է, բայց շահել են պետության վախճանի մասին ճամարտակողի շրջապատը ներկայացնող որոշ ներկրողներ։

 Հայաստանի ոսկու պաշարները կասկածելի էժան գնով վաճառքի դեպքում էլ Տ. Սարգսյանն իր թիմով փոխկապակցված անձ է եղել, բայց այս անգամ արդեն Հայաստանի ոսկու պահուստի հետ է փոխկապակցվել պահքի սիրահար մեր վարչապետը։

Ի դեպ, այդ թիմի ներկայացուցիչները՝ Տիգրան Սարգսյան, Ներսես Երիցյան, Արթուր Ջավադյան, Վաչե Գաբրիելյան, այսօր էլ փոխկապակցված անձինք են և գրավել են ՀՀ տնտեսական իշխանության կարևոր պաշտոնները, և դեռ հարց է՝ նշյալ անձի՞նք են ավելի շատ միաձուլված բիզնեսին ու փողին, թե՞ ԱԺ-ի մականունավորներն ու օլիգարխ որակվածները։ Կարծում եմ պատասխանն ակնհայտ է, և այս հարցը պետք է հետաքրքրության առարկա դառնա  ոչ միայն քաղաքագետների ու տնտեսագետների, այլ նախևառաջ իրավապահ մարմինների համար, եթե իհարկե վերջիններս կհանդգնեն ուսումնասիրել Սերժ Սարգսյանի հետ խիստ փոխկապակցված անձանց գործունեությունը։

Այդ թիմի աչալուրջ հայացքի ներքո ու անմիջական մասնակցությամբ են տեղի ունեցել  տարիներ շարունակ դրամի արժեվորման  գործընթացները, ինչպես նաև 2009-ին ՀՀ պահուստային 700 միլիոն դոլարի փոշիացման գնով դրամի փոխարժեքը 305 դրամ պահելն ու որոշ բանկերի էժան դոլարներ մատակարարելու գործը։ 

Մի՞թե իրավապահների քննության առարկա չպետք է դառնա այն հարցը, թե ինչպե՞ս 2009-ի մարտի 3-ին մեկ գիշերվա մեջ որոշվեց անցնել դրամի փոխարժեքի «լողացող» քաղաքականությանը, որի արդյունքում դոլարը թանկացավ շուրջ 25 տոկոսով, իսկ դրանից մեկ օր առաջ ԿԲ-ն 30 միլիոն դոլար էր հանել վաճառքի 305 դրամով, որպեսզի իբր փոխարժեքը պահի, այնինչ համալրում էր որոշ մասնավոր բանկերի դոլարային պահուստները և շատ լավ գիտեր, որ այդ օրը 305 դրամով վաճառված ապրանքը վաղը դառնալու է առնվազն 370 դրամ։ Կա՞ մարդ, ով չի կասկածում, որ դոլարը «լողացնելու» որոշում կայացնողները՝ ի դեմս Սերժ Սարգսյան - Տիգրան Սարգսյան փոխկապակցված անձանց, բացառապես սեփական շահերից ելնելով են որոշում կայացրել, իսկ դրանից հետո աղոթել հայ ժողովրդի փրկության  համար։  Այ քեզ «աստվածավախություն» ...

Եվ սա դեռ մի ոլորտ է։ Իսկ ինչքան ոլորտներ կան, որտեղ փոխկապակցված են հանդես գալիս ՀՀ նախագահը, վարչապետն ու մյուս պաշտոնյաները։ Վերցնենք թեկուզ արտաքին պարտքի հետ կապված հարցերը։

 Երկրի արտաքին պարտքն ավելանում է, բայց տնտեսությունը շարունակում է գահավիժել, իսկ վարկերի օգտագործումը, մեղմ ասած, արդյունավետ չէ։ Բա չհարցնե՞նք, հարգելի՛ «աստվածավախներ», ու՞ր են կորել վարկերը։ Ձեր կառավարման երեք տարիների ընթացքում պատրաստվում եք ՀՀ արտաքին պարտքը ավելացնել երեք անգամ, իսկ արդյունքները ե՞րբ են լինելու և որքա՞ն է այդ ընթացքում կազմելու երկրից դուրս եկած կապիտալի արտահոսքի ծավալը։ Իսկ եթե կապիտալի արտահոսքի ծավալները լինեն ճիշտ այնքան, որքան դրսից բերված վարկի չափն է, ապա այդ դեպքում ի՞նչ մտածենք։ Հը՞։

Հայկական օլիգարխների էությունը

Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ ես այն կարծիքին եմ, որ տիգրանսարգսյանները ավելի վտանգավոր են մեր երկրի համար, քան ցանկացած փողոցային խուլիգան, ով կարող է հայտնվել պետական կառավարման համակարգում։

Հիմնավորեմ ասածս։ Այսպես. ուսյալ-կրթյալի, ինչպես նաև աստվածավախ մարդու իմիջի տակ թաքնված սուբյեկտը, ով իրականում սովորական վաշխառու է՝ խեղում է հանրային պատկերացումները լավի ու վատի մասին։ Տեսնելով արդյունքները՝ մարդիկ կարող են ասել, որ եթե սա է աստվածավախն ու կրթյալը, ապա ավելի լավ է լինել աթեիստ, քանի որ մեզ պետք չեն այդ «աստվածավախերն» ու տերտերական առոգանությամբ մերկանտիլիստները։ Այսինքն՝ արժեհամակարգային տեսակետից ավելի վտանգավոր են բարեպաշտի քողով ծածկված  «սրբազան ավազակաորջ» սարքողները, քան ակնհայտ բացասական կերպարները, քանի որ վերջիններիս բացահայտելն ու պատժելը հեշտ է, իսկ «բարեպաշտներինը»՝ դժվար։  

Անցնենք առաջ։ Փողոցային խուլիգանը խնդիր չի դնում հանրային լիդեր դառնալու, այլ բավարարվում է «իր» տարածքում վնասակար գործողություններ անելով։ Այդ կերպարի դեմն առնելն անհամեմատ հեշտ է, իսկ նրա գործած վնասները լոկալ բնույթ են կրում ու վերաբերում միայն պետության տվյալ փոքր տարածքին։

Այլ է վիճակը «Հայկական աշխարհի» ճարտարապետների դեպքում։ Վերջիններիս գործունեությունը բովանդակային առումով չի տարբերվում փողոցային խուլիգանի  արածներից, բայց եթե փողոցայինը լոկալ  վնասարար է, ապա «երկրորդ սերնդի» բարեփոխիչների արածներից տուժում են ավելի լայն զանգվածներ։ Այսպես. եթե խուլիգանի վարքի հետևանքով կարող է երկիրը լքել մեկ կամ երկու ընտանիք, ապա «սրբազան ավազակաորջի» կառավարիչների աշխատանքային ցուցանիշներն այս առումով համեմատելի չեն։ Այս տարի երկրից մեկնողների ու Հայաստան ժամանողների տարբերությունը մոտ 70 հազար է՝ հօգուտ արտագաղթողների։

Շարունակեմ համեմատությունը։ Փողոցային խուլիգանը, որպես կանոն, տվյալ թաղամասում մի բան ունի, որը հողին կպած է (խանութ, ռեստորան, կրպակ և այլն) ու ինքը պատրաստ չէ հանձնել այդ տարածքը, քանի որ այնտեղ սեփականություն  ունի ու դա իրենց թաղն է, իսկ ահա «Հայկական աշխարհի» ճարտարապետները հայրենիք չունեն, հողին կպած սեփականություն քիչ ունեն կամ չունեն ընդհանրապես՝ դրա համար էլ նրանց չեն կպցնում այս կամ այն օբյեկտի տեր լինելու կամ մականունավորի պիտակ։ «Միջազգային կենտրոնների» սիրահարների համար հայրենիքն ավելի էժան է, քան իրենց տնօրինած պլաստիկ քարտերի մեջ եղած գումարը։ Նրանք կանխիկ փող են սիրում ու չեն սիրում տնտեսության իրական հատվածում ներգրավվել, քանի որ անհրաժեշտության դեպքում չեն կարողանա Հայաստանից շտապ փախցնել ունեցած-չունեցածը։

Ի տարբերություն փողոցայինի, «գլոբալիստներն» իրենց համարում են աշխարհի քաղաքացիներ, իսկ Հայաստանն իրենց համար սեփական ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու տարածք է, որը ենթակա է վաճառքի, փոխանակման, եթե, իհարկե, լավ գին տվող լինի։ Նրանք իրականում նեոբոլշևիկներ են՝ ղուկասղուկասյաններ։ Պատահական չէ, որ հայ-թուրքական խայտառակ գործընթացը և Ղարաբաղի հողերը շուտափույթ հանձնելը ակտիվորեն քարոզվում էր հենց այդ տեսակի կողմից, որոնց գլուխ է անցել Սերժ Սարգսյանը, ում «նախաձեռնողականությունից» փրկվեցինք երջանիկ պատահականությամբ ու հարևան երկրների ղեկավարների օգնությամբ։

Ալրաղացիլյովիկներն ու «Հայկական աշխարհի» շինարարները

Շարունակելով այսօրվա իշխանական համակարգում առկա տեսակների համեմատությունները՝ բերեմ կոնկրետ օրինակներ, որի միջոցով ավելի կհստակեցվի ասելիքս։ Մի փոքր  էպատաժային  կարող է  այս ամենը թվալ, բայց ոչինչ։

Օրինակ՝ Լևոն Սարգսյանի՝ ալրաղացի Լյովիկի թիկնազորի ձեռամբ տարիներ առաջ մարդ սպանվեց «Օդնոկլասնիկ» ակումբում, որի հետևանքով հորից զրկվեցին փոքրիկ երեխաներ, առանց ամուսին  ու հայր մնաց մեկ ընտանիք, իսկ մեկ ընտանիք էլ արտագաղթեց ԱՄՆ։ Դա շատ անհանդուրժելի երևույթ էր, քստմնելի արարք, բայց քանի որ կատարողները հայտնի կապերով մարդիկ էին, ուստի այլ ընթացք տրվեց գործին, իսկ Սերժ Սարգսյանի մտերիմ ու սիրելի մականունավոր պատգամավորի արարքը ՀՀ նախագահի համար չդարձավ անհանդուրժելի և անընդունելի. Լևոն Սարգսյանին չստիպեցին պատգամավորությունից հրաժարվելու դիմում գրել (էլ չեմ խոսում քրեական պատասխանատվության մասին), որովհետև ծեծելով սպանվել էր ոչ թե նախագահականի չինովնիկը, այլ՝ շարքային քաղաքացին։  

Հիմա կասեք դե ի՞նչ եք ուզում, Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ճիշտ է, ինքը իշխանության  է եկել լյովիկների օգնությամբ, բայց հիմա որոշոլ է «քցել» նրանց ու այսուհետև պայքարելու է նրանց դեմ, վա՞տ է։ Ասեմ, որ դա կեղծ հարցադրում է, նման՝ «Դուք դե՞մ եք բաց սահմաններին» ապուշ հարցադրմանը, որը խեղաթյուրում էր հայ-թուրքական խնդրի էությունը։

Այն որ պետք է պայքարել անհանդուրժելի երևույթների դեմ՝ երկու կարծիք լինել չի կարող։ Բայց խորքային խնդիրն այն է, թե ի՞նչ ենք ստանում լյովիկների վրա հիմնված համակարգը տրանսֆորմացնելով։ Կարևոր է նաև ըմբռնել այն հարցը, որ այսօր լյովիկների դեմ  պայքարողներն ավելի անհանդուրժելի են, քան Լյովիկը և ահա թե ինչու։

Տեսե՛ք. եթե ալրաղացի Լյովիկի գործունեության արդյունքում մեկ մարդ սպանվեց, որը պետք է խստորեն պատժվեր, բայց չարվեց, ապա Սերժ Սարգսյանին իշխանության բերելու համար արդեն պահանջվեց 10 զոհ, տասնյակ  ընտանիքների վիշտ ու բազում հոգեկան խանգարումներ ստացածներ։ Այսինքն Սերժ Սարգսյանից պետությանը հասցված վնասն ավելի մեծ է, քան ալրաղացի Լյովիկից։ Ճիշտ է, յուրաքանչյուր մարդու կյանքը բացարձակ արժեք է ու կապ չունի, թե քանի հոգի են զոհվում այս կամ այն իրավիճակում, բայց մարդկությունն, այնուամենայնիվ, տարբերում է հակամարդկային երևույթները։ Ասենք, չես համեմատի նախորդ դարի 40-ական թվականներին ֆաշիստական Գերմանիայում որևէ մականունավոր մարդասպանի արածն ու Հիտլերի հակագերմանական ու հակամարդկային ավերածությունները։

Լյովիկի արածի հետևանքով մեկ ընտանիք լքեց Հայաստանը, որը շատ վատ էր։ Բա՞ այդ դեպքում ալրաղացիլյովիկների (ովքեր բութ գործիք են «բարեշրջողների» ձեռքում) արածների համեմատ ինչքան վատն էր Ս. Սարգսյանի ու Տ. Սարգսյանի արածը, որոնց կառավարման հետևանքով տասնյակ հազարավոր ընտանիքներ են լքել Հայաստանը։ Ստացվում է, որ ալրաղացի Լյովիկի տված վնասը լոկալ է, իսկ «բարեշրջիչներինը»՝ զանգվածային։ Լոկալ վնաս տվողին անշուշտ պետք է պատժել, բայց մեծամասշտաբ   վնասարարների պատճառած ցավերը վերացնելու համար՝ տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ են պետք։

Ալրաղացիլյովիկները տնտեսական օրենքներով փոքր ու միջին բիզնեսին չեն ոչնչացնում. դա անում են «ուսյալ-կրթյալները»։

Ալրաղացիլյովիկները պետության հիմքերը քայքայող օտարալեզու հանրակրթական դպրոցներ չեն բացում. դա անում են «Հայկական աշխարհի» քարոզիչները։

Ալրաղացիլյովիկները թուրքերի հետ Հայոց ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթուղթ չեն ստորագրում, հեռուստաեթերից զզվանք առաջացնող քարոզ չեն անում, Գյուլին չեն առաջարկում օժանդակել Ղարաբաղի հարցում. դա անում են «հայրենասերները»։ 

Ասվածից, իհարկե, չի հետևում, որ պետք է ալրաղացիլյովիկների ձեռքում լինի այս երկիրը, որ քիչ ավերածություններ լինեն, քան «տիրացուների» պարագայում ունենք։ Մենք հո կրակը չե՞նք ընկել նրանց երկուսի ձեռքը։

Ալրաղացիլյովիկներն ու նեմեցռուբոները պետք է տեղ չունենան մեր հանրային կյանքում, բայց տասնապատիկ վտանգավոր են այն սուբյեկտները, ովքեր ուզում են թուրքմենբաշիզմը, ալրաղացիլյովիկությունն ու «ուսյալ-կրթյալի» կեղծ իմիջը մեկտեղել։ Ահա այստեղ են իրականում բախվում ՀՀ քաղաքացու և օլիգարխիայի շահերը, իսկ վարչապետը խոսում է ինչ որ վիրտուալ շահերի բախման ու փոխկապակցված անձանց մասին։

Ավելացնեմ նաև, որ Սերժ Սարգսյանն այժմ ուզում է մի քանի տասնյակ լյովիկներին վերացնել, որպեսզի ինքը դառնա միակ ու անկրկնելի «ալրաղացի Լյովիկ», ինչն ավելի կեղտոտ հասարակական հարաբերություններ է ենթադրում, քան ունենք «նատուրալնի» Լյովիկի պարագայում։ Իսկ որ Սերժ Սարգսյանը հենց այդ ուղղությամբ է գնում, վկայում են նրա  գործողությունները։ Հետևաբար՝ խնդիր պետք է դրվի հանրային կյանքն արմատապես վերանայելու, որի դեպքում ալրաղացիլյովիկներն ավտոմատ կերպով կանհայտանան, ինչպես անհայտացան դինոզավրերը, երբ բնակլիմայական պայմանները փոխվեցին։

Մեկ նկատառում. ներկայում ստեղծված իրավիճակի վերափոխումը ցանկացող ուժերին ալրաղացիլյովիկները չեն կարող խանգարել, բայց դա կարող են անել նրանց տերերը։ Այս ամենը հասկանալ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական պայքարի թիրախը ճիշտ ընտրվի, այլ ոչ թե դառնանք թիրախի ազդեցության օբյեկտ։ Այսինքն՝ հանրային կյանքի առողջացումը ալրաղացիլյովիկներից հանրային կյանքը մաքրելով է լինելու, բայց ոչ թե «Մեկ ալրաղացի Լյովիկի կամ մեկ Նեմեց Ռուբոյի» համակարգ կառուցելու, այլ իրավական պետություն ստեղծելու տարբերակով։

. . .

Ամփոփենք. ՀՀ թիվ մեկ փոխկապակցված անձինք Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանն են, ովքեր բազում թելերով կապված են և՛ ալրաղացիլյովիկների, և՛ բիզնեսի, և՛ պետբյուջեի, և՛ դոլարի, և՛ դրամի, և՛ ոսկու և այլ բաների հետ։

Սերժ Սարգսյանն ուզում է մեզանում ձևավորված վատ համակարգը դարձնել ավելի վատ, ինչը թույլ տալ չի կարելի։ Պետք է վատը փոխարինել բաց և վերահսկելի համակարգով, ինչը հնարավոր չէ այս իշխանությունների պարագայում։

Ներհայաստանյան կյանքի փոփոխությունն այն մարդիկ կարող են անել, ովքեր ունեն հայաստանակենտրոն մտածելակերպ և արժեհամակարգ, ում համար Հայաստանը խոպան չէ և ովքեր չեն կարող անընդհատ Աստծո անունը տալ, տեսախցիկների առաջ խաչակնքվել ու խոսել բարեպաշտությունից, բայց զուգահեռաբար կառուցել «մեկ օլիգարխի տնտեսություն», որը ոչ քրիստոնեական՝ մահմեդական ու միջինասիական երկրներին հատուկ մոդել է։

 Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: