Մեկնաբանություն

15.03.2012 23:51


«Նախաձեռնող» նախագահի փոխակերպումները

«Նախաձեռնող» նախագահի փոխակերպումները

ՀՀԿ համագումարում հանդես գալով «ծրագրային» ելույթով՝ Սերժ Սարգսյանը չմոռացավ նաև անդրադառնալ հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության, իր գնահատմամբ, ձեռքբերումներին։ Նրա փոխարեն լինեի՝ ընդհանրապես կլռեի այդ թեմայի մասին, քանզի ձախողումներն առավել քան ակնհայտ են, բայց մարդը որոշել էր խոսել։

Հիշեցնենք, որ հայ–թուրքական գործընթացի սկզբում որպես նպատակ հստակորեն նշվում էր երկու բան՝ սահմանի բացում և հայ–թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Այս նպատակները չեն իրագործվել և, հետևաբար, այլ ձեռքբերումներից խոսելը «կռուտիտ» լինելու պես մի բան է, դեմագոգիա։

Այժմ եկեք տեսնենք, թե «կռուտիտի» ինչ տարբերակ էր ընտրվել Սերժ Սարգսյանի տեքստում և դեմագոգիան ինչպիսի դրսևորումներ էր ստացել։

«ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում, փորձում էր ինքն իրեն ու մեզ համոզել Սարգսյանը, մենք ունեցանք հետևյալ ձեռքբերումները.

«առաջինը, ինչպես հստակ ցույց տվեցին վերջին իրադարձությունները, ամրապնդեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը,

երկրորդը, թույլ տվեց ամբողջ աշխարհին համոզվելու, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու միակ խոչընդոտը Անկարայում և մեկ այլ` իրեն մեջ գցող մայրաքաղաքում է, բայց ոչ Երևանումև, երրորդը, պարտադրեց Թուրքիային ստորագրել միջազգային փաստաթուղթ, որը բացառում է հարաբերություններ հաստատելու որևէ նախապայման։ Չեմ մանրամասնում, թե ինչ նախապայման` բոլորս էլ շատ լավ տեղյակ ենք»:

Փաստորեն, պարզվում է, որ թուրքերի հետ «ֆուտբոլ» էինք խաղում, որպեսզի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ամրապնդվի։ Եթե նույնիսկ ընդունենք, որ նման նպատակ Սարգսյան–Նալբանդյան զույգն իր առաջ դրել էր,  ապա դուրս է գալիս, որ այդ նպատակն էլ չի իրագործվել, քանի որ Գյուլի հետ սիլի–բիլի անելու և պատմաբանների հանձնաժողով ստեղծելու արդյունքում Ցեղասպանության հարցը դուրս եկավ միջազգային քաղաքական օրակարգից՝ վերածվելով Հայաստանի ու Թուրքիայի միջև միջպետական վեճի առարկայի։ Իրականությունն այն է, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունը լրջորեն վնասեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ 

Իսկ եթե «ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները» ասելով Սարգսյանը նկատի ունի Ֆրանսիայի սենատի կողմից հայտնի օրինագծի ընդունումը ու դա է մեզ ներկայացնում որպես միջազգային ճանաչման գործընթաց, ապա օրինագիծն այդ Ֆրանսիայի ՍԴ–ն հակասահմանադրական է ճանաչել, իսկ Սարկոզին էլ հարցը թողել է հետագային։ Ասել է թե՝ «վերջին իրադարձությունները» ոչինչ էլ ցույց չեն տվել և անհասկանալի է, թե ո՞ր «վերջին իրադարձություններն» են այդպես ոգևորել Սարգսյանին։

Շատ հնարավոր է, որ Սարգսյանն ինչպես տնտեսության մեջ տիրող իրավիճակի, այնպես էլ արտաքին քաղաքական ոլորտի վերաբերյալ բավական մակերեսային պատկերացումներ ունի և տեղյակ չէ, որ Ֆրանսիայում տեղի ունեցած «վերջին իրադարձությունները» կիսատ մնացին, ուստի կիսատ մնացած բաները չեն կարող ամրապնդել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Ինչևէ։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի նշած հաջորդ «ձեռքբերմանը», թե հայ–թուրքական գործընթացը բացեց աշխարհի աչքերը և աշխարհը տեսավ, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների չգոյության մեղավորը պաշտոնական Երևանը չէ, ապա դուրս է գալիս, որ մեր «նախաձեռնողական» քաղաքականությունը նպատակ է հետապնդել ճապոնացուն ու գերմանացուն, ուդմուրդին ու էստոնացուն, կալմիկին ու ամերիկացուն ապացուցել, որ Անկարայում ու Բաքվում «նագլի» մարդիկ են նստած, իսկ Երևանում՝ «պուպուշ»։ Փաստորեն աշխարհն էլ դարդ ու ցավ չուներ և սպասում էր, թե երբ պետք է Սերժը Գյուլին հրավիրի Երևան ու իրենք էլ վերջապես հասկանան, որ թուրքը մնում է թուրք։ Լա՜վ էլի։ Լու՞րջ։ Բա մենք ո՞նց գլխի չէինք ընկնում, թե ինչպիսի հզոր, բայց չհայտարարված նպատակներ էիք հետապնդում «նախաձեռնողականությունը» հուպ տալով։

Այսքանից հետո իրոք որ պետք է հավատանք, որ փոխենք։ Փոխենք այս խայտառակ արտաքին քաղաքականությունը  և ապաշնորհ կառավարիչներին։ Սկզբի համար պետք է հետ վերցնել Հայաստանի ստորագրությունն այդ հակահայկական արձանագրություններից։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հոգու խորքում Սերժ Սարգսյանը, թերևս, զգում է, որ ձախողվել է և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության մեջ։ Դրա համար էլ ինքնաարդարացման ձև են գտել նրա թիմում։ Ասում են, թե չի սխալվում նա ով ոչինչ չի անում։ ՀՀԿ–ի վերջին համագումարում տարիներ առաջ հնչեցրած այդ միտքը հետևյալ փոխակերպման էր ենթարկվել. «Գործ անողի թույլ տված սխալը հնարավոր է ուղղել: Այդ սխալը, անգամ որպես սխալ, շատ ավելի մեծ արժեք է, քան ոչինչ չանողների դատարկ ու ամուլ` թվացյալ ճիշտ ելույթները»։ Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը հորինել է հավերժ սխալվելու բանաձև։ Հայաստանն, ըստ այդմ, փորձարարական ստուդիա է, որտեղ իշխանություններն անընդհատ սխալվում են։ Ճիշտ է, այդ սխալների արդյունքում կարող է տնտեսության երկնիշ անկում գրանցվել, գների երկնիշ աճ, արտագաղթի վտանգավոր չափեր և այլն, բայց դե Սերժ Սարգսյանի համար այդ սխալները, անգամ որպես սխալ, շատ ավելի մեծ արժեք են, քան ոչինչ չանողների դատարկ ու ամուլ՝ թվացյալ ճիշտ ելույթները։

Այս խորագրի վերջին նյութերը