Մեկնաբանություն

19.03.2012 00:38


Դիտարկումներ «ժառանգության» ցուցակի շուրջ և ոչ հռետորական հարցեր

Դիտարկումներ «ժառանգության» ցուցակի շուրջ և ոչ հռետորական հարցեր

Գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցությունները ծրագրերով ու գաղափարներով են փորձում իրենց կողմը գրավել ընտրողներին։ Ոչ պակաս կարևոր է պատգամավորացուների ցուցակը։ Ցուցակը հասարակությանն ուղղված մեսիջ է, որի միջոցով կուսակցությունները «միս ու արյուն» են տալիս իրենց ծրագրերին։

Եթե, ասենք, որևէ ազգայնական կուսակցություն հայտարարի, թե ինքը Կիլիկիան հետ վերցնելու ծրագիր ունի և միևնույն ժամանակ իր ցուցակում (այն էլ վերին հորիզոնականներում) տեղ հատկացնի, ենթադրենք, Գեորգի Վանյանին, ապա դա առնվազն էշություն կլինի։

Մեկ այլ օրինակ. եթե որևէ կուսակցություն իրեն ընդդիմադիր հայտարարի, բայց իր կուսակցության ցուցակում (այն էլ վերին հորիզոնականներում) տեղ հատկացնի, ենթադրենք, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, ապա դա առնվազն ... անտեղյակության դրսևորում կլինի (որոշել եմ մեղմ ձևակերպում ընտրել)։

Քիչ հետո պարզ կդառնա, թե ինչի համար էր այս նախաբանը։

Այժմ անցնեմ «Ժառանգության» ցուցակին։

Նախ դրական եմ գնահատում այն, որ «Ժառանգությունն» ու «Ազատ Դեմոկրատները» իրենց մեջ ուժ գտան ու գնացին ամենաճիշտ տարբերակով համախմբման, այն է՝ «Ժառանգության» անվան տակ միասնական ցուցակով, այլ ոչ թե դաշինքով։ Դաշինքի դեպքում նրանք ստիպված էին լինելու հաղթահարել 7 տոկոսանոց արգելը, ինչը բավական բարդ էր լինելու։ Լավ է, որ այդ ուժերն իրատեսորեն են գնահատել սեփական հնարավորություններն ու ճիշտ որոշում կայացրել։

Ինչ վերաբերում է ցուցակին, ապա հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով ու տրամաբանությամբ է այն կազմվել։ Դրական է այն, որ ցուցակը հնարավորինս ականազերծվել է, բայց կան նաև աղաղակող բացթողումներ։

Ցուցակ կազմելն, անշուշտ, այդ կուսակցությունների ներքին գործն է, բայց որպես հասարակության անդամ, լրագրող և ընտրող ինձ մի շարք հարցեր են հուզում ու լավ կլինի, որ այդ կուսակցությունները որոշակի պարզաբանումներ ներկայացնեն, այլապես ինչո՞վ են նրանք տարբերվելու, ասենք, ՀՀԿ–ից։ Հարցադրումներս հետևյալն են՝

–ո՞ր տրամաբանությամբ է կազմվել առաջին 7 մարդկանց ցանկը և ինչու՞ հենց այդ հաջորդականությամբ (յոթ հոգու մասին եմ հարցնում, քանզի, ամենայն հավանականությամբ, այդքան մարդ կանցնի «Ժառանգության» ցուցակով),

–ինչու՞ է որպես պատգամավոր իր ակտիվությամբ աչքի ընկնող Արմեն Մարտիրոսյանը հայտնվել ցուցակի 16–րդ՝ չանցողիկ տեղում,

–ի՞նչ սկզբունքով են ընտրվել անկուսակցականները և ովքե՞ր են նրանց առաջադրել,

–ինչու՞ ցուցակի առաջին 25–ի մեջ չկա սոցիալական ցանցերում և հասարակական շարժումներում իր ակտիվությամբ աչքի ընկնող և գիշեր–ցերեկ «Ժառանգության» համար կռիվ տվող երիտասարդ Դավիթ Սանասարյանը, իսկ փոխարենը  առաջին 25–ի մեջ կա «ժառանգության» նախկին անդամ և ներկուսակցական «մուտիլովկեքի» մեջ ներգրավվելու արդյունքում կուսակցությունը լքած ու համարյա հնչակ դարձած ԱԺ ներկայիս պատգամավոր Վարդան Խաչատրյանը, ով համատեղությամբ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի հետ բավական մտերիմ հարաբերություններ ունի և պետհամալսարանում աշխատում է  վերջինիս ղեկավարության ներքո։ Հարցն այն չէ, որ քսանհինգերորդն անցողիկ չէ և կապ չունի, թե ում անունն է գրած այդտեղ, հարցն այստեղ սկզբունքին ու մեսիջին է վերաբերում։

Այս ամենից զատ կա մեկ այլ ուշագրավ հանգամանք։ «ժառանգության» ցուցակի 6–րդ անցողիկ հորիզոնականում հայտնվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) տնօրեն Թևան Պողոսյանը։ Հայտնվել է, լավ է արել։ Դա «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների» և Պողոսյանի որոշելիքն է, բայց այստեղ մի շարք հարցեր են առաջանում, որոնք ուղղված են Րաֆֆի Հովհաննիսյանին, քանզի ինքն է գլխավորում միասնական ցուցակը։

Ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «ժառանգությունն» իրեն դիրքավորել է որպես ընդդիմադիր կուսակցություն։ Հայտնի է նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության առաջին իսկ օրվանից կտրուկ դեմ էր արտահայտվում դրան, իսկ Ցյուրիխյան գործընթացից հետո «Ժառանգություն» խմբակցությունը պարբերաբար հանդես է գալիս ԱԺ–ից հայ–թուրքական արձանագրությունները հետ ուղարկելու և Հայաստանի ստորագրությունը այդ հակահայկական փաստաթղթերի վրայից հետ վերցնելու առաջարկներով։

Եթե «ժառանգությունը» իր սկզբունքներին, գաղափարներին ու հայտարարություններին հավատարիմ ուժ է և հասարակության հետ անկեղծ է, ապա անհասկանալի է, թե այդ դեպքում ինչ գործ ունի նախագահական նստավայրի հետ սերտորեն համագործակցող ՄԶՄԿ–ի տնօրենը։ Իսկ այն որ ՄԶՄԿ–ն ու դրա տնօրեն Թևան Պողոսյանը Բաղրամյան 26–ի երիտթևի հետ ինտեգրված են՝ գիտե հասարակական կազմակերպությունների գործունեությունից քիչ թե շատ տեղյակ յուրաքանչյուր մարդ (կան այսպես կոչված «կոնգոներ» և «գոնգոներ». ՄԶՄԿ–ն «գոնգո» է, այսինքն՝ «իշխանամետ ոչ կառավարական կազմակերպություն» և այդ մասին գիտեն թե՛ դրսի ու ներսի գրանտատուները, թե՛ տեղական ՀԿ–ները)։

Ի դեպ, Թևան Պողոսյանն ու իր կենտրոնի աշխատակիցները 2008ին պաշտպանել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իսկ դրա առանձին անդամներ ներգրավված են եղել Սերժի PR–թիմի մեջ։

Ավելորդ չեմ համարում նշել, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ կապվող ՄԻԱԿ կուսակցության ակունքներում, այլոց հետ համատեղ, նաև ՄԶՄԿ–ի թիմն է կանգնած եղել՝ Թևան Պողոսյանով հանդերձ։ Եվ վերջապես, Թևան Պողոսյանն ու իր գլխավորած կենտրոնի ներկայացուցիչները մշտապես հանդես են եկել իշխանամետ դիրքորոշմամբ, իսկ ՄԶՄԿ–ի կարկառուն դեմքերից մեկն այժմ Սերժ Սարգսյանի օգնականներից է ու զբաղված է ՀՀԿ «ճկուն» ղեկավարի ելույթները գրելով։

Թևան Պողոսյանն, անշու՛շտ, իրավունք ունի իշխանամետ լինելու և պատգամավոր դառնալու (այդ գործում նրան հաջողություն ենք մաղթում), բայց ավելի ազնիվ ու բնական կլինի, եթե նա այդ բանն անի ՀՀԿ–ի ցուցակով։ Չէ՞ որ ՀՀԿ–ն իշխանական ուժ է և դրական է գնահատում Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը», այսինքն՝ ՀՀԿ–ի դիրքորոշումը լրիվ համապատասխանում է Թևան Պողոսյանի քաղաքական կողմնորոշմանն ու պատկերացումներին։

Այո՛, Թևանն իրավունք ունի «Ժառանգության» ցուցակում հայտնվելու, բայց իրավունք ունի՞ արդյոք իրեն ընդդիմադիր համարող կուսակցությունը ցուցակ մտցնել ու խորհրդարան անցկացնել Միքայել Մինասյանի մերձավոր շրջապատը ներկայացնող մարդուն։ Այս հարցն ամենևին էլ հռետորական չէ։ Ընտրություններից հետո կարող է նոր կառավարության ձևավորման և իշխանափոխության համար ամեն մի պատգամավորի ձայնը պետք գալ ու այդտեղ հանկարծ կպարզվի, որ «հոպլա»՝ Սերժն առնվազն մեկ ձայն ունի «ժառանգությունից»։ Պետք է «էն գլխից» բացառել տհաճ անակնկալները, եթե իհարկե «ժառանգությունն» ուզում է այն, ինչի մասին հայտարարում է։

Նախագահականի հետ սերտորեն համագործակցող կառույցի և դրա ղեկավարի հայտնվելը «Ժառանգության» ցուցակում ինձ համար մեսիջ է, և ես համապատասխան եզրակացություններ անելու իրավունք ունեմ իշխանություն–ընդդիմություն հարթության և քաղաքական խաղերի առումով։ Աչքներս ՕԵԿ ու Գեղամյան է տեսել։ Ինչ իմաստ ունի մի կողմից «ականազերծել» տարածքն ու Կարինե Հակոբյանին չընդգրկել ցուցակ, իսկ մյուս կողմից ցուցակ վերցնել փեսայական թիմի անդամի։ Ինչևէ։ 

Անցնենք առաջ։

Եթե հիշում եք, հայ–թուրքական քիրվայության փուլում Սերժ Սարգսյանի թիմը ակտիվորեն քարոզում էր «նախաձեռնողականությունը»։ Թևան Պողոսյանն այն մարդկանցից էր, ով կարենբեքարյանների ու ռուբենսաֆրաստյանների հետ միասին ղուկասղուկասյանական էնտուզիազմով ու բոլշևիկյան կրքոտությամբ պաշտպանում էր «ֆուտբոլը»։

Մեր ընթերցողները լավ գիտեն, որ «7 օրն» այն օրերին կատաղի պայքար էր մղում այդ հակապետական արտաքին քաղաքականության դեմ և հիմա էլ շարունակում է նույն գիծը։

Սերժի գյուլամոլության շրջանում մենք նաև փորձում էինք, պատկերավոր ասած, խոշորացույցով հետևել, թե ով ինչ է անում ու ասում այդ կարևորագույն հարցում և կարելի է ասել, որ «դոսյե» ունենք բոլորի մասով։ «7 օրի» ուշադրությունից, հետևաբար, չէր կարող վրիպել այն, որ քիրվայության քարոզին լծված էր նաև ՄԶՄԿ–ն։

Հիմա ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ ընդդիմադիր «Ժառանգությունն» իր ցուցակով խորհրդարան է ուզում տանել մեկին ով՝ 1. իշխանամետ է իր տեսակով ու գործունեությամբ, ինչպես նաև ներկայացնում է Բաղրամյան 26–ի երիտթևը և 2. կողմ է եղել ու ակտիվորեն քարոզել է «ֆուտբոլային» դիվանագիտությունը։

Այստեղից կարող են գալ հետևյալ եզրակացության. կա՛մ «Ժառանգությունում» անտեղյակ են ՄԶՄԿ–ի գործունեությունից և Թևանի դավանած գաղափարներից, ինչը քիչ հավանական է, քանզի առնվազն Ստեփան Սաֆարյանը և Հովսեփ Խուրշուդյանը շատ լավ գիտեն, թե ինչով է զբաղված եղել ու զբաղվում ՄԶՄԿ–ի թիմը, կա՛մ Րաֆֆի Հովհաննսիյանը փոխել է իր դիրքրոշումը հայ–թուրքականի վերաբերյալ և Թևանով այդ մասին մեսիջ է հղում բոլորիս, կա՛մ Թևանն է փոխել իր կարծիքը «ֆուտբոլային» դիվանագիտության պահով, բայց չի ուզում ասել այդ մասին, կա՛մ Թ. Պողոսյանը վիճել է Միշիկի հետ ու արդեն ընդդիմադիր է դարձել, կա՛մ Սերժ Սարգսյանի թիմն ուզում է իր ընկերոջը պատգամավոր դարձնել «ժառանգության» ցուցակով, կա՛մ էլ ... չգիտեմ

Ինչ մոտիվ էլ այստեղ լինի՝ «ժառանգությունում» պարտավոր են պարզաբանումներ տալ, որպեսզի մենք էլ հասկանանք, թե ում հետ գործ ունենք։ Բնականաբար «Ժառանգությունում» կարող են նաև չանդրադառնալ վերը բարձրացված հարցերին։ Դա էլ յուրօրինակ մեսիջ կլինի։ 

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ստորև ձեզ եմ ներկայացնում 2009թ–ի նոյեմբերի 18–ին Թևան Պողոսյանի հետ «7 օրի» հարցազրույցը, որտեղ նա կողմ է արտահայտվում հայ–թուրքական գործընթացին ու հիմնավորում, թե ինչու պետք է Հայաստանը վավերացնի դրանք։ Եվ դա այն դեպքում, երբ Թուրքիան այդ փուլում անընդհատ առաջ էր քաշում հայտնի նախապայմանները և ծագումով ղարաբաղցի, դիվանագիտական կրթություն ստացած և հակամարտությանը շատ լավ ծանոթ Թևան Պողոսյանը զարմանալիորեն չնկատելու էր տալիս «ֆուտբոլի» վտանգները և «նախաձեռնողականության» սնանկությունը։ Թերևս, նախագահականի հետ հարաբերությունները և «ֆուտբոլային» դիվանագիտությունը խրախուսող միջազգային գրանտատու կազմակերպություններից ստացվող միջոցները, ցավոք, Թևանի մոտ ավելի էին կարևորվել։

Հարցազրույց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ տնօրեն Թևան Պողոսյանի հետ

-Վերջերս քաղաքական դաշտում դադար է նկատվում։ Կարծես ոչինչ չի փոխվել, սակայն հասարակությունը ևս պասիվ է։ Ինչպե՞ս կբնութագրեիք այս իրավիճակը։

-Երկիրն անցել է ընտրությունների գլխավոր փուլերի շրջանակից։ Երեք ու կես տարի ունենք մինչև հաջորդ ընտրությունները, և հիմա լավագույն ժամանակն է փորձելու զարգացնել երկիրն իրական բարեփոխումներով։ Այդ իմաստով գալիս է հանդարտության զգացմունքը։ Եթե թվում է, որ գործընթացներ չկան, չի նշանակում, որ ամեն ինչ հանդարտ է։ Բնականաբար, այսօրվա դրությամբ ձևավորվում են մարդկանց յուրահատուկ ճամբարներ. ամեն մարդ փորձում է իր գործն առաջ տանել, պետական ինստիտուտներն ունեն իրենց պարտավորություններն ու խնդիրները, իրենց իմացածի չափով են դա անում և վստահաբար գնում են իրենց ունակությունների շրջանակներում, իսկ մնացածն իր հունով է գնում։ Մոտ երեք տարի Հայաստանն այս տեմպով է փորձելու զարգանալ, և որքան կօգտագործենք այս հանգիստ ժամանակը դեպի բարեփոխումներ, այնքան ավելի լավ։

-Հաշվի առնելով նույնիսկ հայ-թուրքակա՞ն հարաբերությունները։

-Հայ-թուրքական հարաբերությունները պետք է դառնան մեզ համար ընկալելի գործընթաց և հարաբերությունների կարգավորում հարևանների հետ։ Այսօրվա դրությամբ անցել են ինչ-որ փուլեր։ Կլինեն նոր փուլեր՝ կապված այն բանի հետ, թե ինչպես կանցնի վավերացումը, ինչպես կընթանան բանակցությունները։ Այդ գործընթացները պետք  է լինեն այնպես, ինչպես մենք պետք է բանակցենք մեր այլ գործընկերների կամ հարևանների հետ։ Բնականաբար, հաշվի առնելով, որ Թուրքիան շատ ավելի յուրահատուկ խնդիր է մեր հասարակության մեջ (ինչպես իր ընկալումների բացասական իմաստով, այնպես էլ հարևան լինելու առումով) և պատմական փորձը, մենք պետք է շարունակենք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, փորձենք սովորել Թուրքիայի հետ ապրել ինչպես հարևան և այլն։ Այդ ամենը լինելու է, ժամանակ առ ժամանակ աժիոտաժ ևս լինելու է, սակայն ինձ չի թվում, որ այս 3 տարվա մեջ մեծագույն փոփոխություններ կլինեն։

-Հիմա կարծես երկու բևեռ կա ընդդիմադիր դաշտում։ ՀՅԴ-ի շուրջ համախմբված բևեռը մեղադրում է ՀԱԿ-ին, որ նրանք հստակ «ո՛չ» չեն ասում արձանագրություններին, իսկ ՀԱԿ-ի շուրջ համախմբվածներն ասում են, որ ՀՅԴ-ն իսկական ընդդիմություն չէ, քանի որ նախագահի հրաժարական չի պահանջում։ Այս իրավիճակում այսօր ո՞ւմ եք տեսնում որպես ընդդիմություն։

-Դա ընդհանուր հայկական ընդդիմության խնդիրն է։ 1991-ին և 1998-ին ևս ընդդիմադիր ուժերը մեղադրում էին միմյանց։ Մինչև հիմա հիշում եմ այն լավագույն բառերը, որ 1996թ. Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ եթե ընդդիմությունը չմիանա և հանդես չգա մեկ թեկնածուով, երբևէ չի հաղթի։ Դա եղել է բոլոր ժամանակներում։ Երբ ընդդիմությունը չի կարողացել միանալ և մեկ թեկնածուով հանդես գալ, նույնն է եղել։ Աշխարհում այդպես է. բոլոր ընդդիմություններն էլ փորձում են ասել՝ ես ավելի լավ ընդդիմություն եմ, քան ուրիշները։

-Ի վերջո, Դուք այսօր ո՞ւմ եք տեսնում որպես ընդդիմադիր ուժ և տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։

-Տարբեր հարցերի շուրջ կլինեն տարբեր ընդդիմություններ։ Այսօրվա դրությամբ «Հայ ազգային կոնգրեսն» այն իրական ընդդիմադիրն է, որ խնդիր է դնում, որ ինքն այլ ձևով է տեսնում Հայաստանի զարգացումը։ Սակայն եկեք չմոռանանք, որ «Ժառանգությունն» էլ է ընդդիմադիր ուժ։ Կապ չունի, թե ում շուրջ է այսօր համախմբված «Ժառանգությունը». ես մեծ հարգանք ունեմ այդ կուսակցության նկատմամբ։

-Ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս կարգավորմանը Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ ։

-Կողմ եմ։ Գործընթացը պետք է լինի, պետք է սովորել հարևանների հետ աշխատել, և որքան կարողանանք հզոր բանակցողներ ունենալ, որպեսզի բոլոր բանակցություններում կարողանանք առավել հայանպաստ խնդիրներ լուծել, այնքան ավելի լավ։ Մի բանի եմ դեմ՝ ոչինչ չանել և միայն պահանջելը ոչնչի չի բերի։ Ճանապարհը հարթում է նա, ով գնում է։ Այսօրվա դրությամբ՝ լավ, թե վատ, գործընթաց է սկսվել և պետք է կարողանալ այդ գործընթացով մինչև վերջ գնալ ճիշտ քայլերով։

-Արձանագրություններին նո՞ւյնպես կողմ եք։

-Արձանագրություններն արդեն ստորագրված են։ Կողմ եմ, դեմ եմ, կարևոր չէ։ Պետք է մտածել, թե արձանագրություններից ինչքան կարելի է օգտվել։ Դրա մասին եկեք մտածենք և ամեն օր աշխատենք այդ ուղղությամբ։

-Ձեր կարծիքով արձանագրություններն այդ հնարավորությունը տալի՞ս են։

-Այո՛, շատ։ Նույն արձանագրություններից Թուրքիան այսօր փորձում է քաղել մաքսիմալը, իսկ Հայաստանը պետք է փորձի քամել իր մաքսիմալը։ Այսօրվա դրությամբ Թուրքիան արձանագրությունները ծալել, դրել է մի կողմ և այլ երկրների հետ իր շահերի մասին է բանակցում։ Հայաստանն ինչքա՞ն է այլ երկրների հետ բանակցում իր շահերի մասին։

-Արձանագրությունների վավերացումը, փաստորեն, ճի՞շտ եք համարում։

-Այո՛, եթե երկիրը ստորագրել է, պետք է տեր լինի իր խոսքին։ Պետք է բոլորս համախմբվենք, որ կարողանանք գնալ դեպի մեր շահերի մաքսիմալ բավարարում։

-Ընդհանուր առմամբ, ներքին և արտաքին ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

-Ներքին կյանքը երևի այսպես կգնա. պետք է անպայման մտածել, որ տնտեսությունը չվատանա։ Այդ իմաստով 2010-ը ծանր տարի է լինելու։ Արտաքին քաղաքականության մեջ պետք է զգուշավոր ուշադրությամբ ընթանալ և փորձել հայ-թուրքական հարաբերություններում նորմալացումը մինչև վերջ տանել, եվրոինտեգրման գործընթացում քայլերը մինչև վերջ անել։ Ղարաբաղյան հարցում ոչ մի առաջընթաց չեմ տեսնում, և չեմ էլ մտածում, որ տեղի կունենա մոտ ժամանակներս, այնպես որ այդ իմաստով արդեն պետք է մտածել Հայաստանի շահերն առաջ տանելու մասին։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Հղումը՝ http://7or.am/am/news/view/9431/

 

Այս խորագրի վերջին նյութերը