Աշխարհ

22.03.2012 14:40


Ադրբեջանական բանակ. բռնաբարություններ, էթնիկական տարաձայնություններ

Ադրբեջանական բանակ. բռնաբարություններ, էթնիկական տարաձայնություններ

Ադրբեջանական բանակը կանգանած է լրջագույն մարտահրավերների առջև: Դրանցից ուշադրության արժանի են Ադրբեջանի զինված ուժերում բռնաբարությունների դեպքերի աճն ու էթնիկական տարաձայնություններից բխող սպառնալիքները: Ռազմական բյուջեի տարեցտարի ավելացմանը զուգընթաց՝ այդ խնդիրներն ավելի են սրվում: Նկատելով դրանք սեփական բանակում` ադրբեջանական ռազմական փորձագետները սկսում են նույն խնդիրները որոնել հայկականում, սակայն չունենալով որևէ փաստ` զբաղված են ներքին լսարանի համար նորանոր հեքիաթներ հորինելով: Այս ֆոնին զավեշտալի են ադրբեջանական ռազմական փորձագետների, մասնավորապես` Ուզեիր Ջաֆարովի հայտարարությունները հայկական բանակում տիրող բարքերի վերաբերյալ: Սա ևս խոսում է այն մասին, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ի զորու չէ պայքարել բանակի ներսում տիրող անարխիայի դեմ, ուստի վարձկան գրչակների միջոցով հասարակության ուշադրությունը սևեռում է հայկական բանակի կողմը:

 Այն, որ ադրբեջանական բանակում «դեդովշինայի», կաշառակերության և հանցավոր բարքերի պակաս չի եղել, պարզ էր դեռ երկու տասնամյակ առաջ, սակայն վերջին տարիներին հակառակորդի զինված ուժերում նկատվում է բռնաբարության դեպքերի կտրուկ աճ: Դեռևս 2010թ.-ին Ադրբեջանն աշխարհին ցնցեց ոչ թե նավթադոլաների շնորհիվ ձեռք բերված սպառազինությամբ և կազմակերպած զորավարժություններով, այլ բռնաբարության անմարդկային դրսևորմամբ: Այսպես` ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՀ զինված ուժերի N զորամասի երեք զինծառայողներ` Յուսիֆ Օկտայ օղլու Յուսիֆովը, Էմին Սահիբ օղլու Ռագիմովը (երկուսն էլ` ծնված 1989թ.-ին) և Տորգուլ Գուլու օղլու Ռագիրովը (ծնված` 1990թ.-ին) բռնաբարել են մի ամբողջ դասակ, այնուհետև սպանել հրամանատարներին: Սա բացառիկ երևույթ էր ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև նախկին Խորհրդային Միության ողջ տարածքում:

Նշենք, որ սա այդ տարվա ընթացքում միակ սարսափելի դեպքը չէր. 2010-ին Դաշքեսանում տեղակայված զինվորական մասում ժամկետային զինծառայողները կռվի էին ելել սեփական հրամանատարության հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` սպանելով հրամանատարներից 8-ին` նրանք ինքնասպանություն էին գործել: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ` զինվորականները նման քայլի են դիմել, քանի որ չեն կարողացել համակերպվել զորմասում տիրող դեդովշինայի հետ:

2011թ. արդեն ադրբեջանական բանակում բռնաբարությունները զանգվածային բնույթ կրեցին: Ադրբեջանի զինված ուժերի մի շարք զորամասերում արձանագրվեցին զինվորների բռանաբարության դեպքեր, սպաների դաժանություններին «անմասն» չմնացին նաև քաղաքացիական անձիք` կանայք և երեխաներ: Այս և այլ իրադարձությունները որոշ կայքերի թույլ տվեցին եզրակացնել, որ «ադրբեջանական բանակում զինվորների բռնաբարությունը մասսայական բնույթ է կրում» (արտահայտությունը վերցրված է «Criminalazerbaijan.com»-ից):

 

Ադրբեջանական սոցիալական ցանցերում վերոնշյալ դեպքերի կապակցությամբ օգտատերերը տարաբնույթ մեկնաբանություններ են արել, ուշագրավ են դրանցից մի քանիսը. որոնք ընդհանրական առումով բերում են հետևյալ մտքին. «Բռնաբարությունը Ադրբեջանի բանակում դարձել է ազգային ավանդույթ»:

Սեփական զինված ուժերում «դեդովշինայի», բռնաբարության և հանցավոր բարքերի դեմ պայքարելու փոխարեն ԱՀ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը զբաղվում է միայն սեփական շահի բավարարմամբ և էթնիկ փոքրամասնությունների ճնշմամբ: Ազգությամբ լեզգի նախարարն արդեն հասցրել է պաշտպանական գերատեսչությունը «մաքրազերծել» թուրքական ծագում ունեցող աշխատակիցներից: Այս մասին դեռևս 2011թ. սեպտեմբերին նշվում էր Ադրբեջանի բարձրագույն զինվորական ակադեմիայի սաների` «Ենի Մուսավաթ» թերթին հղած նամակում: Ապագա սպաները բողոքում էին ադրբեջանական բանակում գերիշխող կոռուպցիայից և ուսհաստատությունում ադրբեջանցի թուրքերի հանդեպ գործադրվող ճնշումներից: Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի բնակչության 92 տոկոսը ունի թուրքական ծագում, պաշտպանության նախարարության աշխատակիցների 90 տոկոսը ծագմամբ թաթարներ և լեզգիններ են, նշվում էր նամակում: Հիշեցնենք, որ մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են ադրբեջանական բանակում ավելացել երիտասարդ զինվորների հանդեպ սեռական ոտնձգության դեպքերը ադրբեջանցի ՊՆ մամուլի խոսնակ, գնդապետ Էլդար Սաբիրօղլու պատասխանել է. «Պարզապես լավ սնվելուց հետո տղաների մոտ արյան կազմում ավելանում է տեստոստերոնի քանակը: Հաճախակի դարձած սեռական ոտնձգության դեպքերը կապված են այն բանի հետ, որ ադրբեջանցի զինվորները շատ լավ են սնվում»:

Ներկայումս ադրբեջանական բանակում այլազգիների և թուրքական ծագում ունեցող ադրբեջանցիների հակասություններն ավելի են սրվել` հատկապես Ադրբեջանում կազմակերպված բողոքի ակցիաների ֆոնին: Որոշ փորձագետներ բանակում արձանագրված վերջին սպանությունները (ավելի քան 10 հոգի էթիկ փոքրամասնություններից) անմիջականորեն փոխկապակցում են էթնիկական հակասություններին: Սրան էլ հավելելով վերոնշյալ հանգամանքը, ըստ որի` Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր կողմնակալ կեցվածքով արդեն իսկ նպաստել է տվյալ հակասության սրմանը, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի զինված ուժերը հայտնվել են ծանր վիճակում. դրան նպաստում են մի կողմից բանակում նկատվող կարգապահության ցածր մակարդակը և քրեական բարքերի արմատավորումը, մյուս կողմից էլ էթնիկական բախումները: Այսպիսով` Ադրբեջանի ԶՈՒ-ում ներքին պայքարը հասնել է գագաթնակետին, և երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը դժվար թե իրավիճակը կարողանա շտկել` կոսմետիկ փոփոխություններ առաջ քաշելով:

 Գևորգ Թոսունյան

Այս խորագրի վերջին նյութերը