Մեկնաբանություն

01.04.2012 00:03


Կոալիցիան «դե ֆակտո» չկա, իսկ «դե յուրե» լուծարման շեմին է

Կոալիցիան «դե ֆակտո» չկա, իսկ «դե յուրե» լուծարման շեմին է

Վարդան Օսկանյանի ամեն մի հրապարակային խոսքից հետո արդեն ավանդույթի է վերածվում ՀՀԿ–ական կոնկրետ շրջանակների ու իշխանական լրատվամիջոցների արձագանքը։ Խոսքս, իհարկե, ջղաձիգ արձագանքի մասին է։

Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին արտգործնախարարը մշտապես հանդես է եկել Սերժ Սարգսյանի վարած արտաքին «նախաձեռնողականությունը» և տնտեսական քաղաքականությունը քննադատողի դերում։ Նախկինում, սակայն, նախագահի շրջապատում այդքան ծանր չէին տանում Օսկանյանի տված գնահատականները և միայն վերահսկվող թերթերի ու կայքերի միջոցով էին հակադարձում նրան։ Այժմ, երբ Օսկանյանը ԲՀԿ–ականի կարգավիճակով է իր տեսակետները ներկայացնում երկրում տիրող իրավիճակի և անհրաժեշտ փոփոխությունների մասին, Բաղրամյան 26–ում արդեն չեն բավարարվում ԶԼՄ–ներով ու մարտի են նետում քաղաքական կոչված գործիչներին. նյարդայնությունը թաքցնել չի հաջողվում։ Նման բան տեղի ունեցավ նաև «Ազատություն» ռադիոկայանի հետ Վարդան Օսկանյանի հարցազրույցից հետո։

Իսկ ի՞նչ ասեց ԲՀԿ համամասնական ցուցակի 2–րդ համարը և ինչո՞ւ այդպես հունից հանեց «հավատափոխության» («հավատանք, որ փոխենք»–ի կրճատ տարբերակն է) կարգախոսով առաջնորդվող ՀՀԿ–ին։ Տնտեսական քաղաքականության մասով ասվեց, որ պետք է անցում կատարել տնտեսական իրական աճի ապահովման, աշխատատեղերի ստեղծման և արտագաղթի կասեցման քաղաքականությանը։ Ինչ վերաբերում է Օսկանյանի քաղաքական «մեսիջներին», ապա դրանք հետևյալն էին.

1.ՀՀԿ–ի քաղաքական մենաշնորհը պետք է վերացնել,

2.Իշխող կոալիցիան ձևական բնույթ է կրում, քանզի ՀՀԿ–ն վերջին 5 տարիների ընթացքում ունեցել է բացարձակ մեծամասնություն և օգտվելով քաղաքական մենաշնորհից՝ որևէ կերպ հաշվի չի նստել կոալիցիոն գործընկերների հետ, հետևաբար՝ ՀՀԿ–ն է պատասխանատու արտաքին ու ներքին կյանքի բոլոր անհաջողությունների և ձախողումների համար,

3.ԱԺ առաջիկա ընտրություններում ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի ներկայիս կոալիցիոն հարաբերությունները չպահպանվեն, այսինքն՝ չլինի ՀՀԿ–ի հեգեմոնիայով ձևական գործընկերություն, իսկ եթե ձևավորվի կոալիցիա, ապա այն լինի իրական, որպեսզի ապահովվեն իշխանության ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների իրական մեխանիզմներ,

4.ԲՀԿ–ն բաց է լինելու բոլոր քաղաքական ուժերի հետ հնարավոր կոալիցիա կազմելու հարցում։

Շատերի մոտ հիմա հարց է առաջանում, թե Օսկանյանն ի՞ր, թե՞ ԲՀԿ–ի տեսակետներն է ներկայացնում։ Հարցին պատասխանելուց առաջ արժե հիշել, թե ինչ տեղի ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի հետ, երբ նա հայտարարեց, թե ԲՀԿ–ն 2013–ի նախագահական ընտրությունների ժամանակ պատճառ չունի Սերժ Սարգսյանին չսատարելու։ Բոստանջյանի այդ հայտարարությանն անմիջապես հետևեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակի և Նաիրա Զոհրաբյանի արձագանքը։ Վերջիններս հայտարարեցին, որ Բոստանջյանն իր անձնական կարծիքն է հայտնել։ Հետագայում արդեն նույն Բոստանջյանը չընդգրկվեց ԲՀԿ համամասնական ցուցակում։ Համանման ճակատագրի արժանացավ նաև «Հայբուսակի» ռեկտորը՝ Անոն։

Ճիշտ հակառակ բանն է տեղի ունենում Օսկանյանի հայտարարությունների պարագայում։ Նրա հրապարակային խոսքը ԲՀԿ–ից երբևէ չեն հերքում, ինչպես նաև չեն ասում, թե Օսկանյանն իր մասնավոր կարծիքն է հայտնել։ Բացի այդ՝ Օսկանյանը ԲՀԿ ցուցակի երկրորդ համարն է, հետևաբար կարող ենք եզրակացնել, որ նրա տված գնահատականները ուղենշում են ԲՀԿ–ի որդեգրած քաղաքական գիծը։ Իսկ դա նշանակում է, որ իշխող կոալիցիան «դե ֆակտո» գոյություն չունի, իսկ «դե յուրե» գործում է իներցիայով։

Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններն, ամեն դեպքում, վերջ կդնեն այս անբնական վիճակին, իսկ թե ինչ կլինի դրանից հետո՝ այլ խոսակցության թեմա է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը