Մեկնաբանություն

03.04.2012 17:08


Վերջ տալ «քաղաքական մանկուրտությանը»

Վերջ տալ «քաղաքական մանկուրտությանը»

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն օրերս ուշագրավ մանրամասներ էր ներկայացրել ՀՀ անկախության վերջին երկու տասնամյակի տարբեր ժամանակահատվածներում պաշտոնական Երևանի ու Անկարայի շփումների ու դրանց բնույթի մասին (տե՛ս http://www.mediamax.am/am/column/12231/

 «Անտեսված դասեր» վերնագրված նյութում Օսկանյանը մասնավորապես նշում է. «Մինչև մեր հաջորդ հանդիպումը Գյուլի հետ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2004թ. ապրիլին պաշտոնական այց կատարեց Թուրքիա։ Այցի ընթացքում Գյուլը հայտարարեց, որ ներկայում թուրք–հայկական սահմանի վերաբացումը բացառվում է։ ... Մեր հաջորդ հանդիպմանը Գյուլն ինձ պաշտոնապես տեղեկացրեց, որ այս հարցը երկար քննարկվել է, և նա ցանկանում է հայտնել, որ Թուրքիան Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների առումով ոչինչ չի անի այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցում չկա շոշափելի առաջընթաց»։

Այն, որ Թուրքիան միշտ էլ նախապայմանների լեզվով է խոսել Հայաստանի հետ՝ հայտնի փաստ է։ Հայտնի է նաև, որ այդ նախապայմաններից են հանդիսանում Ղարաբաղի հարցում հայկական կողմի միակողմանի զիջումների գնալը։ Չմոռանանք, որ հայ–թուրքական ներկա սահմանը փակվեց Քարվաճառի ազատագրումից հետո։ Այսինքն՝ թուրքերը երբեք չեն թաքցրել, որ միայն Ղարաբաղի հարցում «շոշափելի առաջընթացից», այն է՝ մեր միակողմանի զիջումներից հետո  կմտածեն հարաբերությունները կարգավորելու մասին։

2008–ի նախագահական ընտրությունների արդյունքում Բաղրամյան 26–ում հայտնված Սերժ Սարգսյանն այնպիսի էնտուզիազմով ու կործանարար ինքնավստահությամբ նախաձեռնեց «ֆուտբոլային» դիվանագիտությունը, կարծես Թուրքիան հրաժարվել էր հայտնի նախապայմաններից կամ էլ Գյուլը հրաժարվել էր իր դիրքորոշումից։

Եթե Սարգսյանը գիտեր Թուրքիայի նախապայմանների մասին, բայց այդ ամենը հաշվի չառնելով՝ մտավ խաղի մեջ, ապա դա խոսում է այն մասին, որ գործ ունենք  անընդունելի և անհանդուրժելի մտածելակերպով ղեկավարի հետ։ Իսկ եթե Սարգսյանը տեղյակ չէր մինչև իր նախագահ դառնալը Հայաստանի կուտակած փորձից և Թուրքիայի պահվածքից, ապա նա կարող էր գոնե խորհրդակցել իր նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանի կամ ՀՀ արտաքին գերատեսչությունը 10 տարի ղեկավարած Վարդան Օսկանյանի հետ և նոր միայն Գյուլի հետ սկսեր իր «ֆուտբոլը»։  «Առա՛ջ, Հայաստան» կարգախոսով նախագահ դարձած մարդն ընտրեց այլ տարբերակ ու, ցավոք, հետ գցեց Հայաստանը։

Ս. Սարգսյանին, թերևս, թվացել էր, թե նախկին նախագահներ Տեր–Պետրոսյանին ու Քոչարյանին չէր բավականացրել համապատասխան ճկունությունը, և մնում է միայն Գյուլին հրավիրել Երևան ու վերջ, բոլոր խնդիրները կլուծվեն, իսկ ինքն էլ կդառնա միջազգային հանրության սիրելին ու երկրի ներսում ինչ ուզի կանի։ Նա կարծում էր, թե երկրի անվտանգության հարցերը կարելի է լուծել իր այժմյան կուսակից ընկեր Վիկտոր Դալլաքյանի նկարագրած կազինո գնալու տարբերակով. կոնը դնում ես՝ հույսով, որ բախտդ կբերի։

 Սարգսյանն, ակնհայտորեն, հավատացել էր միջազգային դայակների «դաբրոների» գոյությանն ու փոխվել՝ դառնալով «խաղաղության աղավնի» (իրականում՝ միակողմանի զիջումների և, որպես հետևանք, «պատերազմի» կուսակցության տիպիկ ներկայացուցիչ)։ Արդյունքում՝ հայկական կողմը չլուծեց ոչ մի խնդիր։ Դրանից հետո Սարգսյանին մնում էր միայն հայտարարել, թե հայ–թուրքական հարաբերությունների գլխավոր արդյունքն աշխարհին ցույց տալն էր, թե ով է մեղավոր փակ սահմանների հարցում։ Լավ, ասենք աշխարհը տեսավ, որ թուրքերը «քըխ» են, հետո ի՞նչ։ Աշխարհը տեսել էր, որ Թուրքիան հայերի ցեղասպանություն է իրականացրել, և ի՞նչ։ Մի՞թե «ֆուտբոլային» թամաշայի նպատակն աշխարհի աչքերը բացելն էր։ Ինչու՞ էր Սարգսյանին թվում, թե աշխարհը չգիտի, թե ինչ է իրենից ներկայացնում Թուրքիան։ Եվ ամենակարևորը, եթե նույնիսկ ընդունենք, որ աշխարհը տեսավ, թե ով ով է, ապա մեզ դրանից ի՞նչ, չէ՞ որ իշխանությունները մեզ այլ բաներ էին խոստացել «նախաձեռնողականության» բուռն շրջանում։ Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը հիմա հասկացել է, որ սխալվել ու ձախողվել է «նախաձեռնողականության» արդյունքում ու դրա համար էլ «աշխարհի աչքերը բացելու» թեզով է փորձում «կռուտիտ» լինել։ Ինչևէ։

Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը ցույց տվեց, որ մենք դեռ կայացած պետություն չենք։ Կայացած պետություններում իշխանությունները փոխվում են ընտրությունների միջոցով և դրա մեջ ողբերգություն չկա։ Իշխանությունները փոխվում են, բայց պետության «ինստիտուցիոնալ հիշողությունը» պահպանվում է, այսինքն՝ նոր իշխանությունն օգտվում է նախկինում ձեռքբերված փորձից ու հաշվի է առնում այն տեղեկատվական բազան, որը կուտակվել է իրենից առաջ։

Հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության ջատագով Սերժ Սարգսյանի բռնած գիծը «քաղաքական մանկուրտության» վառ օրինակ է։ Հայաստանն աշխարհի առաջ կանգնեց պետական «ինստիտուցիոնալ հիշողությունից» զուրկ, կործանարար ինքնավստահությամբ և քաղաքականապես ոտաբոբիկ տեսքով։ Դա է պատճառը, որ «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունը ֆիասկո արձանագրեց։ Այս իշխանությունը ֆիասկո է արձանագրել նաև ներքին կյանքում։ Հետևաբար իշխանափոխությունը ոչ միայն անհրաժեշտ է Հայաստանում կուտակված խնդիրները լուծելու, այլ նաև ազգային անվտանգության տեսանկյունից։ «Քաղաքական մանկուրտությամբ» տառապող իշխանությունն իսկական պատուհաս է մեր ժողովրդի գլխին և վերարտադրվելով կարող է նորանոր ավերածությունների պատճառ դառնալ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը