Աշխարհ

20.05.2009 15:40


Փիթեր Սեմնեբի. «Մենք ողջունում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և հույս ունենք, որ բանակցություններն առաջ կընթանան»

Փիթեր Սեմնեբի. «Մենք ողջունում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և հույս ունենք, որ բանակցություններն առաջ կընթանան»

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, Փիթեր Սեմնեբին լրագրողներին ասել է, որ քննարկվել են՝ Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունները, մասնավորապես՝ Պրահայում «Արևելյան գործընկերություն» հռչակագրի և «Հարավային միջանցքի» համաձայնագիրի ստորագրումից հետո, ապա՝ Թուրքիայի դերը տարածաշրջանում, մասնավորապես՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմումը։

-Մայիսի 7-ին և 8-ին «Արևելյան գործընկերություն» հռչակագիրը և «Հարավային միջանցքի» համաձայնագիրը համարվում են կարևոր փաստաթղթեր և բավարար հիմք են տալիս Ադրբեջանի ու Եվրամիության հետագա հարաբերությունների համար։ «Արևելյան գործընկերություն»-ը մասնակիցներին նոր հնարավորություն է տալիս՝ երկկողմ հարաբերություններ ստեղծել Եվրամիության հետ,- ասել է Սեմնեբին։

Ինչ վերաբերում է «Արևելյան գործընկերության» կետին՝ Եվրամիության ազատ առևտրի գոտի մուտք գործելու մասին Ադրբեջանի հայցին, ապա Փիթեր Սեմնեբին հաստատել է, որ ազատ առևտրի համար երկիրն իրոք պետք է լինի «Առևտրի համաշխարհային կազմակերպության» անդամ։

-Մենք հետաքրքրված ենք, որ Ադրբեջանը դառնա «Առևտրի համաշխարհային կազմակերպության» անդամ։ Հույս ունենք, որ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն,-ասել է նա։

անդրադառնալով անցագրային ռեժիմին՝ Սեմնեբին ընդգծել է, որ նման խնդիրներ «Արևելյան գործընկերությունում» կան. «դա վաղը չի լինի, բայց կքննարկվի»։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս իրավիճակի մասին նա ասել է. «Մենք ողջունում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և հույս ունենք, որ բանակցություններն առաջ կընթանան։ Սա Եվրամիության համար շատ կարևոր շրջան է։ Եվրամիությունը կարող է ներդրում ունենալ այս գործընթացում։ Երբ կստեղծվի այդպիսի հնարավորություն, մենք պատրաստ ենք այն անելու։ Այն աջակցություն կլինի Մինսկի խմբին, այն աջակցություն կլինի ԵԱՀԿ-ին։ Այնպես որ, մենք դա ինքնուրույն չենք անի։ Շատ կարևոր է, որ միջազգային հանրության ջանքերը համակարգված լինեն»։

Պատասխանելով այն հարցին, թե Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հակամարտության վրա ի՞նչ ազդեցություն կունենա, Սեմնեբին ընդգծել է, թե դրանք երկու տարբեր հարցեր են, որոնք, այնուամենայնիվ, ակնհայտորեն ազդում են մեկը մյուսի վրա։

-Պետք է ապահովել, որ դրանք միմյանց վրա ազդեն դրականորեն,-ասել է Սեմնեբին։

Ըստ «Ռեգնումի»

Այս խորագրի վերջին նյութերը