Հարցազրույց

20.05.2009 19:32


Գագիկ Եգանյան.

Գագիկ Եգանյան.

Հարցազրույց Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի հետ

-Ինչպե՞ս է միջազգային տնտեսական ճգնաժամն անդրադարձել Հայաստանի միգրացիոն իրավիճակի վրա։

-Համաշխարհային տնտեսական ճգնաժամը երեք տեսակի բացասական հետևանք ունի միգրացիոն իրավիճակի վրա։ Առաջինը արտերկներից իրենց բարեկամներին ուղարկվող գումարների նվազումն է, որն արձանագրվել է 2008թ. 4-րդ եռամսյակի վերջին։ Մասնավոր փոխանցումները՝ տրանսֆերտները, 4-րդ եռամսյակում երրորդի համեմատ 20%-ով նվազել են։ Այն դեպքում, երբ 4-րդ եռամսյակում, որպես կանոն, միշտ արձանագրվել է ամենաբարձր աճը։ Դա պայմանավորված է եղել նրանով, որ 4-րդ եռամսյակում մարդիկ ավելի շատ էին վերադառնում Հայաստան՝ իրենց հետ բերելով աշխատած գումարները, և ամանորյա տոների հետ կապված՝ ավելի շատ տրանսֆերտներ էին գալիս։

-Իսկ այս տարվա պատկերն ինչպիսի՞ն է։

-2009 թ. երեք ամիսների տվյալներով՝ այս միտումը պահպանվել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարվա մասնավոր դրամական փոխանցումների ցուցանիշը կրճատվել է 31%-ով։

-Բացասական մյուս հետևանքները որո՞նք են։

-Երկրորդ բացասական հետևանքն անդրադարձավ սեզոնային միգրանտների վրա։ Մենք ունենք երկու տիպի միգրանտներ։ Նրանք, ովքեր երկար ժամանակով են մեկնում Հայաստանից, և սեզոնային միգրանտներ, ովքեր մեկնում են վաղ գարնանը և վերադառնում ուշ աշնանը։

-Հիմնականում ո՞ր երկրներն են մեկնում։

-Ռուսաստան՝ 94%-ը։ Հիմնականում նրանք աշխատում են շինարարության և ծառայությունների ոլորտներում։ Ճգնաժամի պայմաններում մենք կանխատեսում էինք, որ սեզոնային միգրանտների մի մասը կմնա Հայաստանում, քանի որ, նախ, Ռուսաստանում ճգնաժամն ազդել էր շինարարության ծավալների վրա։ Եվ երկրորդը՝ Ռուսաստանի իշխանությունները գործատուներին հորդորեցին աշխատատեղերի կրճատումներն անել ի հաշիվ միգրանտների։ Այս պայմաններում՝ սեզոնային միգրանտների համար աշխատանք գտնելը շատ դժվար կլիներ։ Ըստ դրա՝ մենք գնահատեցինք, թե որքան սեզոնային միգրանտներ կմնան Հայաստանում։

-Իսկ որքա՞ն է սեզոնային միգրանտների թիվը։

-60-70 հազ. մարդ։ Մենք գնահատում էինք, որ նրանց 50%-ը կմնա Հայաստանում։

-Ձեր կանխատեսումները որքանո՞վ հաստատվեցին։

-Մեր գնահատակները հիմնված են որոշակի տվյալների վրա։ Առաջինը ուղևորահոսքերի վերաբերյալ ինֆորմացիան է։ Ամեն ամիս մենք ստանում ենք տվյալներ, թե Հայաստանից ինչքա՞ն մարդ մեկնեց, և ինչքա՞նը եկավ։ Առաջին 4 ամիսների տվյալները ցույց տվեցին, որ մեր գնահատականները ճիշտ էին։ 4 ամիսների տվյալներով՝ Հայաստանից մեկնողների թիվը, անցած տարվա համեմատ, կրճատվել է։ Հիմնականում կրճատվել է՝ ի հաշիվ սեզոնային միգրանտների, քանի որ տարվա առաջին ամիսները նրանց մեկնման պիկ շրջանն են։ Ընդ որում, կրճատվել է ոչ միայն մեկնողների թիվը, այլև ընդհանուր ուղևորահոսքերի ծավալը։

-Ի՞նչ չափով է կրճատվել։

-Առաջին 4 ամիսների տվյալներով՝ 3%-ով ավելի քիչ մարդ է ուղևորվել, քան անցած տարի էր։ Մինչդեռ դրանից առաջ բոլոր տարիներին ուղևորահոսքերի 18-30% աճ էր գրանցվում։

-Երրորդ բացասական հետևանքը ո՞րն է։

- Երրորդ բացասական հետևանքն անդրադարձավ երկարաժամկետ միգրանտների վրա։ Դրանք այն մարդիկ են, ովքեր 3, 4, 7, 10 տարի ապրում են դրսում։ Չի բացառվում, որ Ռուսաստանի պարագայում նրանց մի մասը քաղաքացիություն է ձեռքբերել։ Նրանք միշտ պահել են կապը Հայաստանի հետ։ Այդ իսկ պատճառով, նրանք միգրանտներ են դիտարկվում, քանի որ տարվա ինչ-որ հատված անց են կացնում Հայաստանում։

-Նրանց թիվը որքա՞ն է։

-Միայն Ռուսաստանի Դաշնությունում՝ 700 հազ.։ 700 հազ.-ից քանիսի՞ վրա կազդի ճգնաժամը։ Նրանց ո՞ր մասը կարող է վերադառնալ Հայաստան։ Մեր գնահատականներով՝ կգա այն մասը, որը, նշված տարիների ընթացքում բնակվելով Ռուսաստանում, չի կարողացել ձեռքբերել սեփական կացարան։

-Իսկ տվյալներ կա՞ն, թե երկարաժամկետ միգրանտներից քանիսը՞ Ռուսաստանում սեփական կացարան ունեն։

-700 հազ.-ի 1/3-ը հասցրել է բնակարան ձեռք բերել։ Սա ոչ թե սոցիոլոգիական հարցման, այլ մեր ուսումնասիրության արդյունք է։ Այսինքն, 700 հազ.-ից միայն 250 հազ.-ն ունի բնակարան։ 400-450 հազ.-ը բնակարան է վարձում։ Նրանց զգալի մասն այսօր կանգնած է աշխատանքը կորցնելու վտանգի առջև։ Որոշակի թիվ չեմ կարող ասել։ Եվ եթե այս ճգնաժամը շարունակվի, նրանք պետք է ընտրություն կատարեն վատի և վատթարի միջև։ Վատթարը՝ առանց կացարանի և աշխատանքի Ռուսաստանում մնալն է, վատը՝ վերադառնալ Հայաստան, որտեղ միայն աշխատանք չունեն։ Նրանց զգալի մասն ստիպված կլինի ընտրություն կատարել վատի օգտին՝ վերադառնալ Հայաստան։

-Ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի աշխատաշուկայի և, ընդհանրապես, սոցիալ-տնտեսական վիճակի վրա։

-Այս թվերն առայժմ գնահատականներ են։ Այսինքն, սա դեռևս վարկած է, որը հաստատված չէ։ Միայն դրանց հաստատման դեպքում հնարավոր կլինի գնահատել հնարավոր հետևանքները։

Զրուցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը