Քաղաքական

26.04.2012 16:05


Աղվան Վարդանյանի պատասխանը

Աղվան Վարդանյանի պատասխանը

««Ժամանակ» օրաթերթը և «1in.am» կայքը ապրիլի 21-ին հրապարակել են «Քվեարկեք մեզ, որ թալանենք Ձեզ» հոդվածը, որ թունավոր անդրադարձ է ՀՅԴ նախընտրական ծրագրի որոշ դրույթների և դաշնակցական պաշտոնյաների գործունեությանը։

Ես հարկ համարեցի դիմել խմբագրություն և պարզաբանումները տալ։ Լրագրողը բարեխղճորեն պատրաստեց նյութը, բայց այն այդպես էլ, անհոդաբաշխ պատճառաբանությամբ, չտպագրվեց։ Ինձ այլ բան չի մնում, քան իմ պատասխանը ուղարկել այլ լրատվամիջոցների՝ հրապարակելու խնդրանքով։

 

Աղվան Վարդանյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար

 

 

«Այո, գնացե՛ք և քվեարկեք Դաշնակցությանը»

 

«Հարգելի» «Ժամանակ» և «1in.am»,

Նախ՝ ես հասկանում եմ, թե այս օրերին ինչու են նման հրապարակումներ լինում։ Հրաշալի հասկանում եմ՝ թե ինչու հենց կոնկրետ օրաթերթերում և կայքերում։ Թեժ նախընտրական շրջան է, մարդկանց նյարդերը չեն դիմանում։ Բայց գանք բուն խնդրին։

Դուք գրել եք, թե ՀՅԴ նախընտրական ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող դրույթներ չկան։ Գրել եք՝ ՀՅԴ–ն թաղված է կառուպցիայի մեջ, դրա համար էլ այդ հարցին չեն անդրադարձել։ Սխալվում եք։ Ուշադիր չեք կարդացել։ Նորից նայեք և կտեսնեք, որ մեր ծրագրում կոռուպցիայի նվազեցմանն ուղղված հիմնարար դրույթներ կան։

Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում եղել է Դաշնակցության գործունեության հիմնական ուղղություններից մեկը: Բոլորն են ընդունում, որ կոռուպցիան մեզանում մեծ չարիք է։ Օրերս ՀՀ նախագահը մեկ անգամ էլ շեշտեց դա։ Դաշնակցությունն այն քաղաքական ուժն է, որ հետեւողականորեն այս հարցերը բարձրացրել է և՛ ընդդիմության մեջ եղած ժամանակ, և՛ երբ իշխանության մաս էր կազմում, և՛ այսօր, երբ նորից ընդդիմություն ենք:

Այժմ էլ այն ցուցանիշները, որ դրված են ՀՅԴ նախընտրական ծրագրում (կրկնապատկել ՀՆԱ-ն և եռապատկել բյուջեն) այդ չարիքը նվազեցնելու նպատակ են հետապնդում: Կոռուպցիան անհնար է վերացնել, բայց հնարավոր է կտրուկ նվազեցնել:

Դուք գրել եք՝ Վերահսկիչ պալատը խայտառակ խախտումներ է հայտնաբերել իմ ղեկավարած համակարգում։ Կրկին սխալվում եք։ Մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու թեման արդեն 4 տարի շահարկվում է: Ես ժամանակին անդրադարձել եմ խնդրին, պարզաբանումներ տվել։ Բայց շարունակում են գրել, տեղյակ  ու անտեղյակ խոսել։ Վստահ եմ՝ այսուհետ էլ են գրելու ու խոսելու. «հասկացողին մեկ ասա, չհասկացողին՝ հազարումեկ»։

Դուք գրել եք, թե ես ասել եմ, որ տեղյակ չեմ հարցից և ուրիշների վրա եմ մեղքը գցել։ Սո՛ւտ է։ Ես երբեք չեմ ասել, թե այս գործընթացից տեղյակ չեմ. ես այն մարդը չեմ եւ այն նախարարը չեմ եղել, որ իմ ոլորտում տեղի ունեցած որեւէ բանից անտեղյակ լինեմ կամ հրաժարվեմ պատասխանատվությունից, կամ մեղքը փորձեմ գցել ինչ-որ մարդկանց վրա:

Իրականությունը հետեւյալն է. 2004-2007թթ. մեր նախարարության միջոցով մանկատան 165 նախկին շրջանավարտ ապահովվել է բնակարանով: Եվրահանձնաժողովի հետ իրականացվող ծրագիրը վերաբերում էր 1991-ից հետո մանկատների բոլոր շրջանավարտներին։ Այն ժամանակ ունեինք մոտ 300 նման երեխա: Մենք հանձնել ենք 165 բնակարան, որի 10 տոկոսը` 15-16 բնակարան, հետագայում պարզվել է՝ թերություններ ունեն: Ինչո՞ւ. դրա բացատրությունն էլ կա, և նախարարությունը այդ հարցում մեղքի բաժին չունի։

Ինչպես նշեցի, 165 երեխա տուն է ստացել։ Բայց մենք այդ տարիներին  պարտավոր էինք ապահովել բնակարանով ևս 60-65 երեխաների, ինչը չենք կարողացել անել։ Ինչո՞ւ: Որովհետև կատարող կազմակերպությունները ուշացնում էին բնակարանների մի մասի հանձնումը։ Մինչև Վերահսկիչ պալատի ստուգումները, երբ ես նախարար էի, այդ բոլոր հարցերը կարգավորման փուլում էին։ Ակտերը կազմել էինք, չեղյալ էինք հայտարարել պայմանագրերը և սահմանել էինք ժամանակացույց, որ չկատարած աշխատանքի ողջ գումարը վերադարձնեն պետական բյուջե: Տույժ տուգանքներն էլ ներառյալ։ Վստահեցնում եմ` այդ ծրագրից որևէ գումար չի կորել, չի անհետացել, պետությանը վերադարձվել է չկատարված աշխատանքի ողջ գումարը՝ տույժ-տուգանքներով հանդերձ: Խոսել այլ հարցերի մասին, պարզապես անիմաստ է։ ՎՊ-ն չի արել մի բան, որ մենք նախապես չգիտեինք կամ չէինք արել:

Այո, դժվար, բարդ ծրագիր էր։ Դեռ այն ժամանակ փորձում էինք քննարկել, ավելի օպտիմալ լուծումներ գտնել։

Ի՞նչ եղավ արդյունքում։ Աղմուկ, շոու արեցին, և 2008-2012 թվականներին՝ այսինքն՝ հինգ տարի ծրագիրը չիրականացվեց: 2008-ին բյուջեով նախատեսված էր գումար, սակայն չիրացվեց, մյուս թվականներին բյուջեով գումար չի էլ նախատեսվել: Մինչև այսօր հարցը քննարկում են։

Ըստ Եվրահանձնաժողովի հետ մեր ծրագրի, ԵՀ-ն մի քանի տարի ներդրում պետք է կատարեր, վարկ տրամադրեր բյուջեին, հետո պետությունը պետք է շարունակեր: Ծրագրի շահառու էին մանկատնից վաղուց դուրս եկածներ՝ 25-35 տարեկան մարդիկ։

Շոուի արդյունքում 5 տարի ծրագիրը դադարեցվել է: Այն երեխաները, որ  փողոցում էին, շարունակում են մնալ փողոցում, այն երեխաները, որ վերջին տարիներին ավարտում են մանկատունը, կրկին մնում են փողոցում: Սա է ոմանց □հայտնաբերած խախտումների□ արդյունքը. հինգ տարի մանկատան ոչ մի երեխա բնակարան չի ստացել։ Ո՞վ է սրա համար պատասխան տալու։

Կրկնում եմ՝ ես հինգ տարի նախարար եմ եղել։ Չկա մի բան համակարգում, որից տեղյակ չեմ, որի համար պատասխանատու չեմ։ Հպարտ եմ, որ 5 տարի՝ իբրեւ նախարար, մասնակցել եմ մեր պետության կայացմանը։ Եվ այսօր էլ, այո, հպարտորեն ասում եմ՝ գնացեք, քվեարկեք Դաշնակցությանը»։

Այս խորագրի վերջին նյութերը