Խմբագրական

25.05.2009 13:50


Բոլշևիզմը` գործողության մեջ

Բոլշևիզմը` գործողության մեջ

Հայաստանում տնտեսական բոլշևիզմ կառուցելու փորձ է արվում։ Այս մասին ահազանգվում էր դեռևս 2007 թ.-ից, երբ նոր ձևավորված խորհրդարանը, արտահերթ ռեժիմով, կողմ քվեարկեց պարզեցված հարկի փաստացի վերացմանը։ Ակնհայտ էր, որ դրանից հետո բիզնեսի վերաձևման քաղաքականություն էր իրականացվելու։ Այն ժամանակ վարչապետն էր ՀՀ ներկա նախագահ Սերժ Սարգսյանը։ Հետագայում Տիգրան Սարգսյանն իր նախորդից ընդունեց վարչապետական հերթափոխը, և համատեղ շարունակեցին սկսածը. ՀԴՄ-ների տեղադրում, տոնավաճառային հարձակումներ, արշավ անհատ տաքսու վարորդների դեմ և այլն։

Բիզնեսի փոքր ու միջին շերտերն այդ ընթացքում միայնակ էին պայքարում իրենց շահերի համար և «ընկան» իշխանությունների հետ անհավասար մարտում։ Կառավարությունը փոքրից սկսեց ու գնում է դեպի իր նպատակը, իսկ բիզնես դաշտի այլ հատվածներում (հատկապես՝ խոշորի շրջանում) պատրանքներ կային, թե  իրենց բան չի լինի, և ոչի՛նչ, որ մնացածները ոչնչանում են։ Պարզվեց, որ բոլորն էլ սխալվել են. «աղվեսը» հերթով գալու և տանելու է «կկվի» բոլո՛ր «ձագերին»։ «Բջնի» գործարանի հետ տեղի ունեցածը խոշորին ոչնչացնելու նախերգանքն էր։ Այդ մասին բազմիցս է ահազանգվել։ Սակայն, ավա՜ղ...

Օրենսդրական նախաձեռնությունը, որով կառավարությունն այժմ ուզում է մտնել խոշորի գրպանը, ապշեցնում է իր փիլիսոփայությամբ։ Ըստ այդմ՝ գործարարները ներկայացվել են հանցագործի կանխավարկածով, իսկ հարկայինի ներկայացուցիչները՝ հրեշտակի։ Եվ քանի որ իշխանության մտածողությունը բոլշևիկյան է, ուստի ընտրվել է մասնավոր բիզնեսում սովետական չեկիստների կամ կոմիսարների ինստիտուտ ներդնելու մեթոդը։

Հարկային նոր փաթեթով, ըստ էության, կառավարությունը ՀԴՄ-ներ է ուզում տեղադրել նաև խոշոր բիզնեսում, պարզապես՝ այդ յուրօրինակ ՀԴՄ-ները խոսելու, լսելու, նայելու և նույնիսկ փռշտալու հատկություն են ունենալու։ Այսինքն, լինելու են կենդանի և շնչավոր ՀԴՄ-ներ՝ հարկայինի ներկայացուցիչների տեսքով։ Սա է այն հիմնական մեխանիզմներից մեկը, որով իշխանությունները «մեկ մարդու տնտեսություն» են կառուցելու։ Դե հիմա պատկերացրեք, թե այդ օրենքի ընդունումը կառավարության համար որքան կարևոր է։ Դա իրենց կենսական շահերն է շոշափում։

Մի քանի դիտարկում. Երևանի ավագանու ընտրություններից մի քանի օր առաջ ներկայացնելով հարկային օրենսդրության այնպիսի փոփոխություն, որով խանգարվելու էր օրենսդիր մարմնի գործարար ներկայացուցիչների անդորրը՝ իշխանությունները ցույց են տալիս, որ.

1.իրենք համարժեք ընկալում չունեն երկրում տիրող գործընթացների վերաբերյալ և չեն գիտակցում նույնիսկ իրենց շահերը՝ մայիսի 31-ից առաջ լարվածություն ստեղծելով յուրայիններ համարվողների շրջապատում,

2.Հայաստանի տնտեսությունն այնպիսի օրհասական վիճակում է (պաշտոնապես հունվար-ապրիլին գրանցվել է ՀՆԱ-ի 9,7% անկում), որ ցանկացած քայլի պետք է դիմել՝ բյուջեն լցնելու նպատակով,

3.խոշոր տնտեսվարողների դեմ դուրս գալու մտադրությամբ կառավարությունն անուղղակի խոստովանում է, որ իրենց ծրագրած գործողությունների առաջին մասն ավարտված է՝ փոքր ու միջին բիզնեսը քամվել է մինչև վերջ և լրացուցիչ ռեսուրսներ կարելի է ստանալ արդեն միայն խոշորներից: Ու, բացի այդ, եկել է նաև խոշորին ոչնչացնելու ժամանակը՝ ստվերային տնտեսության դեմ պայքարի անվան տակ։

Հարկային օրենսդրության փոփոխությունների նախաձեռնումը կառավարությունն իրականացնում է նաև զուտ ինքնապահպանման բնազդից ելնելով։ Բանն այն է, որ բյուջեի փաստացի սեկվեստր կա, և ընտրություններից հետո շատ մեծ է հավանականությունը, որ բյուջետային հիմնարկների աշխատողների, թոշակառուների և նպաստառուների գումարներն ուշացվեն։

Չեմ զարմանա, եթե հեռուստաքարոզչության մեջ սկսեն հայտնվել այսպիսի տարրեր. «Եթե կառավարության ներկայացրած հարկային փաթեթը չընդունվի, ապա բյուջեն չի կատարվի, իսկ դա կհանգեցնի թոշակների և աշխատավարձերի ուշացման»։ Այդպիսով, գործադիրը կփորձի լյումպեն-պրոլետարիատին գրգռել բիզնեսի դեմ և հանրային այդ շերտերի աջակցությունը ստանալ՝ «թոշակ ենք բաժանելու» թեմայով, ինչպես որ բոլշևիկները խաբեցին ռուս մուժիկին՝ նրան հող ու գործարան խոստանալով, բայց հետո ոչինչ չտվեցին։ Բոլշևիկների բուն նպատակը կուլակաթափությունն էր։ Մեր նեոբոլշևիկներն էլ նույն «գծի» վրա են։

Այս իշխանության բնույթն այնպիսին է, որ իրենք հանգիստ չեն քնում այն մտքից, թե իրենցից բացի՝ ուրիշներն էլ կարող են գումար աշխատել և սեփականություն ունենալ։ «Ես պետք է յուրաքանչյուրի գրպանի փողերը հաշվեմ և վերցնեմ։ Եթե տիրապետեմ երկրում պտտվող բոլոր ֆինանսական հոսքերին, ապա իշխանությանս ոչինչ չի սպառնա։ Ընդդիմախոսներիս էլ ժամանակի ընթացքում կառնեմ ու հավերժ կիշխեմ։ Ինձ փողը պետք է նաև, որպեսզի այդ մեծաքանակ թոշակառուներին բաժանեմ օրինական ընտրակաշառք ՝ թոշակների տեսքով, և արդարացնեմ արձանագրվող ընտրաձայների պատկերը»։ Մոտավորապես սրանք են իշխանական գործողությունների ենթատեքստերը, և նրանց բոլոր քայլերը պետք է ընկալել այդ պրիզմայով։

Նկատենք, որ այդօրինակ ծրագիրը շատ փող է պահանջում։ Դրա համար էլ իշխանությունը ջանք չի խնայում դրսից վարկ բերելու ուղղությամբ, և երբ արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն լինում, հարձակվում են հայաստանյան բիզնեսի վրա։ Սկզբում ճզմվեց փոքրը, հետո՝ միջինը, իսկ հիմա հերթը հասել է «դիվան բաշուն»։ Թող որևէ մեկը չմտածի, թե դուրս է մնալու իշխանության տեսադաշտից։ Բոլշևիզմը սահմաններ չի ճանաչում։

Անդրանիկ Թևանյան

 Հ.Գ. Եթե կառավարությունը ցանկանում է վերահսկել տնտեսության ստվերը և հարկային տեսուչներ նշանակել մեծ շրջանառություն ունեցողների մոտ, որպեսզի բյուջեն լցվի, ապա ճիշտ կլինի, որ «երկրորդ սերնդի» բարեփոխումները ներառեն նաև «գիշերային թիթեռնիկներին»։ Նրանց շրջանում բավական մեծ չհարկվող շրջանառություն կա։ «Ծառայությունները» մատուցվում են առանց ՀԴՄ կտրոնների՝ դրանով վտանգելով բյուջետային մուտքերը։ Շահո՛ւմ է քաղաքացին, բայց չի՛ շահում պետությունը։ Հետևաբար, պետք է «շահերի բախման և բացահայտման ինստիտուտի» ներդրում իրականացնել։ Եվ, ի դեպ, ՀԴՄ կտրոնի քարոզարշավային կարգախոսը լրիվ առարկայական տեսք կստանա։

Պատկերացնու՞մ եք, թե ինչ քաղաքակիրթ համակարգ կլինի։ «Կլիենտը» գալիս է «թիթեռնիկի» մոտ և վարում պետության կողմից վերահսկվող, միանգամայն թափանցիկ զրույց-սակարկություն։ Պետության ներկայացուցիչն անմիջապես բացահայտում է կողմերին և նրանց մտադրությունները, իսկ հետո տեղում զննում «արտադրության» ամբողջ գործընթացը, արձանագրում «շարժը», հետևում, որ փաստաթղթաշրջանառությունն իրականացվի, իսկ վերջում էլ «կլիենտին» բարի ճանապարհ մաղթում՝ «Շահում ես դու, շահում է պետությունը» կենաց-լոզուգով։

Այս մեխանիզմի ներդրման օգուտը կրկնակի կլինի. նախ՝ կլցվի բյուջեն, ապա՝ կկրճատվի «բիզնեսի» ստվերը։

Մի խոսքով, գումարներ հայթայթելու կառավարության հնարավորությունները դեռ սահմանափակ չեն, և պարզապես պետք է սպասել դեպքերի զարգացմանը։

Այս խորագրի վերջին նյութերը