Խմբագրական

14.05.2012 23:56


Սերժ Սարգսյանը՝ արտագաղթի, պատերազմի և հեղափոխության պատվիրատու

Սերժ Սարգսյանը՝ արտագաղթի, պատերազմի և  հեղափոխության պատվիրատու

Մայիսի 6–ին կիրառված ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիաները Հայաստանում վերջնականապես սպանեցին ընտրական ինստիտուտը։ Ճիշտ է, 1995–ից սկսած ընտրակեղծիքները հայկական իրականության անբաժան մասն են կազմում, բայց այս անգամ կեղծիքների մասշտաբները և պետական ինստիտուտների ներգրավվածության մակարդակն աննախադեպ էին։

Հին տեխնոլոգիաներ

Ինչպես հայտնի է, նախկինում իշխանության վերարտադրությունն ապահովվում էր թաղային խուժանի, ընտրակաշառքի, կռիվների, ծեծուջարդերի, քվեաթերթիկների լցոնումների և այլ խախտումների միջոցով, բայց անվիճելի էր նաև այն, որ իրական ձայներ և՛ Լևոն Տեր–Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն ունեցել է։ Անգամ 2007–ի ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ն հանրային աջակցության որոշակի բազա ուներ և այդ բազային ավելացնելով կեղծիքներն ապահովեց բացարձակ մեծամասնություն։ Ասել է թե՝ մինչև այս ընտրությունները կեղծիքներն արվում էին եղածը շատացնելու, այլ ոչ թե զրոն հարյուր սարքելու համար։

2012–ի ընտրությունները չհաշված՝ ամենավիճելի ընտրությունները, թերևս, 1996ին էին, երբ Տեր–Պետրոսյանի օգտին ուժայինների ճնշմամբ ԿԸՀ–ն մեկ փուլով հաղթանակ գրանցեց։ Այդ օրերին էին, որ հնչեցին տանկերը քաղաք մտցրած Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքերը՝ 100 տոկոս ձայն էլ հավաքեիք, միևնույն է իշխանությունը չէինք տալու։

Լրջագույն խնդիրներ կային նաև 2003–ի նախագահական ընտրությունների ժամանակ, բայց իշխանությունը կամք դրսևորեց և ՀՅԴ–ի ակտիվ միջամտությամբ քաղաքական որոշում կայացրեց՝ գնալով երկրորդ փուլի, այնինչ Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետ Սերժ Սարգսյանը, ականատեսների վկայությամբ, պնդում էր, որ գործը պետք է ավարտել մեկ փուլով, այն է՝ «չորով» կեղծել թվերը, և վերջ (2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ Սարգսյանն այդպես էլ վարվեց, ինչը հանգեցրեց «մարտի 1–ի»)։

«Նանոընտրակեղծիքներ»

ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների կատարելագործման առումով քայլ առաջ կատարվեց. «կոշտ» մեթոդին փոխարինելու եկավ «փափուկ» մեթոդը՝ զրոն հարյուր դարձնելու մեթոդը՝ «նանոընտրակեղծիքը»։ Իշխանությունը հիմա ասում է, թե տեսեք ծեծուջարդ չեղավ, արկղ գողանալ չեղավ, ուրիշի օգտին քվեարկած թերթիկը մեր օգտին հաշվել չեղավ, լավ չէ՞։

Թող զարմանալի չթվա, բայց եթե իշխանությունն ինչ որ քանակի իրական ձայներ ունենար և հին մեթոդներով փորձեր այդ ձայներն ավելացնել, ապա դա համեմատաբար ավելի քիչ կեղծիքներով գործընթաց կլիներ, քան այն ինչ արվեց։ Արտաքին ու ներքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալած իշխանության բացարձակ հաղթանակ կոչվածը կատարյալ ցինիզմի դրսևորում է և մարտահրավեր մեր պետությանը։

Կոնֆլիկտների բացակայությունն ընտրատեղամասերում և բուն ընտրական գործընթացի ժամանակ ոչ թե հայկական ժողովրդավարության հաղթանակի, այլ մեռյալ քաղաքական դաշտի վկայություն է և պետք չէ իմաստունիկի դեմքով շրջանառության մեջ դնել այն թեզը, թե այս ընտրությունները լավագույնն էին մեր նորագույն պատմության ընթացքում։ Դա նույնն է, որ հիվանդ մարդու օրգանիզմը չպայքարի հիվանդության կամ օտար մարմինների դեմ և բժիշկը հայտարարի, թե ամեն ինչ կարգին է։ Օրգանիզմի դիմադրողականության բացակայությունը վատ նշան է, այլ ոչ թե գլուխ գովալու բան։ Ի վերջո չմոռանանք, որ առանց կոնֆլիկտի էին անցնում ընտրությունները նաև Սովետի ժամանակ, բայց դա հո չի՞ նշանակում, որ ժողովրդավարական էր ՍՍՀՄ–ը և կառավարվում էր ժողովրդի կամքով։

Հարցն այն չէ, որ ծեծուջարդով ընտրությունները լավ բան են։ Հարցն այն է, որ մեր երկրի այսօրվա վիճակը հաշվի առնելով՝ կոնֆլիկտի բացակայությունն անբնական է, քանզի աղքատության բարձր մակարդակ և արտագաղթի խնդիրներ ունեցող պետության ներսում չի կարող հասարակությունը գլխապատառ նետվել ընտրատեղամասեր և քվեարկել անարդյունավետ կառավարիչների օգտին։ Կաշառքով ՀՀԿ–ին կողմ քվեարկողներ եղել են, բայց նրանք 600 հազարանոց բանակ չեն կազմում։

Ընտրակեղծիքների «փափուկ» մեթոդի հաջող կիրառումը ցույց է տալիս, որ հասարակությունը հանձնվել է առանց կռվի՝ 5–րդ շարասյան ֆունկցիա կատարող շրջիկ խմբերի դավադիր քվեարկությունների արդյունքում։ Ասեմ, որ սա ավելի վտանգավոր երևույթ է, քանզի հակառակորդիդ դեմքով չես ճանաչում, նրան չես տեսել և չես կարող հախից գալ։

ՀՀԿ–ն խուսափեց հրապարակային բանավեճից և, ինչպես բուն ընտրական գործընթացը ցույց տվեց, խուսափեց նաև ընտրատեղամասային առճակատումից՝ գործելով հմուտ հանցագործի պես, ով իրեն լավ է զգում, երբ բոլորը քնած են ու մութ է։

Մեծ ստի «լեգիտիմությունը»

Իշխանությունը հիմա, փաստորեն, հանրությանն ասում է, թե ես այնպես եմ կեղծել, որ իրավական հիմք չունես ինձ կասկածելու, հետևաբար ես լեգիտիմ եմ։

Եթե նախկինում կեղծիքը գալիս էր լրացնելու իշխանության ունեցած ձայները, ապա այժմ այնպիսի մեծ սուտ հրամցվեց, որ մարդիկ շվարած իրար են նայում, իսկ իշխանությունն էլ ինտենսիվորեն շրջանառության մեջ է դնում «հայ ժողովրդի ծախու տեսակի» մասին թեզը, ինչը հնարավորություն է տալիս ՀՀԿ–ին քողածածկել իրական հանցագործությունն ու դրա մասշտաբները։ Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր միայն ընտրակաշառքի թեման են առաջ քաշում՝ բացատրելու համար արձանագրված արդյունքները, գիտակցաբար կամ անգիտակցաբար ջուր են լցնում իշխանության ջրաղացին, որովհետև ընտրակաշառքը չի եղել ԿԸՀ–ի հայտարարծ տոկոսների ապահովման հիմնական միջոցը։

Ես համոզված եմ, որ ընտրակեղծիքների իրականացումն ամբողջ հանրապետությունով մեկ իր ձեռքը վերցրեց իշխանությունը՝ պլանավորելով, կազմակերպելով և վերահսկելով ընտրակեղծիքները պետական ինստիտուտների միջոցով (ոստիկանություն, բանակ, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ)։

Թաղային խուժանն այս անգամ, մեծ հաշվով, հեռու էր պահվել ընտրական գործընթացից, քանզի ՀՀԿ վերնախավում շատ լավ հասկանում էին, որ զրոյական վարկանիշ ունեցող ուժին թաղային խուժանը, ծեծուջարդը և քվեաթերթիկների լցոնման առանձին դեպքերը չեն կարող օգնել։ Վերարտադրվել հնարավոր էր միայն լայնածավալ ընտրակեղծիքների միջոցով, ինչը կարող էր տեղի ունենալ միայն պետական ռեսուրսի ամբողջական կիրառմամբ, և այդպես էլ արվեց։

Նոր անձնագրերի զանգվածային բաժանումը նախապես հավաքագրված մարդկանց, վերահսկելի ընտրողներին մի քանի տեղ գրանցումը և շրջիկ խմբերի համար բազմակի քվեարկությունների ապահովումը բերեցին մի վիճակի, երբ ՀՀԿ–ն կարող էր ոչ թե 44, այլ 144 տոկոս ստանալ։ Ի դեպ, կային ընտրատեղամասեր, որտեղ մասնակիցների ավելի քան 100 տոկոս էր արձանագրվել, ինչը շատ խոսուն փաստ է։

«Իշխանությունը չտալու» փոխանցիկ դրոշը

Եթե 1996–ին Վազգեն Սարգսյանը, ով հետագայում գլխավորեց ՀՀԿ–ն, հայտարարում էր, թե ընդդիմությունը հարյուր տոկոս էլ հավաքեր, միևնույն է իշխանությունը չէինք տալու, ապա ՀՀԿ–ի այժմյան առաջնորդ Սերժ Սարգսյանը, մի փոքր վերափոխելով Վազգենի խոսքը, ըստ էության, հայտարարում է. «Եթե հարյուր տոկոսով էլ իմ դեմ քվեարկեք, միևնույն է ես իմ ուզած տոկսները կունենամ»։

Մայիսի 6–ին պարզ դարձավ, որ այնպիսի մեխանիզմ է ստեղծվել, որ ՀՀԿ–ն, ի տարբերություն 2007–ի ԱԺ ընտրությունների, այս անգամ նույնիսկ հրաժարվեց ձևի համար որևէ նյուվասյուկիստական ծրագրի քարոզից կամ ամպագորգոռ խոստումներից, քանի որ դրա կարիքը չուներ՝ «Միևնույն է այնպիսի տոկոս եմ ստանալու, որ իշխանության մնամ, էլ ինչու իզուր թաթախվեմ սուտ խոստումների մեջ, որ հետո դրանց կատարումը պահանջեք և անգործությունս երեսով տաք» թեմայով։

Շատ է խոսվում հեռուստաեթերը նախընտրական շրջանում ազատ լինելու մասին, բայց դա դեմագոգիայի ոլորտից է։ Հաշվի առնելով վերը նշված իրողությունները՝ իշխանությունն ընդհանրապես կարող էր եթերից ու քարոզից հրաժարվել, իսկ մյուս ուժերին առավոտից–երեկո եթեր տրամադրել, քանզի, ինչպես պարզվեց, քարոզով ու ծրագրով չէր որոշվելու կուսակցությունների ստացած տոկոսները։

Ամենավտանգավորն այն է, որ կեղծիքների այս մեխանիզմի մեջ են ներգրավել նաև վիրահայությանը։ Բազմաթիվ լուրեր են պտտվում այն մասին, որ Ջավախքից մարդկանց բերել են ու քվեարկության մասնակցելու հնարավորություն տվել։ Իսկ դա, համաձայնեք, որ առանց Վրաստանի իշխանությունների գիտության ու թույլտվության հնարավոր չէր լինի։ Թե դրա դիմաց ի՞նչ գին է վճարելու ՀՀ–ն՝ կերևա շատ շուտով, երբ ականատես կլինենք Ջավախքում վրացական իշխանությունների հերթական հակահայկական քաղաքականության դրսևորմանը և սերժսարգսյանական իշխանության լռությանը։

Մեկ բան ակնհայտ է, որ ջավախահայության «տեղահանությունը» դեպի, պատկերավոր ասած, «Դեյրզորի անապատ», այն է՝ ՀՀ ընտրատեղամաս, Հայաստանի իշխանություններին ձրի չի տրվել և վերջիններս պարտք են մնացել Վրաստանի ղեկավարությանն իրենց վերարտադրությամբ։ Սա շատ ավելի լուրջ հարված է մեր պետականությանն ու ջավախահայության շահերին, քան կարելի է պատկերացնել։

Ամփոփում

Եվ այսպես, միայնակ քարոզարշավ անցկացրած և երկրի կառավարման բոլոր լծակներն իր ձեռքը կենտրոնացրած Սերժ Սարգսյանը նմանատիպ «ընտրություններ» կազմակերպելով՝ յուրօրինակ «մեսիջ» հղեց հանրությանը։ Ըստ այդմ՝ «ընտրություն» կոչված գործընթացը վերջնականապես բռնաբարվել ու սպանվել է։

Ընտրակեղծիքների այս նոր մեթոդաբանությամբ կարելի է անգամ «պոլի փեդին» դարձնել պատգամավոր ու նախագահ։ Հետևաբար՝ իշխանությունն ակամայից հանրությանը մղում է կա՛մ արտագաղթի, կա՛մ հեղափոխության։

Տիգրան Սարգսյանը, իր սկզբունքին հավատարիմ, ենթադրաբար ամեն ինչ անելու է, որպեսզի դժգոհներն այստեղ չմնան, այլ համալրեն «Հայկական աշխարհը» և հեղափոխություն չանեն, բայց խնդիրն այն է, որ ՀՀԿ–ին գործնականում դեմ են քվեարկել ընտրություններին իրականում մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 700 հազ ձայն, և ուրեմն այդքան մարդու հնարավոր չէ Հայաստանից արտաքսել։ Դրա համար էլ ՀՀԿ–ն հիմա ուզում է ոչնչացնել բոլոր այն ուժերին, որոնք շատ թե քիչ իրական ձայներ են ստացել (խոսքս հաճախորդների մասին չէ), որպեսզի հակասերժական ալիք չկազմակերպվի։

Փորձը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը նեկրոֆիլ բնույթի քաղաքական հակումներ ունի և սիրում է շրջապատված լինել քաղաքական դիակներով, քանզի միայն այդպես է ապահով զգում իրեն։ Այդ իսկ նպատակով նա շրջանառության մեջ է դրել կոալիցիա կազմելու գաղափարը, որպեսզի փոշիացնի իր դեմ դուրս եկած քվեները։ Առաջին թիրախը, հասկանալի պատճառներով, «Բարգավաճ Հայաստանն» է։ Թիրախ են նաև բոլոր մյուս ուժերը, որոնք ՕԵԿ չեն դարձել։

Սերժ Սարգսյանը մարտահրավեր է նետել հանրությանը և ձգտելով անապատացնել քաղաքական դաշտը՝ երկրում, ակամայից, առաջացնում է հեղափոխական վիճակ, որը եթե ներսից չպայթի, ապա կարող է պայթել դրսից, բայց արդեն պատերազմի տեսքով։ Պետք չէ մոռանալ, որ մենք Ադրբեջանի հետ «սառը» պատերազմի մեջ ենք, և եթե Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգին հաջողվի քաղաքական ու հասարակական դաշտի անապատացման միջոցով կանխել հեղափոխությունը Հայաստանի ներսում, ապա դրանով նրանք հիմք կդնեն արտաքին վտանգի ավելացման, քանզի թուլացող տնտեսությամբ ու զրոյական հասարակական դիմադրողականությամբ կգրգռենք հարևանի ախորժակը։

Բնության օրենքները գործում են նաև քաղաքականության մեջ և եթե վակում կա, ապա այն ինչ որ ձևով պետք է լցվի։ Քաղաքական բացարձակ մենաշնորհ հաստատելով՝ ՀՀ իշխանությունները վակումային միջավայր են ստեղծում երկրի ներսում, ինչը կարող է լցվել դրսից, իսկ այդ դեպքում այս իշխանությունների ընդդիմությունը կարող է դառնալ Իլհամ Ալիևը, ում թիրախը կլինի Հայաստանը, այլ ոչ թե մեզանում գործող համակարգը։ Արժե՞ արդյոք թույլ տալ Ադրբեջանին լցնել այն վակումը, որի առաջացման պատճառը մեր տնաբույծ նեոբոլշևիկների ձգտումներն են։ Իհարկե չարժե։

Կարծում եմ, որ Հայաստանի ներսում կա այն ներուժը, որը թույլ չի տա այս իշխանությանն Ադրբեջանի տիպի սուլթանատ կառուցել, ինչն էլ իր հերթին կզսպի Ալևի ախորժակը, և մենք կկարողանանք խուսափել անցանկալի զարգացումներից ու «սառը» պատերազմի շրջանը կօգտագործենք մեր հաղթանակը վերջնական դարձնելու համար։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը