Աշխարհ

26.05.2009 14:33


«Նախաձեռնողի դերում հանդես գալն անհամեմատ ավելի ձեռնտու է»,–ասում է Արամ Գ. Սարգսյանը

«Նախաձեռնողի դերում հանդես գալն անհամեմատ ավելի ձեռնտու է»,–ասում է Արամ Գ. Սարգսյանը

-Երբ անցյալ տարի Թուրքիայի հետ բանակցություններ էին սկսվում, շատերը լավատեսորեն էին վերաբերվում, որովհետև կարծում էին, թե ֆուտբոլային դիվանագիտությունը նոր հասկացություն է և հնարավոր է, որ այդ նորի հիման վրա մենք շատ արագ քայլեր կանենք։ Խնդիրն այն է, որ այդպիսի շատ լուրջ գործընթաց սկսելուց առաջ կողմերը նախապատրաստում են իրենց և՛ ռազմավարությունը, և՛ մարտավարությունը։ Ստացվեց, որ Թուրքիան ընթացքում փոխեց իր մարտավարությունը։ Մենք  մինչ այսօր չենք փորձում հասկանալ, թե որո՞նք էին դրա դրդապատճառները։ Այստեղ պետական-ռազմավարական նշանակության հարցերի ամենալուրջ ուսումնասիրության և վերլուծության կարիք կար, որը մենք չարեցինք, որովհետև ընթացքում պարզվեց, որ հանկարծակիի ենք եկել,-անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ասել է դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ թուրքերը չեն խաբում,այլ պարզապես առիթ ունեին, որպեսզի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը սկսեին զուտ նրա համար, որ Եվրամիությունը թուլացնի իր ճնշումը և թույլ տա, որ Թուրքիան մտնի ԵՄ կազմի մեջ։

-Ընդամենը երկու շաբաթ առաջ Ն. Սարկոզին և Ա. Մերկելը  հայտարարեցին, որ Թուրքիան անդամակցելու ոչ մի հեռանկար չունի։ Թուրքիան այդ պահին պետք է ճիշտ քայլեր աներ, և նրանք գտան Ադրբեջանի հետ կապված պայմանները, որոնք միշտ կային։ Իսկ երբ դրա կարևորությունն ավարտվեց, Թուրքիան փոխեց մարտավարությունը։ Եվ հիմա մենք ասում ենք, թե նախապայմաններ չկան,- նշել է բանախոսն ու ավելացրել, թե նախապայմանները պետք է լինեին,- նախապայմաններն անհրաժեշտ էին զուտ նրա համար, որպեսզի բոլորը հասկանային, թե ով ում նկատմամբ ինչ հարցադրում-պահանջ ունի։

Ա. Սարգսյանի կարծիքով՝ որպեսզի Թուրքիային անուղղակի պարտադրենք ավելի լուրջ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, պետք է նրանց առաջարկենք համատեղ ծրագրեր իրականացնել։

-Մենք կարող էինք նրանց առաջարկել՝ ազատ տնտեսական գոտի ձևավորել այս տարածքում։ Դիվանագիտության մեջ կա հետաքրքիր երևույթ՝ տպավորություն ստեղծել։ Պետք է տպավորություն ստեղծել աշխարհում, որ տրամադրված եք իսկապես հարաբերություններ հաստատել։ Թող հակառակորդը փորձի դրանից հրաժարվել։ Նախաձեռնողի դերում հանդես գալն անհամեմատ ավելի ձեռնտու է,-կարծում է Արամ Սարգսյանը։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը