Մեկնաբանություն

21.05.2012 17:28


Գալուստ Սահակյանի վկաները

Գալուստ Սահակյանի վկաները

Ներքաղաքական գործընթացներին ուշադիր հետևողներն արդեն գիտեն՝ ինչպես կարելի է իմանալ Սերժ Սարգսյանի ու նրա նեղ թիմի մտքինը։ Բավական է հետևել վաղուց բացահայտված կամ ինքնաբացահայտված որոշ թերթերի ու կայքերի հրապարակումներին, լսել «ընդդիմադիր» մի շարք «շավկաների» ասածները, հետևել ուղղորդված ձևով ՀԱԿ–ից դուրս եկողների ձևակերպումներին, և ամեն ինչ պարզ կդառնա։ Կասկած չկա, որ սրանք կառավարվում են մեկ կենտրոնից։

Վերահսկվող լրատվամիջոցներն ու «քաղաքական» կոչված հաճախորդ–գործիքները հիմա մի քանի կոդ են օգտագործում, որով էլ ակամայից ի ցույց են դնում հետևներից երևացող ականջները։ Այդ կոդերը հետևյալներն են՝

1.պետք է դժգոհել ԱԺ վերջին ընտրությունների արդյունքներից և խոսել կեղծիքներից, բայց դրա հիմնական մեղավորը համարել ... ԲՀԿ–ին,

2. պետք է առաջ քաշել «երեք նախագահների եռանկյունուց դուրս» գաղափարը, բայց պայքարել միայն 1–ին ու 2–րդ նախագահների դեմ, իսկ Սերժ Սարգսյանի դեմ հանդես գալ «լայթս» տարբերակով՝ ընդամենը սեփական «դհոլությունը» քողածածկելու նպատակով,

3. հասարակության մեջ տարածել այն, որ Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի համեմատ ավելի մեծ չարիք է, և այդպիսով արդարացնել գործող նախագահի համար «ա լյա» Գեղամյան հաճախորդություն անելը՝ «պայքարում ենք հանուն չարյաց փոքրագունի և ընդդեմ չարյաց մեծագույնի» թեմայով,

4. անվերջ խոսել Ընտրությունների վերահսկման միասնական շտաբից, ՀԱԿ–ին քննադատել ԲՀԿ–ի հետ ընդդեմ ՀՀԿ քաղաքական մենաշնորհի հարցում համագործակցելու համար և կոկորդիլոսի արցունքներ թափել իբր ընդդիմադիր ձայները Գագիկ Ծառուկյանին տալու մասով, իսկ ՀՀԿ–ի հավաքած տոկոսների համար էլ մեղադրել ... «ծախու ժողովրդին»,

5. անընդհատ անոնս անել, թե շուտով ԲՀԿ–ն կոալիցիա է մտնելու՝ այդպիսով արդարացնելով միասնական շտաբին քննադատելը և սեփական հաճախորդությունը (ոչինչ, որ ոչ մի կոալիցիա էլ չկա և, ամենայն հավանականությամբ, չի էլ լինի ճիշտ այնպես, ինչպես ԲՀԿ–ի հետ միասնական ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելու ՀՀԿ ցանկությունն իրականություն չդարձավ):

Էլի մի քանի կոդեր կան, որոնք տարածում է Բաղրամյան 26–ը հիշյալ շրջանակների միջոցով, բայց հիմնականները սրանք են։

Ուշադրությո՛ւն դարձրեք. Ընտրությունների վերահսկման միասնական շտաբից առաջինը դժգոհեց ու քննարկումների դահլիճը լքեց ՀՀԿ–ն ներկայացնող Գալուստ Սահակյանը։ Հետո Գալուստի հետևից գնաց «Ազատ դեմոկրատներով» ու նախագահական սեկտորի ներկայացուցիչներով համալրված «Ժառանգությունը», իսկ հիմա էլ ՀԱԿ–ից դուրս եկողներն են անգիր արած տեքստով կրկնում, թե դժգոհ են Տեր–Պետրոսյանից, քանզի նա ԲՀԿ–ին մոռացած քննադատել է միայն ՀՀԿ–ին և ՕԵԿ–ին։

Հաշվի առնելով այս ամենը՝ իշխանության տարատեսակ հաճախորդներին պայմանականորեն կարելի է համարել «Գալուստ Սահակյանի վկաներ», քանզի նրանց քայլերի տրամաբանությունը և պահվածքը ոչնչով չի տարբերվում Գրիգորիչի արածից։

Հետաքրքիրն այն է, որ ընտրական ընթացիկ գործընթացը միասնաբար վերահսկելուն միտված ԲՀԿ–ՀԱԿ երկխոսությունից դժգոհողները ծպտուն չէին հանում Սերժ Սարգսյանի հետ ՀԱԿ–ի «երկխոսության» փուլում, «երկխոսություն», որը բխում էր բացառապես ՀՀԿ ղեկավարի շահերից։ Ավելին, իրեն այժմ թունդ ընդդիմադիրի տեղ դրած «Հանրապետություն» կուսակցության ղեկավարն այնքան խանդավառված էր «երկխոսությամբ», որ գրեթե ամեն օր հարցազրույց էր տալիս իշխանական լրատվամիջոցներին և գովերգում Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցող գյալաջին։ Այդ հիմա է, որ Արամ Սարգսյանը «սուխոյ ատկազ» է կանգնում և իրեն ներկայացնում որպես «երկխոսությունից» դժգոհ մեկը, բայց գրերի գյուտի հայտնաբերումից հետո նման էժանագին «տրյուկները» չեն անցնում։ Բավական է թերթել այն օրերի թերթերը կամ կայքերում որոնել Արամ Սարգսյանի համապատասխան հարցազրույցները, և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Այնպես որ, Արամ Սարգսյանը Գալուստ Սահակյանի ամենակարկառուն վկաներից է։ Մնացածները՝ շարքային վկա են։

Հեղինակ՝ Րաֆֆի

«Հացադուլ մանդատի դիմաց» ծրագրի համակարգող

Այս խորագրի վերջին նյութերը