Մեկնաբանություն

26.05.2012 17:53


Ինչ է սպասվում ԱԺ–ում

Ինչ է սպասվում ԱԺ–ում

ԲՀԿ–ի սպասելի որոշումից հետո քաղաքական դաշտում ահագին հստակություն մտցվեց։ Ձևավորվեց երկբևեռ քաղաքական համակարգ։

Ինչպես հայտնի է, հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական խաղացողները հայտնվել են ԱԺ–ում։ Այնտեղ հիմա իշխանական թևը ներկայացված է ՀՀԿ–ով ու դրան կցված ՕԵԿ–ով, որին քաղաքական միավոր կարելի է համարել միայն մեծ քանակությամբ օղին մուրաբայով «զակուսկի» անելուց հետո։

ԱԺ ընդդիմադիր թևը ներկայացված կլինի Ընտրությունների միասնական շտաբի անդամ կուսակցություններով՝ ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ։ Նշյալ կուսակցությունները տարբեր գաղափարախոսություններ ունեն և տարբեր սրությամբ են հանդես գալիս, բայց առնվազն մարտավարական հարցերում միասնական են։  Նրանք բոլորն էլ կողմ են ՀՀԿ–ի ունեցած քաղաքական մենաշնորհը վերացնելուն և մրցակցային միջավայր ձևավորելուն։ ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին ու ՀՅԴ–ին միավորում է նաև երկրում վարվող տնտեսական քաղաքականությանը դեմ հանդես գալը։

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ+ՕԵԿ «հզոր» կոալիցիան ունի 75 պատգամավոր, իսկ միասնական շտաբի անդամները համատեղ տիրապետում են խորհրդարանի 50 աթոռներին, այդուհանդերձ իշխանությունը մշտապես դժվարություններ է ունենալու իր ուզած օրենքներն անցկացնելիս, քանի որ նախորդ փորձը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ առնվազն 30 պատգամավոր, ովքեր կրում են ՀՀԿ–ի կրծքանշանը, «խասիաթ» չունեն ԱԺ նիստերին ներկայանալու։ Իսկ դա նշանակում է, որ դե յուրե մեծամասնություն ունեցող ՀՀԿ–ն դե ֆակտո կարող է պարբերաբար հայտնվել փոքրամասնության դերում։ Սա արդեն նախորդ խորհրդարանը չէ, որ ՀՀԿ–ականները հեշտ ու հանգիստ քվեարկեն ուրիշների փոխարեն։ Այժմ այդ ամենը թույլ չտվողներն այլ քանակ ու որակ ունեն։ Տեղին է նկատելը, որ 1995–ից այս կողմ ՀՀ խորհրդարանում երբեք այսքան մեծաթիվ հակաիշխանական բլոկ չի եղել։

Ինչ վերաբերում է «ժառանգությանը», ապա նրանք չեն կարող նախընտրական փուլի պես պահել իրենց, այն է՝ սարեր շարժել, կամարների տակ տրջիկ տալ և ընդդիմություն խաղալ, բայց հաճախորդներին ներհատուկ վարքագծով քննադատել ոչ թե Սերժ Սարգսյանին ու նրա թիմին, այլ ... ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին կամ ՀՅԴ–ին։ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած խմբակցությունը հիմա կա՛մ պետք է խաղա իշխանության, կա՛մ ընդդիմության ճամբարում։ Այլ տարբերակ չկա։ «Պետուշոկի» կարգավիճակը չի անցնի, քանզի 5 հոգանոց թիմով ոչ թե «պետուշոկ», այլ «դհոլ» կդառնան նրանք։ Պարզից էլ պարզ է, որ «Ժառանգությունը» անգամ ֆոնային ազդեցություն չի կարող ունենալ ընդհանուր գործընթացների վրա։ Այնպես որ Րաֆֆիի թեման կարելի է փակված համարել։ Եթե «Ժառանգությունը» շարունակի գեղամյանություն անել, ապա կփչանա մինչև վերջ, իսկ եթե չի անի՝ շանս կստանա գոնե դեմքը փրկել։ «Ժառանգության» համար ճիշտը «ոտատակ» չընկնելն է, այլապես այն օրը կընկնի, որ Հայաստանի հեռավոր գյուղերում անգամ կիմանան, որ Արտաշես Գեղամյանին փոխարինող է հայտնվել՝ այն էլ «ֆիռմա»։

Րաֆֆի Հովհաննիսյանի ու իր թիմակիցների խաղեր տալու պարագայում մենք խոստանում ենք այնպես անել, որ նրա ձեռքից, պատկերավոր ասած, շունն անգամ հաց չվերցնի։ Սա որպես զգուշացում։ Հետո չասեք, թե ինչու այսպես եղավ։

Եվ այսպես, շրջիկ խմբերի միջոցով ԱԺ հսկիչ փաթեթի տեր դարձած ՀՀԿ–ին մղձավանջային օրեր են սպասվում։ Էլ չխոսած այն մասին, որ Կառավարությանը ԱԺ–ում պարզապես «փչացնելու» են «պո պոլնոյ պռոգռամե»։

Իսկ թե ինչ է սպասվում նախագահական ընտրությունների ժամանակ, այլ քննարկման թեմա է։ «Կինոն» դեռ նոր է սկսվում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը