Քաղաքական

27.05.2009 16:49


««Ճանապարհային քարտեզ» չկա, դա հորինված բան է»,–ասել է Լևոն Մելիք–Շահնազարյանը

««Ճանապարհային քարտեզ» չկա, դա հորինված բան է»,–ասել է Լևոն Մելիք–Շահնազարյանը

«Հնարավո՞ր է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում լինի այնպիսի որոշում, որի դեպքում Ղարաբաղի իշխանությունները դեմ դուրս գան Հայաստանի իշխանություններին» հարցին քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը պատասխանել է. «Հնարավոր է»։

-Եթե Հայաստանի իշխանությունները վարեն քաղաքականություն, որը դեմ է ԼՂՀ շահերին, իսկ ես համարում եմ, որ դա դեմ կլինի ողջ հայության շահերին, ապա նման դեպքում հայկական երկու պետությունների միջև հակասությունները և հակադրությունները կդառնան անխուսափելի։ Սակայն չեմ կարծում, թե Հայաստանի իշխանությունները կարող են վարել և գնալ այն քաղաքականությանը, որը վնաս կհասցնի ԼՂՀ շահերին։ Նաև չեմ կարծում, որ կարող են լուրջ ստորագրություններ կամ  պայմանավորվածություններ ձեռք բերել՝ առանց խորհրդակցելու և համաձայնեցնելու ԼՂՀ իշխանությունների հետ,- ասել է քաղաքագետը։

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորները հետ վերցրին իրենց ստորագրությունները, և դրանք չբավարարեց համապատասխան որոշում ընդունելու համար։ Հնարավո՞ր է, որ «վերևից» էր  հրահանգ իջեցվել։

-ԱԺ-ն կարող էր որոշում ընդունել, որը կլիներ, մեղմ ասած, խոր չմտածված։ Ընդամենը 10-15 օր չանցած պարզվեց, որ այդ ստորագրահավաքի կարիքն իսկապես չկար։ Մենք չէ, որ պետք է քանդենք այն  շենքը, որը կարծես թե կառուցվում է։ Բայց այդ հարցով զբաղվող մարդիկ զգում էին, որ սա «բլեֆ» է, և որևէ լուրջ պայմանավորվածություն չի լինելու։ Ապրիլի 23-ից 5-6 օր հետո ես հայտարարեցի, որ «ճանապարհային քարտեզ» չկա, դա հորինված բան է։ Դրանից հետո ՀՀ փոխարտգործնախարարը հայտարարեց, թե երբ այն պատրաստ լինի, կհրապարակեն։ Այն ժամանակ էլ երևում էր, որ դա կեղծ է։

-Դուք ասում եք, որ «ճանապարհային քարտեզ» գոյություն չունի։ Այդ դեպքում, ի՞նչ պատասխան է տալու ՀՀ արտգործնախարարը։ Չէ՞ որ խոստացել են հրապարակել այն։

-Դժգոհելու շատ պատճառներ ունեմ վարվող արտաքին քաղաքականությունից, բայց այդ դժգոհությունը պետք է կառուցողական լինի, ոչ թե ջարդող, փշրող և պայքարող։

-Իսկ Ձեր դժգոհությունը կառուցողակա՞ն է։

-Ձգտում եմ, որ կառուցողական լինի։ Շատ բաներ կան, որ չեմ հրապարակում, բայց գրում և ուղարկում եմ իրենց։ Եթե Թուրքիան արդեն ձախողել է եղած կամ չեղած բոլոր պայմանավորվածությունները (իսկ նա դա արել է), ՀՀ-ն լրիվ ազատ է հրապարակելու կամ չհրապարակելու այդ փաստաթուղթը։ Այդ դեպքում մենք որևէ պատասխանատվություն չենք ունենա որևէ մեկի առջև։

-Այդ դեպքում, անհեռատես քաղաքական գործիչ չէ՞, արդյոք, ՀՀ արտգործնախարարը։

-Դրան էլ եմ համաձայն, եթե համոզված լինեի, որ այդ նախաձեռնությունը երկու պետության կողմից  է եղել։ Եթե երրորդը չի կանչել և ասել, թե այս համաձայնագիրը ստորագրում եք։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը