Քաղաքական

27.05.2009 18:19


«Հայկական ընտրությունը» պարտարստվում է նոր խոսք ասել Հայաստանի քաղաքական դաշտում

«Հայկական ընտրությունը» պարտարստվում է նոր խոսք ասել Հայաստանի քաղաքական դաշտում

Մայիսի 23-ին տեղի ունեցավ «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի ժողովը, որի ժամանակ ապագա կուսակցության նախաձեռնող խմբի անդամներն ընտրեցին 7 հոգուց բաղկացած համակարգող մարմին և ընդունեցին կանոնադրությունը։

Մայիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանն ասաց, որ արդեն հասել են մի սահմանգծի, որից այն կողմ հնարավոր չէ կուսակցության ստեղծումը հետաձգել, և իրենք Հայաստանի կուսակցաշինության բնագավառում պատրաստվում են նոր խոսք ասել։

-Մենք քաղաքական մի պատկեր ունենք, որը, թվում է, մեծապես պառակտված է: Սակայն եթե դիտարկենք ոչ թե խմբակային կամ անհատական շահերի պառակտվածությունը, այլ գաղափարախոսական հենքը, ապա կտեսնենք, որ հրապարակում առկա թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը Հայաստանի ազգային անվտանգության կարևորագույն և առանցքային բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ միևնույն աշխարհահայեցողությամբ թելադրված հայեցակարգային մոտեցումներն են դավանում։ Մենք ձգտելու ենք այս նախաձեռնությունը սեփական դարձնել Հայաստանի և Արցախի այն բոլոր քաղաքացիների համար, ովքեր կարևորագույն տեղ են հատկացնում պետականակենտրոն գաղափարախոսությանը, հայոց պետականության հետագա զարգացման, բարգավաճման մեջ են տեսնում իրենց ապագան,- ասաց նախաձեռնող խմբի անդամ Ալեքս Քանանյանը։

Ա. Աղայանի խոսքերով էլ՝ անկախ մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներից՝ այլևս չի լինելու այնպիսի ընդդիմություն, ինչպիսին ունեինք Վազգեն Մանուկյանից սկսած մինչև մեր օրերը.

-Նկատի ունեմ ընդդիմություն, որը նախկին իշխանավորներից էր բաղկացած։ Ընդդիմություն, որը հստակ գաղափարական խնդիրներ չի դնում, որը չունի կազմակերպական կառուցվածքներ և որտեղ առաջնորդները ոչ թե ընտրվում են, այլ կուռքի նման հրամցվում ընտրողներին։ Այսօր մենք հասել ենք այդ ոճի ընդդիմության գագաթնակետին։ Մենք այլընտրանք ենք ներկայացնելու այն բազմահազար ընտրողներին, ովքեր, որպես չարիքի փոքրագույն, ընտրում են Տեր-Պետրոսյանին, Ստեփան Դեմիրճյանին, Արտաշես Գեղամյանին և նմաններին։

«7օր»-ի հարցին ի պատասխան՝ «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներն ասացին, որ այսօր քաղաքական դաշտում չկա մի կուսակցություն, որը կհամապատասխանի իրենց պատկերացումներին, քաղաքական նպատակներին և գաղափարախոսական առանձնահատկություններին։ Եթե անգամ մոտեցումների նմանություն էլ կա, ապա դա միայն արտաքինից է այդպես երևում։

«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամները վստահեցնում են, որ իրենց կուսակցությունը ոչ թե դառնալու է ինչ-որ մի օլիգարխի անձնական ՍՊԸ-ն, այլ ֆինանսավորվելու է անդամավճարների հաշվին, ունենալու է ոչ թե նշանակովի, այլ ընտրովի ղեկավար կազմ և, ընդհանրապես, աշխատելու է թափանցիկ՝ «ակվարիումի մեջ»։

Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում էլ ներկայացնելու է իր այլընտրանքային կանոնադրությունը, ծրագրային նախագծերը։

Մինչև հիմնադիր համագումարը, հույս ունեն, որ շուրջ 500 անդամ կունենան։ Համակիրների թիվն էլ կհասնի մի քանի հարյուր հազարի։

«Հայկական ընտրություն» կուսակցությունը դեռ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններին, բայց. «Հավակնում ենք ամբողջ քաղաքական վերնախավը ասպարեզից հեռացնել, լուսանցք մղել»։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը