Մեկնաբանություն

05.06.2012 00:32


Ինչու՞ է լկտիացել Ադրբեջանը

Ինչու՞ է լկտիացել Ադրբեջանը

Տխրահռչակ «նախաձեռնողական» քաղաքականությունը, որը նպատակ էր հետապնդում տարածաշրջանային մակարդակով «խաղաղության աղավնու» իմիջ կարել Հայաստանի վրա, ամբողջությամբ սնանկ դուրս եկավ ու էլ ավելի լկտիացրեց Ադրբեջանին և ավելացրեց լարվածությունը տարածաշրջանում։

Հիշեցնեմ, որ «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց սիրիական «Ալ Վաթան» թերթին և նշեց, թե հայկական կողմը պատրաստ է զիջել Ղարաբաղը շրջապատող անվտանգության գոտին եթե Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը։ Եկեք այժմ արձանագրենք, որ դա շատ կոպիտ սխալ էր, քանզի Ալիևը պաշտոնական Երևանի զիջողականությունը գնահատեց ոչ թե որպես բարի կամքի դրսևորման, այլ թուլության նշան ու անցավ հարձակման։

Այս էլ որերորդ անգամ մեր հարևանը դիվերսիոն գործողության է դիմում և խլում մեր զինվորների կյանքը։ Դրանք տեղի են ունենում միշտ՝ ՀՀ ղեկավարության հետ Ալիևի հանդիպումներից առաջ, ընթացքում կամ հետո։ Կրակոցներ էին հնչում  նաև նախընտրական փուլում։ Դիվերսիա եղավ նաև հունիսի 4–ին Տավուշի մարզում՝ Քլինթոնի այցելության օրը։ Սրանով պաշտոնական Բաքուն ուզում է սադրանքի դիմել ու միջազգային հանրությանը ցույց տալ, որ ինքը պատրաստ է ուժով լուծել Հայաստանի հետ ունեցած խնդիրը։

Հարցն այն չէ, որ նախկինում հրադադարի ռեժիմ չէր խախտվում։ Հարցն այն է, որ Ադրբեջանը «հաբռգել» է, որովհետև տեսնում է, որ ունի թուլացող տնտեսությամբ հակառակորդ, և «սառը պատերազմն» ուզում է տաքացնել ու իր նախընտրած ձևով ավարտել։

Իսկ ի՞նչ է անում Հայաստանի «բարեշրջիչ» իշխանությունը։ Տնտեսական զարգացման ուղիներ փնտրելու և «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ռեժիմի մեջ գտնվող պետության քաղաքացիներին չբարոյալքելու փոխարեն՝ Սերժ Սարգսյանն իր համար շրջիկ խմբերով քվեներ է ապահովում, իսկ Տիգրան Սարգսյանին վարչապետ վերանշանակելով՝ ցույց է տալիս, որ տնտեսական վերելքի մասին մտածելն անգամ անիմաստ է։ Այսինքն՝ իշխանությունը հաղթանակներ է տանում Հայաստանի հանրության նկատմամբ և միևնույն ժամանակ տանուլ տալիս երկիրը։

Ադրբեջանը կրակում է ու կկրակի այնքան, քանի դեռ մենք նրան խաղաղություն չենք պարտադրել մեր պետական ու քաղաքական համակարգի արդիականությամբ և արժանապատիվ քաղաքացու առկայությամբ։

Ի դեպ, մի շատ վտանգավոր թեզ է շրջանառության մեջ դրվել Բաղրամյան 26–ից։ Ըստ այդմ՝ քանի որ մենք «սառը» պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ, ուստի մեզ պետք չէ ժողովրդավարություն և պետք է միահեծան իշխանություն։ Պարզից էլ պարզ է, որ նման տեսակետները տարածվում են՝ արդարացնելու համար տոտալ ընտրակեղծիքներն ու թուրքմենբաշիզմի ձգտող համակարգի առկայությունը։

Իրականում մեզ ճիշտ հակառակ բանն է պետք։ Մեզ պետք է մրցակցային քաղաքական ու տնտեսական համակարգ, որը թույլ կտա բեկում մտցնել հանրային կյանքում, խթանել տնտեսությունը և ձևավորել ինքնավստահ ու երկրի անվտանգության համար պայքարի պատրաստ ՀՀ քաղաքացի։

Մենք, իրո՛ք, պետք է հավատանք մեր ուժերին և փոխենք մեր այսօրվա վիճակն ու այն տնօրինողներին, այլապես ադրբեջանական դիվերսանտներին ստիպված կլինենք դիմավորել մայրաքաղաքում։ Եվ ուրեմն, ավելի լավ է ցնցել պետական կառավարման այս անարդյունավետ համակարգը և նորը ստեղծել, քան ցնցվել ադրբեջանական դիվերսանտների արածներից։

Ադրբեջանին պետք է հաղթել ոչ թե սահմանի վրա, այլ Երևանի կենտրոնում՝ առաջնորդվելով հզոր ու դինամիկ զարգացող Հայաստանի հայեցակարգով։ Համոզված եմ, որ այդ դեպքում սահմանները խաղաղ կլինեն ու մեր տղերքը ողջ և առողջ տուն կդառնան ծառայությունից։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանի վարած «նախաձեռնողական» քաղաքականությունը գործնականում ցույց տվեց, թե որքան սխալ է այն տեսակետը, ըստ որի՝ խաղաղության հասնելու համար պետք է զիջողականություն և պացիֆիզմ դրսևորել Ադրբեջանի նկատմամբ։ Այդ մոտեցումն առնվազն մոլորություն է, երբ առաջ է քաշվում փորձագիտական շրջանակների կողմից և հանցավոր անհեռատեսություն, երբ իրականացվում է պետական այրերի կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը