Հարցազրույց

07.06.2012 11:05


Գագիկ Գինոսյան

Գագիկ Գինոսյան

Հարցազրույց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ

Փաստերը ցույց են տալիս, որ փոքր հարցերում հասարակական ընդվզման և միասնականության շնորհիվ դրական արդյունքի հայաստանյան հասարակությունը կարողանում է հասնել, բայց երբ գործն ավելի գլոբալ խնդիրների է վերաբերում, մի տեսակ վախվորածություն է առաջանում։ Ո՞րն է, ըստ Ձեզ, դրա պատճառը։

Շատ բնական եմ համարում փոքր հարցերում կամ մասնակի խնդիրներում հասարակական ընդվզման ձեռբերումները, և դրան զուգահեռ մեծ, գլոբալ խնդիրներում ձախողումները: Բնականաբար, մեծ խնդիրների լուծման համար և՛ մարդկային, և՛ մտավոր, և՛ բարոյական ավելի մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ, քան մասնակի խնդիրներ լուծելու համար, առավել ևս եթե հաշվի առնենք, որ գլոբալ հարցերում նաև ավելի մեծ համառություն, ինչու ոչ՝ նաև ավելի նվիրում և հետևողականություն է պահանջվում: Մյուս կողմից էլ նաև կարելի է ենթադրել, որ փոքր հարցերում իշխանության զիջումները հասարակության ուշադրությունը գլոբալ խնդիրներից շեղելու կանխամտածված քայլ են:

Հասարակության տարբեր շերտերից տարբեր հարցերի վերաբերյալ շարունակ բողոքներ ենք լսում, բայց փոփոխություն այդպես էլ տեղի չի ունենում։ Որքա՞ն կարող է այս իրավիճակը շարունակվել, և  դա փոխելու համար ի՞նչ է անհրաժեշտ։

 Այս իրավիճակը էական փոփոխություն չի կրի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները պարտադրված չեն լինի կարդինալ՝ հիմնաքարային փոփոխություններ իրականացնել:

Արվեստի գործիչները յուրահատուկ լակմուսի թուղթ են հասարակական ընկալման առումով, բայց հաճախ արվեստագետներից, մշակութային գործիչներից շատերի պահվածքն էլ չի տարբերվում վախվորած հասարակության պահվածքից։ Սա ազգային մտածողությո՞ւն է։

Կարծում եմ՝ մեկ բան է արվեստի գործիչը, մի այլ բան է մտավորականը: Այս հասկացողությունները երբեմն նույնացվում են մեկ անձի մեջ, բայց այսօրվա Հայաստանում, ցավոք սրտի, առավել հակառակ դրսևորումն ենք նկատում: Մշակույթը մասնագիտություն չէ, գոնե պիտի չլինի, այն առաքելություն է, և ահա այս արվեստագետներն են, որ իրավունք ունեն մտավորական կոչվելու, իսկ մտավորականը ազգի խիղճն է, որը չի խոսում, երբ պատվիրում են և ինչ պատվիրում են, այլ խոսում է, երբ ազգի շահն է պահանջում չլռել:

Աստվածաշնչից հայտնի է, որ Մովսեսը եգիպտական գերությունից ազատելով իր ժողովրդին՝ 40 օր անապատով պտտեցրեց, որ նրանց միջից այդ ստրուկի հոգեբանությունը դուրս գա։ Մե՞զ քանի տարի է պետք դրանից ձերբազատվելու համար։

Ես կնախընտրեի մովսեսյան, աստվածաշնչյան, հրեական օրինակների փոխարեն խոսել հայ հանճարի, հայոց ռազմի մարգարեի շուրթերով:
Իսկ ինչքա՞ն է պետք մեր սերնդի մեջ ստրկամտությունը մաքրելու համար, շատ հստակ ասված է Գարեգին Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատությունում։
«Ազգերի կյանքը ժամանակաշրջաններ ունի, երբ որդիները հարկադրաբար իրենց հայրերի դաստիարակիչը կհանդիսանան... 
Կուզեի, որ իմ խոսքը՝ ուղղված քեզ, հայ երիտասարդություն, կուզեի որ դա առաջին հաղորդության ազդեցություն ունենար:
...Եթե դու չես, եթե չես կամ պիտի չդառնաս ճանապարհ փրկության մեր ազգի համար, նրա համար կմնա մի հատիկ ճամփա... դեպի գերեզմանատուն:
...Եվ պիտի երկարի խաչելության հոգեվարքը և ուշանա հարությունը ցեղիդ»,–Գ. Նժդեհ։

Չե՞ք կարծում, որ հասարակական վերջին ակտիվացումներն էլ բավականին արհեսատական են իրականացվում և իրականում ավելի կարևոր խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու միտում ունեն։

Այս մասին ես դեռ առաջին հարցի պատասխանում ակնարկել եմ: Իշխանական նմանատիպ տեխնալոգիաները, կարծում եմ, աշխարհի, մեր ազգի համար ինչ–որ նոր բացահայտում չեն կարող լինել և ոչ էլ անակնկալ: Կարծում եմ՝ վերոնշյալ խնդիրների և պետությունում առկա խնդիրների լուծումը հնարավոր է նախևառաջ անկախ, վերկուսակցական մտավորականության ձևավորումով («Մտավորականությունը ժողովրդի ճակատագրի դարբինն է...»,–Գ. Նժդեհ), որն իր հերթին պիտի ձևավորի ազգային արժեհամակարգ, որի հիմքի վրա էլ դաստիարակվի այն սերունդը, որը դատապարտված է իր հայրերի դաստիարակիչը լինել:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը