Մեկնաբանություն

09.06.2012 12:01


Սերժն ու Համիդը

Սերժն ու Համիդը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցն էքստազի մեջ է գցել Սերժ Սարգսյանի քարոզիչներին և իշխանամետ «վերլուծաբաններին»։ Սրանք ավելի շատ անդրադառնում են ոչ թե պետքարտուղարուհու այցելությանը զուգահեռ տեղի ունեցող դիվերսիոն գործողություններին և մեր զոհերին, այլ փրփուրները բերաններին գովերգում են «նախաձեռնողականության» հաղթարշավը՝ շարունակ խոսելով «յանկիների» նախկին նախագահի տիկնոջ երկրորդ «գալստյան» մասին։ Ուրիշ ձեռքբերում չունեն, բա էլ ուրիշ ինչո՞վ պետք է հասարակության առաջ հանդես գան։

Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը վերածվել է սրան–նրան քծնելու արվեստի։ Սկզբունք չկա. Պուտինին են տեսնում՝ Պուտինին են քծնում, Քլինթոնին են տեսնում՝ Քլինթոնին են քծնում։

Ամենանողկալին այն էր, որ «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում «նախաձեռնողականների» քծնանքի օբյեկտը Գյուլն էր։ Երկրիս հաստիքային քծնողների «չիպերն» այդ ամենից հետո խփել էին. սրանք չգիտեին, թե ում քծնել՝ Սերժի՞ն, թե՞ Աբդուլլահին։ Հետո, իհարկե, կողմնորոշվեցին ու սկսեցին  «չերեզ» Գյուլ քծնել Սարգսյանին։

Երևի նկատած կլինեք, որ 2008թ. սկսած՝ Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետության գնահատման համար հիմք է դարձել օտարերկրյա պաշտոնյաների այցելությունը կամ Պուտինի տան «տաբուրետկային» Սերժ Սարգսյանի նստելու րոպեների քանակը։  

Ըստ Բաղրամյան 26–ի՝ որքան շատ են այցելում մեզ, այնքան լավն է մեր դիվանագիտական աշխատանքը։ Դե, իսկ Հիլարի Քլինթոնի կրկնակի այցելությունները Հայաստան մեզ այժմ ներկայացվում է որպես Սերժի ճկունության դրսևորման գագաթնակետ՝ «Տեսա՞ք, Քլինթոնը երկրորդ անգամ է գալիս Երևան ու ՀՀ նախագահին համարում լավ լիդեր, ուրեմն՝ դրսի «դաբրոն» Սերժն ունի» թեմայով։

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները և դիվանագիտական աշխատանքի արդյունավետության իշխանական չափորոշիչները՝ փորձենք քար գցել Սարգսյանի «նախաձեռնողականության» բոստանը, քանզի այն զգալիորեն զիջում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Աֆղանստանը կամ Իրաքը։ Բանն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարների այցելությունների ինտենսիվության առումով միջազգային մասշտաբով Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից ունի՝ ի դեմս Աֆղանստանի ղեկավար Համիդ Քարզայի։ Վերջինինս ղեկավարած պետությունն ամենաշատն է ընդունում–ճանապարհում «յանկիներին»։

Սերժ Սարգսյանն իր աֆղան կոլեգային զիջում է նաև հյուրերի «գիշերաքնության» առումով։ Օրինակ՝ Քլինթոնը հայաստանյան իր նախորդ այցի ժամանակ մեկ գիշեր քնել էր Երևանում, իսկ այս անգամ չէր քնել։ Իսկ ահա Աֆղանստան կատարած բազմաթիվ այցերի ժամանակ Քլինթոնը և ԱՄՆ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները համախառն   մոտ տասը գիշեր անցկացրել են Քաբուլում, ինչը խոսում է այն մասին, որ Նալբանդյանի թշերը, «Սերժը թունդ արևմտամետ է» ծրագրի շրջանակներում, կրկին ենթակա են քաշքշման։

Մի խոսքով, Սարգսյան–Նալբանդյան «դուետը» դեռ շատ աշխատանքներ ունի անելու, որպեսզի հասնի և անցնի «պռախադնոյ դվոռ» դարձած Աֆղանստանին։ Իսկ Հայաստանի հասարակությունն էլ իր հերթին պետք է ամեն ինչ անի, որպեսզի «նախաձեռնողականները» շատ չչարչարվեն այդ ուղղությամբ և անցնեն չվաստակած հանգստի։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանի շրջապատին աննկարագրելի ուրախություն է պատճառել այն, որ Հիլարի Քլինթոնը գովել է Սերժ Սարգսյանին, իսկ Նալբանդյանի ուսերին էլ մի քանի անգամ թփթփացրել։ Ասում են, որ Քլինթոնն առանձնազրույցի ժամանակ նաև բարեկամական «պոնչո» և նախազգուշական «բլդուխ» է արել մեր արտգործնախարարին։ Մերոնց կողմից ձեռնարկած պատասխան քայլերի մասին ոչինչ չի հաղորդվում։

Սարգսյանին, իր շրջապատին ու սպասարկող լրատվամիջոցներին պետք է ասել, որ Քլինթոնի ասածներից շատ չոգևորվեն, քանզի Արևմուտքը տարբեր ժամանակաշրջաններում  սիրում էր գովել նաև Բեն Լադենին, Գորբաչովին, Մուբարաքին, Քադաֆիին...

Այս խորագրի վերջին նյութերը