Մեկնաբանություն

14.06.2012 13:49


Սերժ Սարգսյանի փաստաբանները

Սերժ Սարգսյանի փաստաբանները

Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, որ ինքը ԱԺ–ում հսկիչ փաթեթ է ստացել «թղթե» ձայների օգնությամբ, և որ այդ «թղթե» ձայները չեն բավարարելու 2013–ին։ Այդ իսկ պատճառով նա ձգտում էր ամեն գնով կոալիցիա կազմել ԲՀԿ–ի հետ, սակայն անհաջողության մատնվելով՝ ապավինեց հոգեհարազատ մեթոդին՝ «գեբեշնիկական» ճնշումներին։

Վարդան Օսկանյանի դեմ կազմակերպած գործընթացը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ գալիք նախագահական ընտրությունների ժամանակ շրջիկ խմբերն ու ընտրողների ուռճացված ցուցակը բավարար չեն «լավ ընտրություններ» կազմակերպելու համար։ Դրա համար էլ «էս գլխից» փորձում է խաղից հանել պոտենցիալ մրցակիցներին։

Օսկանյանի դեմ իրականացվող ուժային ու քարոզչական արշավի մեջ Բաղրամյան 26–ն այժմ ներգրավել է բոլորին։ Խաղի մեջ են մտցվել ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները՝ ԱԱԾ, ՀՀԿ–ականներ, «ընդդիմադիր» գործիչներ, «անկախ» լրատվամիջոցներ ու փորձագետներ և շարքային «ականներ»։

Իշխանության ներկայացուցիչները Օսկանյանի պահով միաբերան պնդում են, որ նախկին արտգործնախարարի ու ներկայիս պատգամավորի դեմ հարուցված «փողերի լվացման» մեղադրանքի մեջ քաղաքական ենթատեքստ չկա։ Այդ կարծիքի են «փողերի լվացման քայլող մարմնավորում» համարվող Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանի մոլեռանդ պաշտպան Էդուարդ Շարմազանովը, երթուղային գծերի մասնագետ Գալուստ Սահակյանը և այլք։ Նրանք Սերժ Սարգսյանի համար քաղաքական փաստաբանություն են անում, այսպես ասած, կացնային մեթոդով։

Ավելի «նուրբ» տեխնոլոգիաներ կիրառելով՝ վերը նշված անձանց ձայնակցում են «անկախ» լրատվամիջոցները, որոնք 37 թվի մատնագրեր հիշեցնող նյութեր են տպագրում, ԱԱԾ–ի «ստուկաչի» դերի մեջ են մտել ու քաղաքացիական արժեքներից խոսելուց ազատ ժամանակ ողջունում են Սերժ Սարգսյանի արարքը՝ Օսկանյանին մեղադրելով «Բա որ քո պաշտոնյա եղած ժամանակ այսպես էր ...» էժանագին ձևակերպումներով և ՀՀԿ ղեկավարին «բալետ» անելով։ 

Իշխանությունը Օսկանյանի դեմ մարտի է նետել նաև չափից շատ «անկախ» փորձագետ Ստյոպա Սաֆարյանին, ով համացանում իր (ի՞ր) անունից տարածել է «դանոս» հիշեցնող մի լավաշ–հոդված՝ բարձրաձայնելով իշխանության քաղաքական նպատակներն ու միանալով ԱԱԾ–ի մեղադրանքներին։

«Ժառանգության» այլ մանր–մունր անդամներ ևս ներգրավված են հակաօսկանյանական արշավին։ Ըստ երևույթին՝ ԱԺ ընտրություններից առաջ իշխանության հետ «ցուցակային» կոմպրոմիսի գնացած Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ հետևություններ է արել և «ժառանգությունը», ինչպես պարզ դարձավ այդ կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի մեկնաբանություններից, չի մտնում հակաօսկանյանական խաղի մեջ և չի բացառում «փողերի լվացման» քաղաքական շարժառիթները, ուստի նախագահականում որոշել են «Ժառանգության» հետ կապվող մարդկանց ներգրավել, որպեսզի այդ մարդկանց միջոցով փորձեն ոչ միայն  սարեր շարժել, այլ նաև անձրև բերել,  քամի անել ու ՀՀԿ առաջնորդին վերարտադրել՝ ձեռքի հետ վարկաբեկելով մայիսի 6–ից հետո իշխանամետ լրատվամիջոցների ատելին դարձած «ժառանգությանը»։

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. «Ժառանգությունը», որը հանդես էր գալիս «Լյուստրացիայի մասին» օրենքի նախագծով ու առաջարկում էր բացահայտել «կագեբեի» գործակալներին՝ հիմա շատ անհարմար վիճակի մեջ է հայտնվել։ Նկատենք, որ Օսկանյանի գործով «ժառանգության» առանձին անդամների «լյուստրաիցիան» այլևս կայացավ։ Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում է զերծ մնալ այս կեղտոտ խաղերի մեջ ներքաշվելուց, ապա պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, այլապես ստյոպաների ու մյուսների պատճառով հանրության մոտ տպավորություն կստեղծվի, որ «ժառանգության» պահվածքը համահունչ է ԱԱԾ–ի գործողություններին։

Սերժ Սարգսյանին հիմա շատ է անհրաժեշտ քարոզչական օգնություն և նա չի վարանում օգտվել նաև այնպիսի բացահայտված «ականների» ծառայություններից, ինչպիսիններից է օրինակ Անդրանիկ Քոչարյանը։ Նա արդարացրել է Օսկանյանի դեմ իշխանության սկսած արշավին և իշխանական թերթի էջերում չի կարողացել թաքցնել իր ունեցած հրճվանքն ու մանր էությունը։ «Թող գնա՝ տառապի»,– Օսկանյանի դեմ իր մաղձը թափելով հայտարարել է ՀՀԿ–ական առաջամարտիկ Ռուբեն Հայրապետյանի թևի տակ ծվարած «ականը»։

Ուշագրավ է, որ իշխանական թիմի հետ «սինխրոն» աշխատում է նաև Նիկոլ Փաշինյանը, ով քողածածկելու համար իր «ուրույն» առաքելությունը ու Սերժ Սարգսյանի դաշտում խաղալու ակնհայտ իրողությունը՝  «արմատական» դիրքերից է մեղադրում Վարդան Օսկանյանին՝ Սերժ Սարգսյանից պահանջելով է՛լ ավելի դաժան վարվել նախկին արտգործնախարարի հետ՝ մեջտեղ բերելով «մարտի 1»–ի գործը և կոչ անելով կալանավորել նրան։ Հետաքրքրական է, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քաղաքական ենթատեքստ տեսավ Օսկանյանի գործի մեջ, իսկ ահա ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ արտահայտվեց նախագահականի գծած սցենարի տրամաբանության շրջանակներում։ Փաստորեն, նախագահականում այնքան են կարևորել հակաօսկանյանական հանրային տրամադրություններ ձևավորելը, որ մարտի են նետել վերջին ռեզերվը։

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի «մարտի 1»–ի պահով կոկորդիլոսի արցունքներ թափել և հեղափոխական պաթետիզմով իբր թե խոսել Սերժ Սարգսյանի դեմ, ակնհայտ է, որ նա՝ 1) դրական է գնահատում Վարդան Օսկանյանի դեմ իրականացվող գործողությունները և 2) միանում է իշխանական քարոզչական մեքենային՝ կատարելով «ընդդիմադիր» դիքերից Օսկանյանին մեղադրողի ֆունկցիան։ Այսինքն՝ Փաշինյանը անում է այն, ինչը ձեռնտու է իշխանությանը, իսկ մնացածն ընդամենը խոսքեր են։ Մեր ժողովուրդը տարատեսակ հաճախորդներ է տեսել և մարդկանց խաբելը մի փոքր դժվարացել է։ Մի քանի ջահելի կարելի է համոզել, որ «փախած հեղափոխական» ես, բայց դե իրականությունը դրանից չի փոխվում։

Տեղին է հիշեցնելը, որ Փաշինյանը դեմ էր Լևոն Տեր–Պետրոսյանի՝ ԲՀԿ–ի մասով քաղաքագիտական վերլուծությանը՝ այդպիսով դեմ արտահայտվելով «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսին։ Փոխարենը, Փաշինյանը, Արամ Զավենի Սարգսյանի պես, երկու ձեռքով կողմ էր ՀԱԿ–իշխանություն «երկխոսությանը» և «լավաշ» հոդվածներ էր տպում  այն արդարացնելու համար։ «Երկխոսություն», որը բխում էր բացառապես Սերժ Սարգսյանի շահերից, և «հեղափոխական» Նիկոլը չէր կարող դա չհասկանալ։

Եթե Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր–Պետրոսյանից տարանջատվելու (ինչպես որ ամիսներ շարունակ նախապատրաստվում է) և հեղափոխական ու արմատական քայլերով գնալու կողմնակից է, ապա ՀԱԿ–ի գծին պետք է դեմ դուրս գար Սերժի հետ «երկխոսության» փուլում, այլ ոչ թե այն պահից սկսած, երբ առաջին նախագահը կողմ արտահայտվեց ԲՀԿ–ի ու ՀՅԴ–ի հետ համատեղ ՀՀԿ–ի քաղաքական մենաշնորհը վերացնելու օգտին։  Այնպես որ սատանի մայլում քյանդրբազություն անել պետք չէ. ամեն ինչ երևում է, ամեն ինչ՝ ֆիքսվում։

Քաղաքական գործընթացներին մասնագիտական աչքով հետևողների համար տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանը և նրան պատկանող թերթը նոր չէ, որ իշխանական քարոզչամեքենայի հետ համաքայլ են գործում։ «Հայկական ժամանակը», Լևոն Զուրաբյանի կողմից վաղուց պայթեցված իշխանական լրատվամիջոցների հետ համատեղ, մշտապես աշխատել և աշխատում է ԲՀԿ–ի դեմ՝ ըստ էության կատարելով գեղամյանի ֆունկցիան լրատվական դաշտում։ Օսկանյանի դեմ Նիկոլի հակա–PR–ն այդ շարքից է։

Եթե հիշում եք, ՀԺ–ն մշտապես «սլիվ» էր անում, թե իբր իր «հավաստի աղբյուրների» համաձայն՝ ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով է մասնակցելու ԱԺ ընտրություններին։ Հետո Նիկոլի թերթը, կրկին հղում անելով «հավաստի աղբյուրներին», շարունակ տարածում էր, թե ԲՀԿ–ն մտնելու է կոալիցիա։ Ասում են, թե երբ Փաշինյանն իմացել է, որ ԲՀԿ–ն կոալիցիա չի մտնել, սաստիկ անտրամադիր է եղել։ Այսինքն՝ Փաշինյանը քարոզչական դաշտում լրիվ Սերժ Սարգսյանի կոդերի մեջ է և պետք չէ զարմանալ, որ նա հիմա Օսկանյանի դեմ, այլ ռակուրսով, անում է այն, ինչ անում են Շարմազանովը, Ստյոպա Սաֆարյանը, Տիգրան Սարգսյանը և բացահայտված իշխանամետ կայքերը միասին վերցրած։  Թե ո՞րն է Փաշինյանի անձնական շահն այս ամենի մեջ, ժամանակը ցույց կտա։ Օրինակ, 2003–ին քչերը կպատկերացնեին, որ Արտաշես Գեղամյանը հետագայում կխոստովանի, որ Սերժ Սարգսյանի միջնորդությամբ է Ստեփան Դեմիրճյան նախագահի թեկնածուին սատարելուց հրաժարվել։ Քչերն այն ժամանակ կպատկերացնեին նաև, որ Սերժ Սարգսյանին հայհոյող և հանուն ժողովրդի փրկության «բրոնեժիլետ» հագնող «հեղափոխական» Գեղամյանը 2012–ին կհայտնվի ՀՀԿ–ի ցուցակում՝ մինչև այդ հասցնելով «դատարկ դհոլ» որակումը ստանալ նույն Սարգսյանից։ Տխրահռչակ Վիկտոր Դալլաքյան էլ Սերժ Սարգսյանին ղումարբազ էր անվանում և խոստանում ջարդել «ղարաբաղյան» կլանի ողնաշարը։ Իսկ հիմա որտե՞ղ է Վիկտորը։ Այնպես որ մարդու վերջը բարի լինի։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, այնպես ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԺ ընտրություններից առաջ և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ԱԺ ընտրություններից հետո, դարձել է իշխանական լրատվամիջոցների սիրելին։ Սրանք հիմա հակադրում են «առաջադեմ» Նիկոլ Փաշինյանին «հետադիմական» Լևոն Զուրաբյանին՝ որպես Նիկոլի «առաջադիմության» ապացույց ներկայացնելով Օսկանյանի դեմ իշխանական կոդերով աշխատելու հանգամանքը։ Ինչպես ասում են՝ «էտո սիմվոլիչնո»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը