Մեկնաբանություն

27.06.2012 16:19


Րաֆֆի Հովհաննիսյանի տարբերակները

Րաֆֆի Հովհաննիսյանի տարբերակները

Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանական ընտրությունների քարոզչական փուլում խոստանում էր սարեր շարժել, իսկ իշխանական քարոզչամեքենան էլ մայիսի 6–ից հետո «Ժառանգության» համար նախանշում էր ընդդիմադիր դաշտի լիդերի կարգավիճակ, ամեն ինչ լրիվ այլ կերպ դասավորվեց։ Նախագահական սեկտորից համալրված ցուցակով «Ժառանգությունը» մի կերպ ստացավ հինգ տոկոս, իսկ Րաֆֆին հիմա անորոշության գիրկն է ընկել ու չգիտի, թե ինչ է անելու։ Դա է պատճառը, որ նա մինչև սեպտեմբեր հուժկու դադար է հայտարարել, որից հետո միայն կորոշի՝ վերցնե՞լ մանդատը, թե՞ ոչ, մասնակցե՞լ նախագահական ընտրություններին, թե՞ ոչ։

Նկատենք, որ «Ժառանգության» առաջնորդը, մեծ հաշվով, գործողությունների չորս տարբերակ ունի։

1–ին տարբերակով Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հրաժեշտ տա քաղաքականությանն ու գնա տուն։ Այսինքն՝ իրեն պահի հիմիկվա պես։

2–րդ տարբերակով «Ժառանգության» առաջնորդը շարունակում է իշխանություններին ձեռնտու այն խաղը, որը նա սկսել էր ԱԺ ընտրություններից առաջ։ Այսինքն՝ սերժահաճո կոդերով քննադատել ԲՀԿ–ին և փորձել խանգարել «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափին։ Այս տարբերակի դեպքում  ենթադրվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրվի նախագահական ընտրություններում և կանի այն, ինչ անում էր Արտաշես Գեղամյանը 2008թ.։ Թե ինչով այս դեպքում կավարտվի նրա քաղաքական կարիերան, կարծում եմ՝ ակնհայտ է։ Լավագույն դեպքում նա հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կհայտնվի ՀՀԿ համամասնական ցուցակի 16–րդ տեղում, եթե, իհարկե, մինչև այդ ՀՀԿ–ն 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ կազմաքանդված չլինի։

3–րդ տարբերակով Րաֆֆին նախագահական ընտրությունների ժամանակ դհոլություն չի անում Սերժ Սարգսյանի համար, բայց միևնույն ժամանակ չի միանում «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափին։   Դժվար չէ կռահել, որ «Ժառանգության» առաջնորդը շատ համեստ արդյունքներ կգրանցի և հետագայում կշարժվի 1–ին տարբերակում նշված սցենարով։

4–րդ տարբերակով Րաֆֆի Հովհաննիսյանը, սթափ գնահատելով իրավիճակը և չցանկանալով դհոլություն անել, միանում է «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափին և նախագահական ընտրությունների ժամանակ չի առաջադրվում, այլ պաշտպանում է ընդդիմադիր դաշտի ֆավորիտ թեկնածուին, ով, անշուշտ, ԲՀԿ–ՀԱԿ–ՀՅԴ տիրույթից կլինի։

Սրանք էին այն տարբերակները, որոնց միջև պետք է ընտրություն կատարի Րաֆֆի Հովհաննիսյանը։ Դատելով ամենից՝ նա դեռ տվայտանքների մեջ է և որոշում չունի։

Ի դեպ, մինչ նա որոշում կկայացնի, իշխանության տարբեր շրջանակներ արդեն իսկ հաճախորդացնում են «Ժառանգության» տարբեր անդամների։ Մեկը փորձագետի կարգավիճակով է սեփականաշնորհվել, մյուսը՝ «ակտիվիստի», երրորդը՝ հակակոռուպցիոն «կոռմուշկայի» ձգտող ԱԺ պատգամավորի, իսկ մյուսներն էլ՝ ով ինչպես պատահի։ Շատ քչերն են մնացել Րաֆֆիի հույսին, իսկ հույսն էլ իր հերթին լքել է Րաֆֆիին։ Ահա այսպիսի բաներ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը