Մեկնաբանություն

08.07.2012 23:23


Ովքեր են օլիգարխները և ինչով են նրանց «ուտում»

Ովքեր են օլիգարխները և ինչով են նրանց «ուտում»

Սերժ Սարգսյանի երկդիմի քաղաքականության մասին խոսելու բազմաթիվ առիթներ են եղել։ Այդ քաղաքականությունը հատկապես դրսևորվում է Սերժի՝ իբր հակաօլիգարխիկ պայքարի մասով։ Շատ խոխմա բան է ստացվում. նախագահն ԱԺ ընտրությունների ժամանակ քարոզում էր իր շրջապատի կիսակրիմինալ դեմքերի կամ ինչպես ընդունված է ասել՝ օլիգարխների օգտին, բայց նախագահականի քարոզչամեքենան տարածում էր (է), թե Սարգսյանը հոգու խորքում ատում է նրանց։ Լավ է չեն գրում, թե ամեն անգամ, երբ Ս. Սարգսյանը կոչ է արել ընտրողներին քվեարկել Մհեր Սեդրակյանի, Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի կամ ՀՀԿ–ական մյուս գաղափարակից ընկերների օգտին, օրվա վերջում կաթ ու մածուն է կերել կամ գիշերները հոնգուր–հոնգուր լացել է բարձի տակ, որպեսզի մաքրվի։ Ինչևէ։

Իշխանական քարոզչամեքենան համառորեն փորձում է ՀՀԿ ղեկավարից ստանալ օլիգարխների դեմ ելած մարտիկ։ Մնում է միայն հասկանալ, թե ում նկատի ունեն «անկախ» լրատվամիջոցները, երբ օգտագործում են «օլիգարխ» բառը։ Դատելով ամենից՝ «անկախները» օլիգարխ ասելով հասկանում են անգամ չափից շատ հաջող կերպով արևածաղիկ վաճառողին, բայց ոչ Սերժ Սարգսյանին։

Հայաստանում առկա պետական կառավարման համակարգը շատերի, այդ թվում՝ իշխանամետ լրատվամիջոցների կողմից, որակվում է որպես քրեաօլիգարխիկ։ Հիմա, երբ ոմանք Սերժ Սարգսյանից ու Տիգրան Սարգսյանից ակնկալում են պայքար օլիգարխների դեմ, շատ անհարմար բան  է ստացվում, և ահա թե ինչու։

Եթե ընդունելի է այն տեսակետը, որ մեզանում քրեաօլիգարխիկ համակարգ է, ապա նախագահն ու վարչապետը այդ համակարգի պարագլուխներն են։ Հետևաբար, մեր երկրի թիվ մեկ օլիգարխները հենց նրանք են, ու առնվազն քաղաքական անգրագիտություն է, ասենք, «Սերժ Սարգսյանն ընդդեմ օլիգարխների» վերնագրով ընթերցողին նյութ հրամցնելը։ Ո՞րն է այդ դեպքում Ս. Սարգսյանի կարգավիճակը քրեաօլիգարխիկ համակարգում։ Կարո՞ղ է մեզ համոզեք, որ նա այդ համակարգի զոհն է։ Այս ի՞նչ ծիծաղելի մեթոդ է՝ տարանջատել Սարգսյանին քրեաօլիգարխիկ համակարգից ու դեռ մի բան էլ հակադրել այդ երկու սուբյեկտներին։

Լավ կլինի այլ կոդ մտածեն Բաղրամյան 26–ում, այլապես ստացվում է, որ Սերժ Սարգսյանը երեկոյան ուտուշ–խմուշի է մասնակցում, օրինակ, Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանում, իսկ առավոտյան սկսում է պայքարել այդ ռեստորանի տիրոջ դեմ (բնականաբար՝ «քաղաքացիական հասարակությունը պահանջում է» նախագծի շրջանակներում)։

Հարցը քաղաքագիտական ու քաղաքական տեսանկյուններից քննարկելով՝ պետք է նշել հետևյալը. քրեաօլիգարխիկ համակարգն իրենից ներկայացնում է օլիգարխիկ վերնախավի (իմա՝ մարդկանց նեղ խմբի քաղաքական իշխանության) և նրանց կից գործող կիսաքրեական տարրերի համադրությունը։ Այսինքն՝ նեմեցռուբոները և ՀՀԿ–ում տեղ գտած մյուս մականունավորները համակարգին կից ֆիգուրներ են, այլ ոչ թե համակարգաստեղծ դեմքեր։

Ռուբեն Հայրապետյանի ու նրա գլխակեր թիկնապահների պահվածքը հետևանք է այն հարաբերությունների, որոնք կառավարվում են նախագահական նստավայրի կողմից։ Եվ ուրեմն, անհնար է «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգական դեպքի կրկնության բացառման համար պայքարել առանց ապամոնտաժելու այն համակարգը, որի գլխին Սերժ Սարգսյանն է։ Ընդ որում, հարկավոր է ապամոնտաժել՝ մրցակցային միջավայր ձևավորելով։ Թե չէ Սարգսյանն ու իր նեղ թիմն էլ է ուզում ապամոնտաժել գործող համակարգը, բայց նրանք գործողի փոխարեն ուզում են ավելի վատ՝ տնտեսքաղաքական գերկենտրոնացված համակարգ ստանալ, և դա է պատճառը, որ «հակաօլիգարխիկ» դեմագոգիկ լոզունգները խրախուսվում են Բաղրամյան 26–ից, սակայն ոչ այն նպատակով, ինչի մասին կարծում են ազնիվ մղումներով պայքարի ելածները։ 

Պարզապես ինքնախաբեություն է կարծելը, թե մենք հաղթանակ տարանք Վահե Ավետյանի մահից հետո, քանի որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո Հայրապետյանը վայր դրեց մանդատը։ Այսինքն՝ ստացվում է, որ ժողովուրդն իր կողմից պետք է մարդու կյանք դնի զոհասեղանին, իսկ քրեաօլիգարխիկ համակարգը՝ մանդա՞տ։ Ես դեմ եմ նման «փոխանակմանը», մանավանդ այն պարագայում, երբ նույն Հայրապետյանը չէր էլ ուզում մանդատ ունենալ, և միայն օլիգարխիայի պնդմամբ մտավ ընտրապայքարի մեջ։ Նման «հաղթանակներից» պետք է հեռու մնալ։ Ասել է թե՝ պետք է կանխել հանցագործությունը, այլ ոչ թե ուրախանալ հասարակության «գոլորշին» բաց թողնելու PR–ակցիաներով։ 

Երբ տեսնում ես, թե ինչպես է մարդկային ողբերգությունը փորձ արվում քաղաքական մանրադրամի վերածել և դիվիդենտներ հավաքել, ստիպված ես իրերը կոչել իրենց անուններով։ Ըստ այդմ՝ քաղաքական միամտություն կամ գեղամյանություն է հակաօլիգարխիկ կոչեր անելն ու Սերժ Սարգսյանից խնդրի լուծում ակնկալելը։ Նման բան անողները, փաստացի, օժանդակում են Հայաստանում «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը և պատճառ դառնում նոր ողբերգությունների։ Չի՛ կարելի ռուբենհայրապետյանների հովանավորից պահանջել արդարադատություն։ Նման պահանջն է՛լ ավելի է այլասերում հասարակական միջավայրը։ Սա չհասկանալ, նշանակում է ոչինչ չհասկանալ կամ ուղղակի պատվեր կատարել։

Քաղաքացիական հասարակության իրական ջատագովների համար առաջնային պետք է լինի համակարգային փոփոխությունների և որպես դրա իրագործման կարևորագույն նախապայման՝ իշխանափոխության հասնելը։

Վերջին տարիները ցույց տվեցին, որ այս իշխանությունը բարեփոխումներ անելու ցանկություն, հնարավորություն և մտավոր ռեսուրս չունի։ Սա սպառված օլիգարխիա է, որն իր քայլերով սպառման է տանում նաև երկիրը, ինչը թույլ տալ չի կարելի։ Եվ ուրեմն, հակաօլիգարխիկ պայքարի գլխավոր թիրախը պետք է լինի Սերժ Սարգսյանը և 2013–ը հարմար առիթ է օլիգարխիայի դեմ իրական հաղթանակ գրանցելու համար։ Ովքեր այս կոդով չեն փողոց դուրս գալիս կամ սոցցանցերում ակտիվություն ցուցաբերում՝ կամա թե ակամա խաղում են Սարգսյանի դաշտում ու յուրօրինակ «դհոլություն» անում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը